«Հրապարակն» օրեր առաջ գրել էր, որ այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան:
«ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։ Նրանք հանդիպելու են հասարակական տարբեր խմբերի հետ։ Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետեւություններ չեն անում եւ չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձեւակերպենք, Արցախում իրենց պահվածքն է եւ հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը»,- գրել էր «Հրապարակը»։
Բազմաթիվ առիթներ ունեցել ենք գրելու, թե Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունում որոնք են սխալները, որոնց պատճառով հայաստանյան հանրության մեջ հնարավոր է դառնում հակառուսական տրամադրությունների գեներացումը։ Պատճառների մասով, ընդհանուր առմամբ համաձայնելով «Հրապարակի»՝ վերեւում մեջբերված տեսակետի հետ, որոշ հավելումներ կատարենք։ Կարեւոր է արձանագրել, որ Ռուսաստանը, գոնե այնքանով, որքանով որ տեսանելի է հանրային լայն զանգվածների համար, Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունն իրականացնելիս նաեւ տեղում սխալ դերակատարների է ընտրել եւ շարունակում է այդ սխալի մեջ հարատեւել։
Հայաստանում հակառուսական տրամադրությունները կնվազեն միայն այն դեպքում, երբ, բացի ընդհանուր քաղաքական գծից, փոխվեն նաեւ տեղում գործող դերակատարները, գաղափարական կաղապարները, որոնցով առաջնորդվում են այդ դերակատարները, եւ այլն։ Հասկանալի է, իհարկե, որ մարդիկ տարիներով «տաքուկ անկյուն» են գտել ու բավականին «բարեկեցիկ» ապրում են որպես ռուսամետներ՝ ռուսական կողմին էլ ինչ-որ բաներ ներկայացնելով, որպես կատարած աշխատանքի արդյունք։ Սակայն իրականում եթե մարդը հանրային լայն զանգվածների մոտ գոնե մի փոքր հեղինակություն չունի կամ հեղինակություն էր անցյալում, հիմա էլ, այսպես ասած, արդեն «թոշակի» է գնացել եւ քաղաքական դաշտում չկա, իսկ հանրությունն էլ նրան գրեթե մոռացել է, ապա պետք է այդ հանգամանքը հաշվի առնել ու սկսել նոր դերակատարներ գտնել կամ աճեցնել, որպեսզի նրանցով հնարավոր լինի փոխարինել «թոշակի գնացածներին»։ Չնայած պարզ է, որ նրանք դեռ շարունակում են կառչած մնալ ինչ-ինչ բաներից։
Միաժամանակ նաեւ՝ չի կարող Հայաստանում հակառուսական տրամադրությունների նվազում դիտվել, եթե չեն վերանայվել, այսպես ասած, «գաղափարական կաղապարները», նկատի ունենալով այսօրվա իրականությունը, դրանում գործող իրողությունները։ Ավելի պարզ ասած՝ եթե դու իրականացնում ես բացառապես քո շահերի սպասարկման քաղաքականություն, ապա որքան էլ տեղում քո էմիսարները խոսեն հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր եղբայրական բարեկամությունից, հայաստանյան հասարակությունում դա որպես «կերակուր» այլեւս չի ընդունվում։
Այսինքն՝ «մենյուն» պետք է փոխել, որովհետեւ շահերի սպասարկման քաղաքականության դրսեւորումներն այնքան ակնբախ են ու ցցուն, որ խլացնում են «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության» մասին ցանկացած «մանթրա» եւ «հովվերգություն», հատկապես երբ այդ «մանթրան» կամ «հովվերգությունը» մատուցվում է, ոչ ավել, ոչ պակաս՝ դեռ լեոնիդիլյիչյան դարաշրջանի բառապաշարով ու պաթոսով։