Այլ

Հայկական բանակի ներխուժումը Թուրքիայի տարածք

Հայկական բանակի ներխուժումը Թուրքիայի տարածք

Կարծում եմ ժամանակի հարց է, ինչ-որ մի օր կամ Թուրքիան է ներխուժելու Հայաստան կամ էլ Հայաստանն է զորքեր մտցնելու Թուրքիայի տարածք: Առաջարկում եմ խոսել երկրորդ տարբերակի մասին, որը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ.

Սիրիական պատերազմն իր ողջ հմայքով տեղափոխվելու է Թուրքիայի տարածք։ Քրդերն ու ընդդիմությունը մեծ ապստամբություն են բարձրացնելու, խաղի մեջ մտնելու են նաև իսլամիստները՝ վերահսկողության տակ վերցնելով Անատոլիայի կենտրոնական և արևելյան որոշ շրջաններ։ Քաղաքացիական պատերազմ, որտեղ բոլորը կկռվեն բոլորի դեմ․ կառավարական բանակը ընդդիմության և քրդերի, վերջիններս՝ իսլամիստների և այսպես շարունակ։ Ռազմական գործողություններին կմիջամտեն նաև ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և մյուս արաբական պետությունները։ Համաշխարհային նշանակություն ունեցող քաղաքացիական այս պատերազմի հետևանքով զոհվելու են միլիոնավոր մարդիկ, արձանագրվելու են էթնիկ զտումներ, ինչպես նաև պատմական հուշարձանների ոչնչացման վանդալիստական ակտեր: Թուրքիայի կառավարական զորքերը բնաջնջելու են խոշոր քաղաքների քրդերին, իսկ իսլամիստները ցեղասպանություն են իրականացնելու թուրք աշխարհիկ բնակչության նկատմամբ:

Բնականաբար այս դժոխքը լինելու է Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ։ Խաղաղ և անվրդով Մարգարայից ընդամենը տասը կիլոմետր այն կողմ երկնքից կրակներ են թափվելու՝ իհարկե Արաքսից այս կողմ անցնելու սպառնալիքի հեռանկարով։ Այսպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել և սպասել։ Հայկական գյուղերն ու քաղաքները ամեն պահ կարող են հռթիրակոծվել։ Եվ այս ամենը հաշվի առնելով` անցնենք Հայաստանի գործողությունների հերթականությանը.

Իրավիճակին համարժեք պատասխանելու նպատակով Հանրապետության նախագահ Լևոն Ռուբինյանը հայտարարում է արտակարգ դրություն: Պաշտպանության նախարար Զաքարե Զաքարյանի խիստ վերահսկողությամբ բանակը բերվում է մարտական պատրաստության ամենաբարձ մակարդակի՝ պատրաստ ամեն պահ անցնելու համարժեք գործողության։ Ազգային ժողովը, խոսնակ Մխիթար Գոշյանի գլխավորությամբ կողմ է քվեարկում անհրաժեշտության դեպքում պաշտպանական մարտեր իրականացնելու նախագահ Ռուբինյանի առաջարկին: Իսկ գլխավոր շտաբի պետ Սմբատ Հեթումյանի ցուցումով կազմվում է գործողությունների հատուկ պլան:

Ի վերջո Թուրքիա ներխուժելու պատրվակն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Քրդական ջոկատները սխալմամբ հրթիռակոծում են Մարգարա գյուղը, ինչը առիթ է ստեղծում ռազմական գործողությունների սկսման համար: Ծանրակշիռ կասկածներ կան, որ կատարվածը կոնկրետ պայմանավորվածության հետևանք էր, քանի որ քրդերը վերջին ամիսներին անընդհատ օգնություն էին խնդրում Երևանից: Ենթադրում եմ, որ վերջինս միջամտության համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով քրդական ջոկատներին հրահրել է ռմբակոծել հայկական բնակավայրերը:

