Քաղաքականություն

Ինչ արձանագրվեց «Պրիգոժինյան ապստամբությամբ»

Ինչ արձանագրվեց «Պրիգոժինյան ապստամբությամբ»

Հանգստյան օրերին Ռուսաստանում տեղի ունեցած «Պրիգոժինյան ապստամբությունը», կարելի է ասել, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային եւ ամենացցուն դեպքն էր, երբ նման ակներեւությամբ երեւացին իշխող էլիտաների ներսում եղած բախումն ու պայքարը։ Պարզ դարձավ, որ հատկապես իշխող ռազմական վերնախավում նույնիսկ ներկայիս պատերազմական իրավիճակում միասնականություն ասվածն ընդամենը արտաքին քող է, որի տակ թե ինչեր են կատարվում, միայն Աստծուն է հայտնի։ Միաժամանակ սա ցույց տվեց, որ «Պուտինյան կայունության» դարաշրջանը մտնում է ճգնաժամային փուլ, որը հաղթահարվել կարող է միայն Ուկրաինայում Ռուսաստանի անվերապահ եւ ամբողջական հաղթանակով։

Այն, որ ոչ մեծ զինված խմբավորումը կարող էր հայտնվել ռուսական մեծ քաղաքում եւ հանգիստ զբաղեցնել այն, ու ժողովուրդն ու իրավապահները պահպանեին չեզոքություն եւ դուրս չգային՝ սատարելու ժողովրդի ընտրյալ իշխանությանը, ինքնին հետաքրքիր էր։ Պարզվում է, անկախ այն հանգամանքից, թե հանրային հասանելի լսարաններում ով ինչ է խոսում, ներառյալ նաեւ հասարակ մարդիկ, շատերն իրենց հոգու խորքում գուցեեւ որոշակի դժգոհություն ունեն իշխող վարչակարգից, հատկապես որ Պրիգոժինի պահանջները եթե մանրակրկիտ վերլուծենք, որոնք նա առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է, օդից վերցված չեն, իսկ եթե նաեւ համադրենք այն իրականության հետ, որն առկա է Ռուսաստանում (ոչ պաշտոնական իրականության մասին է խոսքը), ապա կարելի է ասել, որ Պրիգոժինի բարձրաձայնած խնդիրներն իրականությունից հեռու չեն։

Մյուս հետաքրքիր արձանագրումը, որը կարելի է կատարել «մեկօրյա ապստամբությունից», վերաբերում է իշխանական համակարգին, որը, ընդհանուր առմամբ, շփոթահար էր։ Հասկանալի էր, որ աննախադեպ բան է տեղի ունենում։ Սակայն, մյուս կողմից, որքան էլ հանրային հասանելի տիրույթում փորձ արվեց դա կոծկել, շփոթվածությունն առկա էր, եւ վախ կար, որ ժողովրդական լայն զանգվածները, որոնք հոգնել են այդ իրականությունից, կմիանան, ու կսկսվի այն, ինչի նախադեպերով հարուստ է ռուսական պատմությունը։ Հաջորդիվ արդեն պետք է արձանագրել, որ հատկապես Լուկաշենկո-Դյումին-Պրիգոժին-Պուտին քառանկյան մեջ իրավիճակի հանգուցալուծումը բերեց այն բանին, որ օրենքն ու իրավականությունը կորցրին իրենց ուժը եւ ստորադասվեցին քաղաքական նպատակահարմարությանը։ Երբ առավոտյան քեզ հայտարարում են դավաճան, իսկ արդեն նույն օրը երեկոյան քո դեմ հարուցված քրգործը կարճվում է, ապա օրենքը դառնում է պարզապես խամաճիկ՝ տիկնիկավարների ձեռքին։ Սա իրականում վտանգավոր երեւույթ է նույնիսկ Ռուսաստանի համար, քանի որ, մեղմ ասած, բացահայտում է իշխանական կամայականությունների ողջ էությունը։ Ռուսական համակարգային ընդդիմությունը վերածվեց ծաղրածուների հավաքածուի։ Եթե մինչ օրս այն համարվում էր Կրեմլում իշխողի ասպանդակապահ, այժմ վերածվում է ծաղրածուի՝ վերջնականորեն կորցնելով քաղաքական կշիռը հասարակ ռուս մարդու աչքում, որն ի վիճակի է ողջամիտ եւ սթափ գնահատել իրականությունը՝ չգտնվելով պետական-քարոզչական մեքենայի ստեղծած ինֆորմացիոն վակուումի ազդեցության ներքո։

Մի արձանագրում էլ պետք է կատարել Ռուս ուղղափառ եկեղեցու մասով։ Պատրիարք Կիրիլի հայտարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր։ Կիրիլը, անկախ այն փաստից, որ պատրիարք է, նաեւ հայտնի է որպես աստվածաբան եւ փիլիսոփա, ով բավական լավ գիտի ռուսական փիլիսոփայական միտքը։ Նման միակողմանի հայտարարությունները, երբ, այո, կարեւոր է, որ ասես, թե զենքդ ազգակից եղբորդ վրա մի բարձրացրու, սակայն չասես, որ գիտես՝ պետք է լսված լինի նաեւ այն մարդը, ով հենց այնպես նման աննախադեպ քայլի չէր գնա, արդեն պատիվ չի բերում պատրիարքին եւ եկեղեցու հովվապետին։ Ի վերջո՝ բարիկադի երկու կողմում էլ ռուսներ էին, պրավոսլավներ։
Եվ վերջում՝ Ռուսաստանն ակնհայտորեն մեծ, խորքային եւ իրական փոփոխությունների շեմին է, եւ այն, ինչ հասունացել է, հնարավոր չի լինի կոսմետիկ փոփոխություններով չեզոքացնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image