Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արեւմտյան պարսպապատի եւ աշտարակների նորոգման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն ավարտվել են:
Մասնավորապես՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի եւ աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով եւ մինչեւ սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով:
Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից եւ միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի վրա տեղադրվել է բազալտե անկանոն թերթաքարերով պաշտպանիչ ծածկաշերտ՝ ապահովելով ջրերի ուղղորդված հեռացումը եւ այլն։
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025-ի համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման եւ վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։