Հասարակություն

«Հրապարակ». Փական, հա փական. ինչու է Փաշինյանը մարդկանց ներշնչում, թե ջուրը քիչ է

«Հրապարակ». Փական, հա փական. ինչու է Փաշինյանը մարդկանց ներշնչում, թե ջուրը քիչ է

Դեռ 2019 թվականին ՔՊ-ական կառավարիչները խոստանում էին, որ Երեւանի ցայտաղբյուրների վրա փականներ են տեղադրելու: Այս մասին անգամ ամպագոռգոռ ստատուսներ էին գրում իրենց էջերում: Վստահեցնում էին, որ «Վեոլիա ջուր» կազմակերպության հետ պայմանավորվել են՝ փականային համակարգի ներդրման միջոցով նվազեցնել ջրի կորուստը։ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվի Երեւանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»,- այն ժամանակ գրել էր Էդուարդ Աղաջանյանը, իշխանական մամուլն էլ տիրաժավորում էր նրա գրառումը: Անցել է 6 տարի, բայց սայլը նույն տեղում է, իսկ Նիկոլ Փաշինյանը շվանիձորցիներին է մեղադրում, թե` պուլպուլակի վրա փական չունեք, դրա համար էլ ջուր չունեք եւ, առհասարակ` ատամ լվանալ էլ չգիտեք: 

Ռեզերվուար չկա՝ էդ ջուրը հավաքելու, փականն ի՞նչ է անելու 

Սյունիքի Շվանիձոր համայնքում գյուղացիները վարչապետին հարցնում էին, թե ինչու իրենց գյուղում ջրի հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Էդ պահին վարչապետի ականջն ինչ-որ չռռոց ընկավ՝ ասաց. «Էս ի՞նչ ջրի ձեն ա, խի՞ չեք մի բան դնում, փակում, չի կարելի, ես էն օրը կառավարության նիստում ասում եմ հետեւյալը...», ու գնաց՝ ատամ լվանալու պատմությունը, թե` եթե ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան քիչ ջուր օգտագործի, Շվանիձորի նման 62 բնակավայր ջուր կունենա: Գյուղացիները բացատրում են, որ ռեզերվուար չկա՝ էդ ջուրը հավաքելու, փականն ի՞նչ է անելու, եթե ջուրը հավաքեին, դա ուրիշ, բայց մի երկու ամսից էս ջուրն էլ չի «չռռա», որովհետեւ գարնանային ձնհալի ջուրն է: Այսինքն՝ լավ կլիներ, որ մինի ջրամբար կառուցվեր, ինչը նախկինում պլանավորված է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կառուցվել: Բայց Նիկոլն անդրդվելի է՝ փական, հա փական: Գյուղացին գյուղացի չի, որ ասի՝ բա էդ փականները Երեւանում 6 տարի ա՝ ինչո՞ւ չես կարողանում դնել: Գլուխ էիր գովում, թե հեսա բոլոր պուլպուլակների վրա փականներ եք դնելու` ո՞ւր է: 6 տարին բավարար չէ՞ր՝ էդ հարցը լուծելու համար: Երեւանը՝ քթիդ տակ, թողել, եկել ես Սյունիքի ստորգետնյա ջրերի վրա ես ուզում փականներ դնել: 

«Վեոլիայի» տնօրենը ցայտաղբյուրների փականներից տեղյակ չէ

Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության տվյալների, Երեւանի շուրջ 3 հազար ցայտաղբյուրները միասին տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր ջուր են օգտագործում: Միջին ճնշմամբ, միջին թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Ընկերության մասնագետները հաշվարկել են, որ ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելով, ջրի ծախսը կնվազի գրեթե 10 անգամ: Ակնհայտ է, որ այդ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն ավելի քան շոշափելի էր լինելու, բայց ոչինչ չարվեց: Փականների ծրագիրը տապալվեց: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որն այսօր ԱԺ պատգամավոր է, այս ծրագրի ճակատագրին այլեւս չի հետեւել: Նրան հարցրինք` իրեն չի՞ հետաքրքրում, թե իր իսկ սկսած պիլոտային ծրագիրն ինչ վախճան ունեցավ, ինչո՞ւ Երեւանի ցայտաղբյուրների վրա այդպես էլ փականներ չդրվեցին: «Տրամաբանական կլիներ՝ այսօրվա աշխատակազմի ղեկավարին հարցնեիք: Այն ժամանակ քովիդը եղավ, հետո՝ պատերազմ, դրանից հետո ես աշխատակազմի ղեկավար էլ չեմ եղել»,- պատասխանեց նա` որպես հարցի հասցեատեր մատնանշելով բացառապես իր փիառով զբաղված Արայիկ Հարությունյանին:

