«Բռունցքդ բեր» նախաձեռնության 5 անդամի դեմ վարչական վարույթներ են հարուցված, նյութերն ուղարկվել են դատարան։ Դատերը նշանակված են տարբեր օրերի։ Տղաներից յուրաքանչյուրին տուգանելու են 50 հազար դրամի չափով` ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Իսկ օրինական պահանջն առնվազն ծիծաղելի է՝ ապրիլի 26-27-ին Ազգային ժողովի մոտ, Երեւանի Կենտրոնի փողոցներում իրականացված ակցիաների ժամանակ նրանք բարձրախոս են օգտագործել, ինչը ոստիկանությունն արգելել էր։
Այդ օրերին «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները, ի աջակցություն տավուշցիների, պաստառներ էին փակցրել ԱԺ դարպասին՝ վանկարկելով․ «Երկրի տեր, բռունցքդ բեր, բռունցքդ բեր», «Տավուշն իմ տունն է, հաջորդը քո տունն է», եւ ԱԺ-ից պահանջում էին անվստահություն հայտնել գործող կառավարությանը։
Նախաձեռնության հիմնադիրներից Սլավիկ Ալավերդյանը պատմում է․ «Ոստիկանի պահանջը եղել է բարձրախոս չօգտագործելը, մինչդեռ ոչ մի իրավական հիմք, օրենք չկա, որով սահմանված է բարձրախոս չօգտագործելը։ Անգամ եթե այդպես է, հինգ հոգուց մեկն է բարձրախոսով խոսել, բայց բոլորին են բերման ենթարկել ու մեղադրականի մեջ գրել են՝ բարձրախոսով խոսելու փորձի համար, որն աբսուրդ է։ Այդպես, անապացույց մարդուն կարելի է ցանկացած բանի փորձի համար էլ մեղադրել։ Ես, օրինակ, բարձրախոսից 10 մետր հեռու եմ կանգնած եղել եւ անցորդներին բուկլետ էի բաժանում էդ պահին, զրուցում էի քաղաքացիների հետ։ Ինչի՞ց ենթադրեցին, որ դա բարձրախոս օգտագործելու փորձ է։ Մեր դատերը մինչեւ հաջորդ տարվա մարտն են նշանակված, այսինքն՝ մեկ գործով բերման են ենթարկել 5 հոգու, միեւնույն մեղադրանքով, բայց դատերը հոկտեմբերից մինչեւ մարտ տարբեր օրերի են նշանակել, երեւի, որ մարդկանց ուշադրությունը չգրավեն»։
Տղաները պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել դատարան։
Մեր զրուցակիցն ասում է, որ ոստիկանությունը թույլատրել է հավաքը, բայց՝ առանց բարձրախոսի, իսկ հայցադիմումի մեջ հղում են կատարում հավաքն արգելելու վերաբերյալ դրույթներին, մինչդեռ իրենք ոչ թե արգելել են, այլ թույլատրել այն։ «Կամ, ասենք, հղում են կատարում այն փաստին, որ մեր հավաքը կարող էր սպառնալ ԱԺ բնականոն աշխատանքին, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել երեկոյան 7-8-ին, շաբաթ օրով, երբ ԱԺ-ն չի աշխատում, հանգստյան օր է։ Կարծում եմ՝ դատարանը կարող էր մերժել հայցադիմումը, ոչ թե ընթացք տար»։
Սլավիկ Ալավերդյանը ոսկեպարցի է։ Նա պատմում է, որ նախկինում ամուր պետական սահմանի փոխարեն այսօր Կիրանց-Ոսկեպար սահմանային հատվածում փշալար է անցնում։ Այս փշալարն է այժմ սահմանը, իսկ մեր սահմանապահներն անգամ չեն էլ երեւում։ Այն բոլոր խոստումները, որ եթե գյուղացիները կարիքը զգան, մենք էնքան սահմանապահ գյուղերում կդնենք, որ վտանգ չզգան, հեքիաթ էին, օդ։ «Փաստացի, դեպի Վրաստան գնացող միակ միջպետական ճանապարհին ոչ մի սահմանապահ չի երեւում։ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրենց աշխատանքն իրականացնում են ինչ-որ անտեսանելի, փոքր թաքստոցներից, որոնք չեն երեւում մարդկանց աչքին»,- ասում է «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամը։
Ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքներն ավարտվել են հունիսին, նոր ճանապարհ է կառուցվել, նոր կամուրջ։ Կիրանցի հատվածում սահմանի մի մասը մետաղական պատնեշ է, մնացածը՝ փշալար։ «Աշխատանքներն իրականացվել են սեփական ժողովրդից թաքուն, ոստիկանները փակել են ճանապարհները, որ ժողովուրդը չտեսնի, թե ինչ է իրականում կատարվում, որտեղով է անցնում սահմանը։ Պետք է ստորագրվեր փաստաթուղթ, ընթացակարգ, կանոնակարգ, որով շարունակվեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսը․ դա մենք չունեցանք, գործընթացը կանգ առավ, պարզապես Ադրբեջանը ստացավ տարածքներ, մենք դրա դիմաց ոչ մի բան չստացանք, մնացած տարածքների հարցն էլ մնաց անորոշ»,- կատարվածն ի մի է բերում Ալավերդյանը։
Հիշեցնենք․ «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը համեմատաբար նոր է, ձեւավորվել է այս տարվա մարտին, երբ միակողմանի զիջումների դեմ հանդես եկող մի խումբ տղաներ՝ ավելի վաղ ստեղծված «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներից, որոշեցին պաշտպանել Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի անվտանգությունը։ Նրանք իշխանության հրաժարականի պահանջով կամ քաղաքական կոչերով հանդես չեն եկել, ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության նպատակներ չունեն, անգամ Փաշինյանի հրաժարականը չեն պահանջել։ Մարտի 18-ից, երբ վարչապետն այցելել էր Ոսկեպար եւ խոսել Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերը վերադարձնելու պահանջի մասին, տղաների համար պարզ էր, թե դեպի ուր է փչելու քամին։ Ոսկեպարը 4 գյուղերից միակն էր, որն ուղերձ կազմեց, ստորագրեց ու վարչապետի հետ հանդիպման ժամանակ հանձնեց նրան։ Հանդիպումը տեւել էր 3,5 ժամ, որից միայն 45 րոպեն հրապարակվեց` անվտանգային նկատառումներով։
Հետագայում «Բռունցքդ բեր»-ը ակցիաներ իրականացրեց Երեւանում՝ Մաշտոցի պուրակում, Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի հարեւանությամբ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումներ եղան, հրապարակեցին լայվերով, բայց, միեւնույն է՝ հասարակության մեծ մասը, ըստ Սլավիկ Ալավերդյանի, այդպես էլ չհասկացավ, թե իրականում ինչ է կատարվում։ Հիմա էլ կան մարդիկ, որ նրան հարցնում են՝ Ոսկեպարը ո՞րն ա։