Այսպիսով սահմանների անվտանգության ապահովման պատրվակով և բուֆերային գոտի ստեղծելու նպատակով 4-րդ բանակային կորպուսը Մարգարայի մոտից անցնում է Արաքսը, կայծակնային հարվածով վերցնում Սուրմալուն և շարժվում դեպի Բայազետ։ Ավելի ուշ բայազետյան ռազմարշավին Սյունիքից միանում են նաև 1-ին կորպուսի մարտիկները: Իսկ 3-րդ բանակային կորպուսը, թողնելով արևելյան սահմանագիծը, տեղափոխվում է Գյումրի։ Տավուշի սահմանների մարտական հերթապահությունը ստանձնում են 2-րդ կորպուսի փոքրաթիվ ուժերը։ Գյումրիից 3-րդ և 5-րդ բանակային կորպուսները անցնում են Ախուրյան գետը՝ շարժվելով դեպի Արդահան, Արդվին և Կարս։ Արդվինի վրայով հայկական զորամիավորումները դուրս են գալիս Սև ծով։

Ռազմաքաղաքական տեսանկյունից հատկապես կարևոր նշանակություն ուներ Կարսի գրավումը: Դրա զբաղեցումը հայկական բանակին մի կողմից հնարավորություն էր տալիս տիրապետող դիրքեր զբաղեցնել ռազմաճակատի հյուսիսային հատվածում, իսկ մյուս կողմից էլ հայերը լուծում էին իրենց վաղեմը վրեժը: Չէ՞ որ 1920 թ.-ին Հայաստանը ծանրագույն և ջախջախիչ պարտություն էր կրել` առանց կռվի հանձնելով Կարս քաղաքը: Այդ խայտառակության մեղքը քավելու նպատակով պաշտպանության նախարար Զաքարյանի հրամանով քաղաքի ողջ ռազմական տեխնիկան, նույնիսկ ամենավերջին փամփուշտը ուղարկվում է Հայաստանի արևելյան սահմանագիծ` Արցախ, անշուշտ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի դեմ կիրառելու համար: Նույնը ժամանակին արել էին նաև թուրքերը Կարսը գրավելուց հետո` քաղաքի զինական ողջ ներուժը տեղափոխելով արևեմտյան ճակատ: Ի դեպ ավելորդ չի լինի, եթե նշենք, որ այդ նույն ընթացքում Իրանը զորք էր մտցրել Նախիջևան և սպառնում էր ներխուժել նաև բուն Ադրբեջանի տարածք: Ահա այս հանգամանքը Բաքվին թույլ չէր տալիս ռազմական գործողություններ սկսել Արցախում և Տավուշում: 

Դեպի Բայազետ շարժվող 4-րդ կորպուսը չի կարողանում հասնել Վան՝ քաղաքի մերձակայքում հանդիպելով քրդական ջոկատներին։ Սա իրավամբ փառահեղ հանդիպում է, համարժեք՝ Էլբայի վրա խորհրդային և ամերիկյան զորքերի հանդիպմանը։ Պայմանավորվածության արդյունքում լճի արևելյան հատվածները անցնում են Հայաստանի վերասկողությանը, իսկ արևմտյանը՝ քրդերի։ Իսկ Կարսը վերցնելուց հետո 3-րդ կորպուսը առաջ է շարժվում ևս 30 կմ, որից հետո հայկական բանակի հաղթարշավը կանգնեցնում են Թուրքիայի ազատ բանակի զորամիավորումներն ու ՆԱՏՕ-ն։

