Հասարակություն

Մոտ մեկ ամիս է՝ կրասարցիները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած

Մոտ մեկ ամիս է՝  կրասարցիները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած

Մոտ մեկ ամիս է,  ինչ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի  բնակիչները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Տեսչական մարմինը Կրասարում բրուցելոզ էր հայտնաբերել և տեղեկացրել, որ վարակված կենդանիները պարտադիր մորթի պետք է ենթարկվեն։ Ըստ պաշտոնական տվյալների 257 գլուխ կենդանի են վարակված։ Այս որոշման հետ կրասարցիները համաձայն չեն, պնդում են, որ մի թեստի արդյունքի հիման վրա բոլորի անասունները մորթի են ենթարկել։

Աշոցքի տարածաշրջանում անասնապահությունը գյուղացիների գրեթե միակ եկամտի աղբյուրն է, մինչդեռ անասունների սպանդը լուրջ խնդրի առջև կկանգնեցնի գյուղացիներին։ «Արյան անալիզ վերցրեցին մի քանի կովերից, գնացին, եկան , ասեցին բրուցելոզ են, 200-ից ավել անասուն, որ վարակված էղնի, դուք պատկերացնում եք՝ դա ինչ համաճարակ է, ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում, մենակ անասուններին վերացնեն պըտի ու վերջ, մեր վիճակը ինչ կեղնի, հեչ մեկի չի հետաքրքրում»,-մեզ հետ զրույցում ասացին գյուղի բնակիչները։ Ի դեպ,  արդեն մորթի է ենթարկվել 223 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որոնց դիմաց կառավարությունից դեռևս ոչ մի աջակցություն չեն ստացել։

Կրասարցիների խնդրին քաջատեղյակ է Շիրակի մարզից պատգամավոր ընտրված «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։ Պատգամավորն  այդ հարցի հետ կապված անձամբ  խոսել է ՀՀ֊ի Էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ Կառավարության աջակցության չափը պարզ կլինի միայն վերջնական մորթն իրականացնելուց հետո։

«Այս հարցի կարևորության և լուծումներ գտնելու մասին մի քանի անգամ զրուցել եմ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ։ Կրասարի մեր հայրենակիցներին խոստացել եմ, որ տվյալ հարցը պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում։

Անասնաբուծության ոլորտը շատ զգայուն է, և դրա զարգացումը պահանջում է արագ և նպատակային գործողություններ: Ոլորտը մշտական, կայուն և լուրջ աջակցության կարիք ունի` ներդրումային նախագծերի, էժան վարկերի և պետական սուբսիդիաների տեսքով։ Այս ամենի բացակայության դեպքում մենք ընդմիշտ կկորցնենք հայրենական երբեմնի ծաղկուն այդ ոլորտը»,-ընդգծում է պատգամավորը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image