«Վեոլիա ջուր» ընկերությունից գրավոր հարցում ուզեցին, մենք համացանցից իրենց իսկ տրամադրած մեկ այլ գրավոր հարցման պատասխան գտանք` «Ալիք մեդիային» տրամադրված: Գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը գրում է, որ ցայտաղբյուրների փականներից ոչ մի տեղեկություն չունի: Անգամ տեղյակ չէ, թե քանիսի վրա փականներ կան, քանիսի վրա՝ ոչ: «Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների շահագործման եւ պահպանման համար»,- պատասխանել է տնօրենը եւ հայտնել, որ 2022-ի մայիս-հունիսին անցկացված գույքագրման համաձայն՝ Երեւանում կա 3 հազար 398 ցայտաղբյուր։ «Ինչ վերաբերում է հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքների տեղադրմանը, ապա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այժմ նման նախաձեռնություն չունի»,- նշել է Շահինյանը։

Ջուրը որ կանգնում է, տաքանում է

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեզ պատմեց, որ Երեւանի ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու գործը տապալեցին հենց բնակիչները: «Մեր ցայտաղբյուրները քաղաքի ինքնության մասն են կազմում, դրանց առանձնահատկությունն այն է, որ ջուրը միշտ գալիս է: Շատ արհեստական եղավ փականներ տեղադրելը: Որոշ տեղերում հենց մարդիկ իրենք եկան, հանեցին, շպրտեցին, բակերում ընդհանրապես մեծ բողոք եղավ»,- ասաց նա: Մնացականյանը դեմ չէ փականներ տեղադրելու գաղափարին, բայց դա պետք է լինի միայն բակերում, ծայրամասերում, ոչ տուրիստական վայրերում: «Դա ծիծաղելի կորուստ է, իրականում: Այլ բան է, որ Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում «Վեոլիա ջրի» հետ գրագետ աշխատել: Ֆրանսիացիները հարյուրավոր միլիոններ ծախսում են գիտության, տեխնոլոգիաների վրա, բայց Երեւանը գործնականում չի օգտվում այդ ֆրանսիական կորպորացիայի հնարավորություններից»,- ասում է Վիկտոր Մնացականյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության «Արեւելք» տարածաշրջանի նախկին տնօրեն Կարապետ Օհանյանը եւս բնակչության բողոքով է բացատրում ծրագրի տապալումը: «Մենք հանդիպեցինք մարդկանց կոշտ պատասխանին: Դրած փականը կես ժամից ջարդում-գցում էին գետնին, որովհետեւ, նախ` ջուրը որ կանգնում է, տաքանում է, երկրորդ՝ մարդիկ այդ պուլպուլակի ջրով ջրում-ոռոգում էին իրենց բակերի բուսականությունը, որը չկար: Երրորդն էլ՝ ՏԻՄ մարմինները մեզ չաջակցեցին փականներ դնելու հարցում: Մի սարքն այն ժամանակ 7-8 հազար դրամ էր, մի 10-15 հատ դրեցինք Կենտրոնում, բայց ջարդում-գցում էին, ու ոչ ոք պատասխան չէր տալիս: Աշխարհում տարածված այդ պրակտիկան Հայաստանում չանցավ»,- բացատրում է Կ. Օհանյանը:

Հիմնական կորուստը գողությունն է

Հետաքրքրվեցինք, թե ցայտաղ­բյուրների կամ աղբյուրների պատճառով ջրի այդքան մեծ կորուստնե՞ր են լինում: «Իհարկե, ոչ: Այնքան չկա, ինչքան որ ուռճացնում են: Դա կորուստների իրական թվում չնչին տոկոս է: Հիմնական կորուստը գողությունն է, որի դեմ պայքարելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ե՛վ մեծ օբյեկտներում, խոշոր սպառողների կողմից, ե՛ւ մասնավոր սեկտորում ահռելի ջրագողություն է տեղի ունենում»,- ասում է մասնագետը: Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 2 տարիներին անում է ամեն ինչ, որ մարդկանց ուղեղի մեջ ամրապնդի գաղափարը, թե ջուրը քիչ է, ջուր չկա, պատրաստվեք, որ ջուր չի լինելու: «Մենք այնքան ջուր ունենք այսօր էլ, որ մի քանի Հայաստանի կբավարարի, բայց մենք ունենք շատ վատ կառավարման համակարգ: Չգիտեմ, թե ինչու է նա մշտապես, սազն առած՝ «Վեոլիային» պաշտպանում, եւ ինչ կապ կա իր եւ ֆրանսիական ընկերության միջեւ, բայց այսօր, տեսնելով, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, հասկանում եմ, որ մեր 12-13 տարվա աշխատանքը 2 տարում հավասարեցրին զրոյի: Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը չեն արտահանի այլ երկրներ` ցիստեռններով, ժողովրդին էլ չեն ասի՝ ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ասում էինք` ջուր չկա, դե յոլա գնացեք: Փոթիից Վրաստանը, օրինակ, մի 2-3 տարի առաջ տանկերներով ջուր էր արտահանում Սաուդյան Արաբիա»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image