Ուշագրավն այն է, որ Կարսի, Արդահանի, Արդվինի, Բայազետի, Իգդիրի և մի շարք այլ քաղաքների գրավումից հետո տեղի խաղաղ բնակիչները ոչ միայն չեն սպանվել, այլ նաև նրանց հնարավորություն է տրվել կամ հեռանալ կամ էլ շարունակել ապրել առանց վախի և սարսափի: Նախագահ Ռուբինյանը հատուկ ուղերձով շեշտադրել էր այն հանգամանքը, որ հայկական բանակները խաղաղություն, եղբայրություն և կայունություն են բերում տարածաշրջանին` անօգնական մարդկանց պաշտպանելով իսլամիստ վայրագներից: Իրողությունն այս լայն արձագանք է գտել նաև միջազգային մամուլում: The Guardian-ի սյունակագիր Ջոն Գոլսուորսին նույնիսկ հանդես էր եկել պատմական չափազանց ուշագրավ համեմատությամբ: Մասնավորապես` նա հիշատակել էր 12-րդ դարում Սալլահ ադ-Դինի կողմից Երուսաղեմի գրավումը, երբ սուլթանի կարգադրությամբ և բարեգթությամբ քաղաքի բնակչությանը թույլ էր տրվել հեռանալ: Իսկ խաչակիրները քաղաքի գրավման ժամանակ բնաջնջել էին բոլոր մուսուլմաններին ու հրեաներին: Ասվածի համատեքստում Գոլսուորիսն գալիս է այն եզրակացությանը, որ 1915 թ.-ի ցեղասպանությունից 150 տարի անց հայկական բանակը նույնական բարեգթություն դրսևորեց և չսպանեց գոնե մեկ թուրք խաղաղ բնակչի:

Չնայած միջազգային այսպիսի գնահատականներին, թուրքական և քրդական որոշ լրատվամիջոցներ Հայաստանի կառավարությանը մեղադրում էին թուրքերին և քրդերին զանգվածաբար տեղահանման դատապարտելու մեջ: Հանուն արդարության վերոհիշյալ գնահատականի մեջ ճշմարտության որոշակի հատիկներ կան: Հայաստանի իշխանությունը փորձում էր այնպիսի պայմաններ ստեղծել, որ թուրքերն ու քրդերը կամովին, առանց բռնության հեռանան Կարսից և Բայազետից: Սրա հետ զուգընթաց իրականացվում էր հայրենադարձության քաղաքականություն և խնդիր էր դրված մի քանի տասնյակ հազար հայի աշխարհի տարբեր երկրներից վերաբնակեցնել խոշոր քաղաքներում: Գործընթացն այս հաջողություն ունեցավ միայն մասամբ. հարյուր հազարավոր թուրքեր և քրդեր կամովին հեռացան Կարսից և Բայազետից, ինչպես նաև հարակից գյուղերից: Իսկ հայրենադարձության գործը ամբողջությամբ տապալվեց, քանի որ հարյուրամյակների ընթացքում պատմական հայրենիք հորջորջվող տարածքներում բնակվելու ցանկություն հայտնեցին ընդամենը երկու տասնյակ սփյուռքահայեր: 

Անցնելով առաջ` նշենք, որ հյուսիսում և հարավում ռազմական գործողություններ իրականացնող հայկական ուժերն այլևս չէին կարող առաջ շարժվել: Կարսից և Վանա լճից այն կողմ գնալը իսկական արկածախնդրություն կլիներ, քանի որ մտնելով լեռնաշխարհի խորքերը, ոչ այնքան մեծաթիվ, բայց մարտունակ բանակները բնականաբար կհյուծվեին և կտրվելով թիկունքից, կարող էին շրջափակվել ու ոչնչացվել: Բացի այդ արդեն իսկ ռեսուրսները սպառվել էին, ծախսատար ռազմարշավը միլիոնավոր դոլարների վնաս էր տվել Հայաստանի տնտեսությանը: Սոցիալական կյանքը ծանրանում էր, ինչի հետևանքով մեծանում էին դժգոհություններն ու քննադատական տրամադրությունները: Այս ամենի հետ զուգընթաց ուժգնանում էր նաև միջազգային ճնշումը: Ուժային գրեթե բոլոր կենտրոններից Հայաստանին ամեն օր զգուշացնում էին Կարսից և Վանա լճից այն կողմ չանցնել, հակառակ պարագայում գործի կդրվեն պատժամիջոցներն ու կոշտ գնահատականները: 

