Եվրոպացիները` եվրաչինովնիկները, որոշել են մինչեւ վերջ բացահայտել իրենց էությունը` այլակարծության ցանկացած մերժում եւ բռնապետության հաստատման խրախուսում: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն արդեն երկրորդ անգամ է հայտարարել, որ օգնելու են Հայաստանին՝ արտաքին միջամտություններից պաշտպանվելու համար: Բայց այս անգամ նա բացահայտել է, որ դա անելու են Հայաստանի խնդրանքով: «Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզնից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»,- ասել է Կալլասը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ: Այդ հավաքին մասնակցում է նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող, բայց ԵՄ-ից վասալային կախվածություն ունեցող Հայաստանի ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը: Թերեւս հենց Միրզոյանն է փոխանցել Հայաստանի խնդրանքը:
Կալլասը հստակ ասում է, թե ումից են մտադիր պաշտպանել Հայաստանը` Ռուսաստանից, ասելով, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանն ակտիվացրել է իր «ապատեղեկատվական արշավը»: Ի տարբերություն տիկին Կալլասի, ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի տեղակալ եւ նրա կողմից համատեղության կարգով էկոնոմիկայի նախարար նշանակված Գեւորգ Պապոյանն այդքան համարձակություն չունի Ռուսաստանի անունը տալու, վաղը, մյուս օրը կարող է հանկարծ հարց առաջանալ, ու Պապոյանը կասի, թե ով է ասում, որ ինքը Ռուսաստանին նկատի ուներ, ինքն ԱՄՆ-ին կամ Ավստրիային նկատի ուներ: Երբ Պապոյանին հարցնում են, թե արդյո՞ք Ռուսաստանն է Հայաստանի վրա հարձակվողը, նա չի հստակեցնում հարձակվող երկրի անունը. «Ես որեւէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ՝ կլինի դա նախկին պաշտոնյա, այլ երկրի օլիգարխ, թե որեւէ այլ մեկը, եթե նա կփորձի ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշառքի, կեղծ լուրեր տարածելու, ընդհանրապես՝ ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ պարտավորությունն է՝ պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը։ Դրա համար պետք է ունենա, այո, փող, անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ»։
Թեեւ Պապոյանը չգիտի, թե որ երկրի հարձակումից են իրենք պաշտպանում ժողովրդավարությունը, սակայն նրա պատասխանից պարզ է դառնում մեկ այլ հարցի պատասխան, թե ինչի համար է Հայաստանը դիմել ԵՄ-ին, ինչ է ակնկալում ԵՄ-ից` Ռուսաստանի հարձակումից պաշտպանվելու համար` փող, ուժ եւ գիտելիքներ: Իհարկե, Պապոյանին գիտելիքներ չափազանց անհրաժեշտ են, դրանում որեւէ կասկած չկա, բայց ԵՄ-ում նրան այդ հարցում դժվար թե կարողանան օգնել, Կայա Կալլասն իր ինտելեկտուալ հնարավորություններով ոչնչով չի տարբերվում Պապոյանից, հետեւաբար՝ դժվար թե ինչ-որ բան կարողանա փոխանցել նրան:
Ինչ վերաբերում է ուժին եւ փողին. ի՞նչ նկատի ունի Պապոյանն ուժ ասելով: Արդյո՞ք ԵՄ-ն պետք է Հայաստան զինված վարձկաններ, մասնավոր ռազմականացված կազմակերպություններ ուղարկի, որոնք պետք է պայքարեն իշխանության քաղաքական հակառակորդների դեմ, այստեղ քաղաքական սպանություններ եւ հաշվեհարդարներ կազմակերպեն: Այո, մի զարմացեք` դա շատ հավանական է, քանի որ դա նրանք արդեն արել են այլ երկրներում: Իսկ ի՞նչ պետք է անեն փողն ընտրություններում, ինչպե՞ս պետք է օգտագործվի ԵՄ-ից ստացված փողը` այդ վարձկաններին վարձատրելո՞ւ, թե՞ ընտրակաշառք բաժանելու կամ քաղաքական հակառակորդներին կաշառելու համար: Հնարավոր է, բայց` ոչ միայն:
Ավելի հավանական է, որ այդ փողն օգտագործվելու է ուժային կառույցների աշխատակիցներին կաշառելու, ապօրինությունների դիմաց նրանց վարձատրելու համար: Ոստիկանությունը, այլ ուժային կառույցներ անմիջականորեն ներգրավված են լինելու իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու գործում: Միայն աշխատավարձով նրանց չես ստիպի մասսայական ապօրինությունների գնալ, պետք են ֆինանսական այլ խթաններ եւ շահագրգռվածություն, պետական միջոցներն ակնհայտորեն չեն բավարարելու՝ այդ մարդկանց, իրենց ապօրինությունների դիմաց վարձատրելու համար: Այս հարցում եւս ԵՄ տված օգնությունը պետք կգա:
Այն, որ ԵՄ-ն պատրաստվում է անմիջականորեն ներգրավվել Հայաստանի ընտրություններում, անմիջականորեն պահել այս իշխանությանը, օգնել նրան` ոչնչացնելու քաղաքական հակառակորդներին, այլեւս կասկած չի հարուցում: Հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պատրաստ է պայքարել իշխանություն-ԵՄ դաշինքի դեմ, արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է հայտարարել, որ Հայաստանը փաստացի գտնվում է ԵՄ-ից վասալային կախվածության մեջ, եւ կոչ է անում հասարակությանը՝ համախմբվել Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը վերականգնելու գաղափարի շուրջ: Ակնհայտ է, որ նման տրամադրվածություն Հայաստանի ընդդիմադիր դաշտում գոնե այսօր գոյություն չունի, ընդհակառակը՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասը շարունակում է ԵՄ-ին դիտարկել որպես լուսավորության եւ առաջադիմության ուղեցույց եւ որեւէ պարագայում չի պատրաստվում փչացնել հարաբերություններն այդ կառույցի հետ, անգամ՝ Հայաստանի կործանման պարագայում: