«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», ինչպես հայտնի է, շուրջ մեկ շաբաթ է՝ չի գործում։ Գրել էինք, որ գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերացնել աշխատանքների դադարեցումը և թույլ տալ շարունակել բնականոն գործունեությունը։
Աշխատակիցների խոսքով՝ ստեղծված իրավիճակը խաթարել է ողջ արտադրական գործընթացը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես աշխատողների, այնպես էլ ձեռնարկության գործունեության վրա։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենք գոհ են եղել ընկերությունում ստեղծված աշխատանքային պայմաններից և շնորհակալ են գործատուին՝ կայուն աշխատանք ապահովելու համար։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չեն ունեցել։
«Մենք շնորհակալ ենք, որ ունենք աշխատանք և միշտ ժամանակին ստացել ենք մեր աշխատավարձերը։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ այս իրավիճակում ինչ պետք է անենք։ Մեզանից շատերն ունեն վարկեր, պարտավորություններ, ուսանող երեխաներ։ Ո՞վ է մտածելու այդ խնդիրների մասին»,- ասել է աշխատակիցը։
«Պարտքերը ո՞նց ենք փակելու, ինքը մեր փոխարեն կանի՞ էդ ամեն ինչը, իհարկե՝ ոչ»,- պնդել է նա՝ հավանաբար նկատի ունենալով Փաշինյանին: