ԿԳՄՍ նախարարությունն օրերս թվային սանդղակով ներկայացրեց գիտական համակարգի աշխատողների աշխատավարձերի դինամիկան 2021-2025 թվականների համար։ Ըստ այդմ՝ լաբորանտ ճարտարագետ - 2021թ.՝ 67 հազար 300 դրամ, 2025թ. հունվարի 1-ից՝ 138 հազար 300 դրամ, աճը՝ 105%, ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ - 2021թ.՝ 76 հազար, 2025թ. հունվարի 1-ից՝ 179 հազար, աճը՝ 135%, կրտսեր գիտաշխատող - 2021թ.՝ 85 հազար 800, 2025թ. հունվարի 1-ից՝ 210 հազար, աճը՝ 145%, գիտաշխատող - 2021թ.՝ 90 հազար 400, 2025թ. հունվարի 1-ից՝ 276 հազար, աճը՝ 205%, ավագ գիտաշխատող - 2021թ.՝ 99 հազար, 2025թ. հունվարի 1-ից՝ 343 հազար, աճը՝ 246%, առաջատար գիտաշխատող - 2021թ.՝ 114 հազար 300, 2025թ. հունվարի 1-ից՝ 443 հազար 800, աճը՝ 288%, գլխավոր գիտաշխատող - 2021թ.՝ 138 հազար 100, 2025թ. հունվարի 1-ից՝ 552 հազար 900, աճը՝ 300%, գիտական խմբի ղեկավար - 2021թ.՝ 129 հազար 100, 2025թ. հունվարի 1-ից՝ 410 հազար, աճը՝ 217%, գիտական ստորաբաժանման ղեկավար - 2021թ.՝ 141 հազար 400, 2025թ. հունվարի 1-ից՝ 477 հազար 200 դրամ, աճը՝ 238%։
Սակայն թե՛ ԿԳՄՍՆ-ի, թե՛ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի սոցիալական էջերում ակտիվ քննարկում էր ծավալվել ներկայացված թվերի շուրջ, եւ գիտաշխատողներից մեկը նկատել էր․ «Գիտեք, թվերը շատ մեծ են երեւում, բայց բարձրացած հարկերի եւ թանկացումների վրա կարծես աշխատողի համար նույն 90 հազարն է մնացել։ Կխնդրեի մանրամասնել՝ մաքո՞ւր աշխատավարձի մասին է խոսքը, թե՞ կեղտոտ, քանի որ շատ թվեր մինչեւ անցած տարի չեն համապատասխանել գրվածին։ Նաեւ կխնդրենք հրապարակել, թե քանի առաջատար եւ գլխավոր գիտաշխատող կա Հայաստանում, որոնց աշխատավարձն աճել է 288 եւ 300 տոկոսով»։
Գիտնականներից մեկը հետաքրքրվել է, թե որ կատեգորիայի մեջ են մտնում բուհերի դասախոսները, որոնք ունեն գիտական աստիճան եւ կոչում, ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ, բայց ստանում են ցածր աշխատավարձ․ «Ոչ մի կարգավորում չկա՞ այդ մարդկանց համար։ Ինչո՞ւ նրանք չեն համարվում գիտաշխատող։ Ես ամբողջ կյանքս հետազոտական ծրագրեր եմ անում, տպագրվում են բարձր վարկանիշներով հանդեսներում, իմ հիրշ ինդեքսն ավելի բարձր է, քան իմ ոլորտի գիտնականների 90 տոկոսի, բայց ինձ գիտնական չեն համարում»։
Ի պատասխան այս գրառման, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից պարզաբանել են, որ ակտիվ գիտական գործունեություն ծավալող դասախոսները կարող են դառնալ Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շահառու։ Ինչը, սակայն, ըստ գիտաշխատողների, բավարար չէ․ «Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, հարցը միայն դրամաշնորհները չեն։ Ես այս պահին երկու դրամաշնորհ ունեմ, բայց դա իմ կարգավիճակը չի փոխում։ Դասախոսի աշխատավարձը շատ ցածր է, եւ այն չի ներառում իր աշխատանքի գիտական կոմպոնենտը։ Կոպիտ ասած, մենք կարող ենք գիտությամբ զբաղվել, բայց աշխատանքից ազատ ժամանակ։ Այնինչ, Ակադեմիայի աշխատողը 5 տարում ընդամենը 1 հոդված հրապարակելով, հանգիստ կարող է ապրել, չլարվելով։ Իսկ ես, որ հա՛մ դասավանդել հասցնեմ, հա՛մ գիտական աշխատանքը, պիտի հանգիստ ու արձակուրդ ընդհանրապես չունենամ։ Իմ լուծումը հետեւյալն է՝ պետք է գիտությունը կենտրոնացնել համալսարաններում եւ դասախոսական ու գիտական գործունեության ժամերը միավորել մի հաստիքի մեջ բոլոր ֆունդամենտալ գիտությունների համար։ Քանի որ չհետազոտող դասախոսը չի կարող պատրաստել ապագա գիտնականներ»։
