Հասարակություն

Միքայելյանները Կոտայքի համայնքապետարանների տենդերների մշտական շահողն են

Միքայելյանները Կոտայքի համայնքապետարանների տենդերների մշտական շահողն են

Երեւան-Սեւան մայրուղում գտնվող գազալցակայանը, որը ժամանակին շահագործել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 2018 թվականի իշխանափոխությունից հետո անցավ Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաղթանակն ապահոված եւ այդ հաղթանակն արցախյան հաղթանակներից ավելի կարեւորած Սասուն Միքայելյանի ընտանիքին: Նա էլ «Լարգո-Վինչ» ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։
Արդեն մի քանի տարի է` Ծաղկաձորի եւ Հրազդանի համայնքապետարանների ծառայողական ավտոմեքենաների եւ ՀՈԱԿ-ների համար նախատեսված գազը գնվում է Մեխակ Միքայելյանի ընկերությունից:

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին հարցրիք, թե ինչպես է ստացվում, որ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ամեն տարի աճուրդով շահում է, եւ համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված բնական գազի գնման պայմանագիր է կնքում նույն ՍՊԸ-ի հետ։ «Գիտեմ, որ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն է, տենդեր է, ի՞նչ իմանամ` ով է շահում, ով ցածր գին տալիս է, նա էլ շահում է»: Գիտեք, չէ՞, թե ում է պատկանում «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն։ «Տիրոջը չգիտեմ, գիտեմ, որ վերեւի գազի լցակայանն է»:

Ծաղկաձորի համայնքապետարանի գնումների եւ զարգացման ծրագրերի բաժնից մեզ ասացին, որ արդեն մի քանի տարի է՝ աճուրդում մեկ մասնակից է լինում եւ շահում տենդերը։ Դա «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն է. «2024 թվականի համար մեր նախահաշվային գինը եղել է 1 մլն 950 հազար դրամ, «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն 1 մլն 948 հազար 880 դրամով շահել է, եւ պայմանագիրը կնքվել է 1 տարի ժամկետով: Եվս 10 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքվել համայնքապետարանի կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ի հետ: 2023 թվականին եւս նույն ՍՊԸ-ն է եղել հաղթողը, եւ 1 մլն 950 հազար դրամի պայմանագիր է կնքվել՝ համայնքապետարանի ծառայողական մեքենաների համար, եւս 9 մլն 600 հազար դրամ էլ՝ ՀՈԱԿ-ի համար: «Լարգո- Վինչ» ՍՊԸ-ի հետ 2022 թվականին ծառայողական մեքենաների համար սեղմված գազի համար պայմանագիր է կնքվել՝ 2 մլն 15 հազար դրամի, եւ ՀՈԱԿ-ի համար՝ 9 մլն 300 հազար դրամի»:

«Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա: Ծաղկաձորի համայնքապետարանի եւ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրերով գրեթե գնիջեցում չի եղել, ինչ գնով ներկայացվել է նախահաշիվը, այդ գնով էլ ընկերությունը գնել է: Օրինակ՝ 2023 թ. համայնքապետարանի ներկայացրած նախահաշիվը եղել է 1 մլն 950 հազար դրամ, եւ այդ գնով էլ ՍՊԸ-ն շահել է: Հրազդան համայնքի վարչական տարածքում գազի լիցքավորման 5 կամ ավելի կայան է գործում, բայց, բոլորիս հասկանալի պատճառով, Հրազդանի եւ Ծաղկաձորի համայնքապետարանների էլեկտրոնային աճուրդներին մասնակցում է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:

Հրազդանի համայնքապետարանում նույն իրավիճակն է, հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքապետը Սեւակ Միքայելյանն է: Միայն վերջին 3 տարվա ընթացքում երկու եղբայրների միջեւ գազի գնման համար 156 մլն դրամի պայմանագիր է կնքվել:

Նկատենք, որ սեփական բոստանը ջրելու այս ավանդույթը նոր չէ` Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ պաշտոնավարման տարիներին համայնքապետարանի կարիքների համար հայտարարված՝ սեղմված բնական գազի ձեռքբերման գնումներում հաղթող էր ճանաչում «Դանիել-Ա» ՍՊԸ-ին, որը պատկանում էր Դանիելյանին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image