Քաղաքականություն

ՀՀ նախագահը չի արձագանքում Տեր-Պետրոսյանի 80-ամյակը պետականորեն նշելու առաջարկին

ՀՀ նախագահը չի արձագանքում Տեր-Պետրոսյանի 80-ամյակը պետականորեն նշելու առաջարկին

«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի անդամները տարեվերջին դիմել են ՀՀ նախագահին, առաջարկելով ՀՀ հիմնադիր Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում կազմակերպել։ Անցել է մոտ 1 ամիս, բայց նախագահ Վահագն Խաչատուրյանի գրասենյակից ոչ մի պատասխան չկա։ «Մենք էլեկտրոնային նամակ ենք ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, խնդրել ենք անձնական հանդիպում, հատուկ միջոցառում ծրագրել առաջին նախագահի ծննդյանը նվիրված և քննարկում կազմակերպել այդ հարցի շուրջ։ Առանձնապես աղմուկ չենք բարձրացրել, որ շոուի չվերածվի Ամանորից առաջ, բայց մինչ օրս պատասխան չունենք», - ասում է ԳԽ նախկին պատգամավոր Սամվել Տոնոյանը։

Նա ժամանակին ԳԽ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն էր, նաև ուսումնասիրում էր խաբված ավանդատուների գանգատները։

«Մենք չենք կարողանում գնահատել պատմությունը, մեր անցած օրերը, ժամանակը։ Մեր երազած Հայաստանի ճանապարհին մեզ առաջնորդել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ եթե մենք տասը կամ հինգ մեծեր ենք ունեցել, սկսած Հայկ Նահապետից, ապա Տեր-Պետրոսյանը այդ հնգյակի մեջ է մտնում, և իհարկե, նրա ծննդյան 80-ամյակը պետք է նշվի պետականորեն», - ասում է Սամվել Տոնոյանը։  

ՀՀ նախագահ, Տեր-Պետրոսյանի նախկին համակիր, նրա օրոք բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցրած Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակը ստորագրել են նաև նախկին ԳԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Լևոն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը երեկ էր՝ հունվարի 9-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image