Քաղաքականություն

Առնվազն ժպիտ են առաջացնում․ խորհրդի անդամի պաշտոնն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի հետ

Առնվազն ժպիտ են առաջացնում․ խորհրդի անդամի պաշտոնն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի հետ

Մամուլում այսօր գրվեց, որ իշխանությունները նպատակ ունեն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Եվ, ըստ տեղեկության, Փաշինյանը իր շրջապատում հայտարարել է, թե ռուսական կողմից «դաբրո» ունի իր նպատակին հասնելու համար։

Վահե Հակոբյանը այս թեմայով Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ժպիտով է վերաբերվում նման տեղեկություններին։

«Առնվազն ժպիտ են առաջացնում նման էժան մանիպուլյացիաները, քանի որ նույն այդ հեղինակները երևի լավ բանիմաց չեն, որ խորհրդի անդամի պաշտոնն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի հետ։ Այսինքն՝ ես ուզեմ, թե չուզեմ, պետք է լքեմ Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը։ Եվ ես արդեն իսկ ներկայացրել եմ իմ հրաժարականի դիմումը, և ենթադրում եմ՝ խորհուրդը որոշում կկայացնի ամսի 1-ով, որ դադարեցնի իմ լիազորությունները, քանի որ էդպես է ասում օրենքը»,-ասաց Հակոբյանը։ 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից ստացած ենթադրյալ «դաբրոյին», Հակոբյանն ասաց՝ ժպիտով է դրան վերաբերվում։

Վահե Հակոբյանը նաև շեշտեց, որ ինքը ոչ թե կոմբինատի խորհրդի նախագահն է, այլ խորհրդի անդամ է։ 

Ճշտեցինք՝ դա համարվում է ձեռնարկատիրական գործունեությո՞ւն, որ անհամատեղելի է պատգամավորական մանդատի հետ, Վահե Հակոբյանն ասաց․ «Այո, անհամատեղելի է։ Հայեցողական կարող է լինել, եթե, օրինակ, պատվավոր անդամ կամ նախագահ լինես՝ առանց աշխատավարձ ստանալու, բայց ես հո կառչա՞ծ չեմ պաշտոնից, որ նմանատիպ քայլերի մնամ, ինչ է, որ ես մնամ էնտեղ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image