Քաղաքականություն

Իսկ ձեր «սերը» նման է որդի

Իսկ ձեր «սերը» նման է որդի

«Ինքս ելակ եմ սիրում, բայց ձկները որդ են սիրում։ Ձկնորսության գնալիս տանում եմ որդ, ոչ թե ելակ»։ Ամերիկացի գրող Դեյլ Քարնեգին «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» իր գրքում առաջարկում է մարդկանց վրա ազդել համապատասխան խայծով։ Եվ ահա հիմա ընտրությունից առաջ ընտրված է «սիրում եմ բոլորիդ» սրտխառնոց առաջացնող «որդը», քանի որ նա դուրս է եկել «ձկնորսության» և կարծում է, որ իր ընտրողն, ինչպես ձուկը, չունի ոչ հիշողություն, ոչ վերլուծելու ունակություն, և ոչ էլ ինքնապաշտպանական բնազդ։ Կարծում է, որ բոլորը հավատալու են այդ աներևույթ սիրուն։ Նա ուղղակի գիտի, որ այդ ընտրողն ունի սիրո կարիք։ Տարիներ շարունակ նա չի զգացել իշխանության սերը՝ գործողություններով։ Տեսել է և՛ անարդարություն, և՛ զրկանք, և աղքատություն՝ կենցաղային մակարդակում։ Նա զգացել է իրեն քաղցած ու չսիրված, իսկ կենցաղայինից դուրս նա չի կարողացել տեսնել ու գնահատել ոչինչ՝ ոչ կառուցվող փողոցներ ու կամուրջներ, ոչ պողոտաներու դպրոցներ, ոչ հաղթած ու կառուցվող Արցախ․․․

Հնարավո՞ր է արդյոք սիրել բոլորին, և ովքե՞ր են այդ բոլորը։ Արդյո՞ք այդ բոլորի մեջ եմ ես և դու՝ մարդիկ, ովքեր չեն ցանկանում հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ջարդել եկեղեցու դռները, չեն ուզում հոգևորականին տեսնել բանտարկված, չեն ուզում համարել, որ պատմության այն պահը, երբ պառակտված է հանրությունը, կորսված Արցախը, վարկաբեկվում է հավատն ու եկեղեցին, ամենալավն է հայ մարդու համար, և չեն ընդունում, որ երազել են այսպիսի ապագա։ Այդպիսի մարդկանց՝ մեզ, սիրու՞մ է արդյոք վարչապետը։ Իհարկե՝ ոչ։ Սիրո՞ւմ է արդյոք նա մարդկանց, ովքեր գալիս են պատարագի՝ դժգոհության, մեղքի ու վախի զգացումը դեմքին։ Սիրո՞ւմ է, օրինակ, այդ պատարագներին իր պատճառով հիվանդանոցից դուրս եկած ու ցավի մեջ կանգնած մարդուն, որն առանց պարտադրանքի այդտեղ չէր լինի։ Նա սիրո՞ւմ է այն քաղաքապետներին, որոնց կդատապարտեր ամենասուր խոսքով, եթե լիներ ոչ թե վարչապետ, այլ լրագրող, այն մարդկանց, որոնցից կզզվեր ու, ինչպես նախկինում, կասեր, որ նրանք դեգեներատներ են։

Նա վստահաբար գիտի, թե ինչպիսին կարող է լինել դեգեներատը, և սիրո՞ւմ է արդյոք նա բարոյապես ու անգամ արտաքնապես դեգեներատներին։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն՝ ու՞մ է նա սիրում։ Թոշակառուների՞ն, որոնք անգամ չեն կարող իրենց երկու կոպեկը խելամիտ ծախսել, դատավորների՞ն, որոնք «վնգստում են», աղքատների՞ն, որոնց աղքատության միակ պատճառն «իրենց գլխում է», «կրթվելու նորաձև լինելը» չիմացող հանրության մյուս «դուրսպրծուկներին»։

Եվ եթե սիրո այս չուլանը քրքրենք, կպարզենք, որ չկան մարդիկ, որոնց նա սիրում է, և չկա անհրաժեշտություն մարդկանց սիրելու, քանի որ չեն ընտրում սիրո համար, եթե հարցը ամուսնությունը չէ։ Եթե հարցն ընտրությունն է, ընտրում են կոնկրետ գործերի՝ արդեն արված կամ անելիք գործերի համար։ Եվ ուրեմն՝ ինչու՞ է որպես խայծ ընտրված սերը՝ այդ անդեմ, անպատասխանատու, անհետևանք ու անապացուցելի երևույթը։ Հարցն ունի պատասխան. ընտրված է սերը, որովհետև չկան արված գործեր, որոնցով կարելի է հպարտանալ ու հիշեցնել դրանք։ Չկա, օրինակ, Աջափնյակի մետրոկայարանը, որ հիմա էլ խոստանան, թե կլինի մի նոր կայարան, ասենք՝ Մասիվում։ Գուցե շռնդալից ներդրումնե՞ր են եկել։ Գուցե Հայաստանն արտադրում է հեռուստացո՞ւյց և սառնարա՞ն։ Գուցե արդեն կոռուպցիա չկա, և արդարադա՞տ է դատավորը։ Իսկ գուցե կարմիր գծերն ու արագաչափերը վերացե՞լ են, մարդիկ այլևս դադարել են լինել «տուգանքի ապրանք»։ Իսկ գուցե «Արցախը Հայաստան է և վե՞րջ»։ Թերևս՝ ոչ։

Հետևաբար, միակ «հույսը» մնում է այն, որ մարդիկ կհավատան, թե՝ չնայած ամեն ինչին, իրենց սիրում են։ Ամեն օր։ Բոլորին։ Անկեղծ ու գորովանքով։ Սրտիկով։ Բոլոր ոճերի երաժշտությամբ՝ երկրի վրա, համացանցում և երկնքում։ Ամպի չափ սիրում են․․․ Ակնկալվում է, որ մարդիկ կհավատան և փոխադարձաբար իրենց կսիրեն։ Ցանկացած մխիթարանքով, ցանկացած սփոփանքով, թեպետ՝ ափսոսանքով, բայց կսիրեն՝ ինչպես սիրում են իրենց, ասենք, ֆիզիկապես և հոգեպես տկար, բայց անբան ու ամբարտավան, անշնորհակալ ու մեծախոս, բազմիցս իրենց վնաս տված, գուցե թմրամոլ, գուցե ծնողին հայհոյող, գուցե անգամ ծեծող զավակին։ Զավակին չէ՞ որ սիրում են՝ անկախ ամեն ինչից․ թեկուզ նա չի արդարացրել իրենց սպասելիքները, թեկուզ միայն ցավ ու վնաս է տվել, բայց սիրում են անշահախնդիր ու անբացատրելի սիրով, և ինչ էլ նա անի՝ պիտի ներվի ու սիրվի՝ «դե սրիկա է նա, բայց մեր սրիկան է» կարգախոսով։ Այլապես ինչո՞ւ է որպես խայծ ընտրվել հենց «սերը»։

Հաշվարկը պարզ է։ Պարզ չէ՝ թե ինչպես կարելի է ամեն առավոտ խոստովանել սեր՝ բոլորին։ Ինչպես կարելի է անհաշվելի, բայց բարձր այդ արժեքը վատնել որպես մանրադրամ, խայծ և որդ։ Որքան պետք է լինել տկար ու միամիտ՝ այդ խայծն ուտելու համար, երբ այնուամենայնիվ ուզածդ ելակ է։

Շաքե Ավոյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image