Մինչ պրոարևմտյան ուղղվածություն ունեցող պետությունները բոլոր ասպեկտներում, այդ թվում` կրթական, առաջընթաց են արձանագրում և զարգացում ապրում, Հայաստանն օր օրի հետ է գնում: Օրվա իշխանությունները սիրում են իրենց արևմտամետ երևակայել, իսկ Հայաստանը` պրոարևմտյան երկիր, բայց ոչ մի գործնական քայլում արևմտականություն չենք տեսնում: Օրինակ` Երևանի պետական համալսարանի կայքէջից տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ջավահարլալ Նեհրուի համալսարանի (Հնդկաստան) ռեկտոր Սանտիշրի Դուլիպուդի Պանդիտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու կրթական և գիտական կապերը, խթանելու համատեղ ծրագրերի իրականացումը և ընդլայնելու ակադեմիական շարժունությունը։
Հայտարարության մեջ ասված է, որ ԵՊՀ-ի համար հուշագիրը ստեղծում է նոր հնարավորություններ միջազգային համագործակցության շրջանակում։ Մասնավորապես՝ այն հիմք է դառնում Հնդկաստանի առաջատար համալսարաններից մեկի հետ կայուն գործընկերության ձևավորման համար՝ ընդլայնելով ԵՊՀ միջազգային համագործակցության աշխարհագրությունը և բարձրացնելով համալսարանի ճանաչելիությունը միջազգային ակադեմիական հարթակներում։
Համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեկնարկելու համատեղ գիտահետազոտական նախագծեր՝ կողմերի փոխադարձ հետաքրքրությունների և օրակարգի համաձայն։ Կարևոր ուղղություն է նաև ակադեմիական շարժունության զարգացումը դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման միջոցով, ինչը կնպաստի գիտական ու կրթական փորձի փոխանակմանը և նոր մեթոդների ներդրմանը։
Հուշագրով նախատեսվում է նաև համատեղ նախաձեռնությունների իրականացում համաժողովների, բաց դասախոսությունների, ամառային դպրոցների և սեմինարների ձևաչափով՝ ԵՊՀ-ում ստեղծելով ակադեմիական նոր միջավայր ու լրացուցիչ հնարավորություններ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար։ Միաժամանակ, համագործակցությունը կաջակցի կադրային ներուժի զարգացմանը՝ կրթական ծրագրերի արդիականացման, կառավարման և որակի ապահովման ոլորտներում փորձի փոխանակման միջոցով։
Բայց հարց է ծագում, ինչո՞ւ արևմտամետ Հայաստանում մայր բուհը որևէ համագործակցության հուշագիր չի ստորագրում եվրոպական, ամերիկյան բուհերի հետ: Հնդկաստանն ու իր միջինից ցածր մակարդակի բուհերը այդ երբվանի՞ց դարձան այդքան կարևոր....