Արդյունքում ռազմարշավը ընդհատվում է: Ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում հայկական բանակը խրամատավորվում է և անցնում դիրքային մարտերի՝ բանակցությունների մեջ մտնելով հակամարտության բոլոր կողմերի հետ։ Երևանը միաժամանակ սկսում է օգնել ինչպես քրդերին ու ազատ բանակին, այնպես էլ Թուրքիայի կառավարական ուժերին՝ հասկանալով, որ մեկի գերակայությունը կարող է կործանարար լինել հենց իր համար։ Անհրաժեշտ է հավասարակշռություն, որի հետևանքով բոլոր կողմերը կհյուծվեն ու արնաքամ կլինեն, ինչն էլ նպաստավոր պայմաններ կստեղծի հայկական ուժերի ամրապնդման համար։

Մոտեցումն այս արդարացված էր ու խելամիտ: Օբյեկտիվ պատճառներով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի դիմում արկածախնդրության և նախաձեռնում է զբաղեցրած տարածքներում սոցիալ-տնտեսական կյանքը վերականգնելու գործընթաց: Խնդիր էր դրված գրավյալ շրջանները օգտագործել ոչ միայն որպես անվտանգության գոտի, այլ նաև` դրանք ներգրավել հայկական իրականության մեջ ու դարձնել պետության վարչաքաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգի մի մասնիկը:  

Տարածքների ինտեգրման և կլանման այս քաղաքականությունը նշանավորվում է երկու կարևորագույն իրադարձությամբ, որոնք խորհրդանշական կերպով ամփոփում են ռազմարշավն ու արձանագրում դրա մեծագույն նվաճումները: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Մուրադբեկյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվում, որին ներկա էր Հայաստանի ռազմաքաղաքական ողջ ղեկավարությունը: Էջմիածնի և Անթիլիասի միավորված կաթողիկոսությունների առաջնորդը օրհնում է հայկական բանակի մարդասիրական արշավն ու իր հայրապետական աղոթքով խաղաղություն ավետում ալեկոծված տարածաշրջանին: Հաջորդ ամիս միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակներում նախագահ Ռուբինյանի առաջնորդությամբ կազմակերպվում է բազմահազարանոց հանրահավաք, որտեղ ի լուր աշխարհի արձանագրվում է այն փաստը, որ միջնադարյան հայկական թագավորության պղծված գերեզմանն այլևս ազատ է և անցյալի հայ թագավորները` Անիի տերերը, կարող են վերջապես խաղաղվել: 

Բայց ոգևորությունն այս ակնթարթային էր: Սոցիալ-տնտեսական բարդագույն խնդիրների համատեքստում հայ ազգայնականներն ու էքստրեմիստ նեոֆաշիստները սկսեցին կառավարությանը դավաճանության և պարտվողականության մեջ մեղադրել: Իբրև թե նախագահ Ռուբինյանը կանգնեցրել է հայկական զորքերին և թույլ չի տվել գրավել Էրզրումը: Ծայրահեղական այդ շրջանակները առավոտից իրիկուն Ազատություն ռադիոկայանի եթերում թունավորում էին ներհանրային միջավայրն ու նույնիսկ սպառնում ահաբեկչությամբ: 

Լարվածությունն հասնում է այն կետին, որ Կարսում մեծ հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ «Սասունցի Դավիթ» ահաբեկչական խմբավորման կողմից սպանվում են բանակի հրամանատարները` պաշտպանության նախարար Զաքարե Զաքարյանն ու գլխավոր շտաբի պետ Սմբատ Հեթումյանը: Վերջինս մահանում է հիվանդանոցի ճանապարհին: Ճակատագրի հեգնանքով հաղթական բանակի հրամանատարները սպանվում են հենց հաղթանակի խորհրդանիշ Կարսում, այն նույն քաղաքում, որը չդիմանալով հայկական զորքի հուժկու առաջխաղացմանը, անմիջապես անձնատուր եղավ, իսկ թուրք զինվորներն էլ խուճապահար փախուստի դիմեցին: Այն նույն Կարսում, որի թուրքական կայազորի տխրահռչակ հրամանատարը, տեսնելով իր զինվորների տարերային և խայտառակ նահանջը, անզորությունից ինքնասպան եղավ: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image