Մեկ ուրիշի դիտարկմամբ էլ, դրամաշնորհային ծրագիրը չի կարող փոխարինել ամսական աշխատավարձին․ «Ստացվում է՝ նույն ճանապարհով անցած մարդիկ, որոնք նույն ԲՈԿ-ով հաստատված աստիճաններ ու կոչումներ ունեն եւ բավական մեծ հանրույթ են կազմում, նաեւ արդյունավետությամբ չեն զիջում Ակադեմիայի աշխատակիցներին, արհամարհված են պետության կողմից։ Դասախոսական կազմին չեն վերաբերում նաեւ մանկավարժական եւ ուսուցչական բարեփոխումները։ Հիմա նորից ինձ բացատրեք՝ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում բուհական դասախոսները՝ ըստ ձեր բարեփոխումների»։ Կոնսերվատորիայի դասախոսներից մեկն էլ նկատել է, որ երաժշտության ոլորտում միակ բարձրագույն բուհը Կոնսերվատորիան է, սակայն․ «Տեղյա՞կ եք, թե ինչ ամոթալի աշխատավարձ ենք ստանում Կոնսերվատորիայում՝ աշխատելով ու նվիրելով մեզ արվեստին»։
Գիտնականներից մեկն էլ չվճարվող արձակուրդի մասին է բարձրաձայնել․ «Միաժամանակ, գիտաստիճանի համար ամենամսյա հավելավճարի վերաբերյալ տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որի՝ չվճարվող արձակուրդի մեկնողները զրկվում են այդ ժամանակահատվածի համար տրվող գիտական կարգավիճակի ամսական հավելավճարից։ Այստեղ ի՞նչ հիմնավորում է դեր խաղացել, ովքե՞ր են հեղինակել այս նախագիծը, ինչպե՞ս են բացատրել։ Այսինքն՝ եթե թեկնածուն կամ դոկտորն արձակուրդ են վերցնում, գիտական աստիճանակարգն այդ օրերին անհետանո՞ւմ է, թե՞ գիտական ստեղծագործականությունը մնում է աշխատավայրի կաբինետի դարակում կամ դիմումի մեջ։ Արդյո՞ք նույն մոտեցումը պիտի կիրառեն զինվորականության կամ պաշտոնաթող պատգամավորների վրա (շատերը պաշտպանելով չեն գտնվում գիտության մեջ, ստանո՞ւմ են այդ հավելավճարը): Եթե անցյալից մնացած ավանդույթով կարգավիճակի տնտեսական արժեւորում է, կարո՞ղ է արժեր ներառվեր հարկվող աշխատավարձին»։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասում է՝ կառավարության դեռ 2021-ի որոշմամբ սահմանվեց 4-ամյա կտրվածքով աշխատավարձերի բարձրացում, եւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումներն այն թվերով, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը․ «Բայց այդ բարձրացման համար պահանջվեց անցկացնել գիտաշխատողների համապետական ատեստավորում, որն իրականացվեց 2021-ի աշնանը, այդ ատեստավորման արդյունքում 22-ի հունվարի 1-ից տեղի ունեցավ աշխատավարձերի բարձրացում, այդ բարձրացումը շարունակվեց 23-24-ին, այն ձեւով ու չափերով, որ կար որոշման մեջ»։
Քանի՞ առաջատար եւ գլխավոր գիտաշխատող ունենք Հայաստանում, որոնց աշխատավարձն աճել է 288 եւ 300 տոկոսով։ «Տոկոսներով չեմ կարող ճշգրիտ ասել, բայց էական է։ Օրինակ, մեր ինստիտուտում (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը) 80-100 հոգանոց կազմից կլինեն մի 10 հոգի, որոնց աշխատավարձը եռապատիկ աճել է։ Այս պատկերը մոտավորապես նույնն է բոլոր ինստիտուտներում՝ գրեթե 10-15 տոկոսի մոտ, կրկնապատիկ աճը վերաբերել է մոտ 30-40 տոկոսին, մնացյալի դեպքում էլ՝ մեկուկես անգամի չափով։ Ամեն դեպքում, վատ չէ եւ էական է այդ աճը։ Բացի ամենացածր տարակարգերից, հիմնականում բոլորի մոտ առնվազն կրկնապատիկ աճ կա»։
Թե ինչու է այդ աշխատավարձերի բարձրացումը շրջանցել բուհերում աշխատող գիտաշխատողներին, Ա․ Իշխանյանն ասում է՝ քաջատեղյակ չէ բուհական վիճակից, բայց ենթադրում է՝ խնդիրն այն է, որ «այդ բուհերի աշխատողները գրված չեն գիտական թեմաների վրա, այսինքն՝ իրենք ավելի շատ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ են, հավանաբար՝ այս նրբությունը կա, որը չգիտեմ, թե ինչ լուծում եւ ինչ ընթացք ունի այս դեպքում»։