Հինգշաբթի երեկոյան ձերբակալվել է թուրքական Can Holding-ի տնօրենների խորհրդի նախագահ Քեմալ Ջանը։ Նրա դեմ հետաքննություն է անցկացնում Ստամբուլի ժանդարմերիայի վարչությունը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ Anadolu գործակալության՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է անցկացնում Can Holding-ի ղեկավարների նկատմամբ՝ «հանցագործություններ կատարելու մտադրությամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «նման հանցավոր կազմակերպություն ղեկավարելու», «հաստատված կազմակերպությանը մասնակցելու», ինչպես նաև «հանցագործությունից ստացված եկամուտների լվացման» և «խոշոր չափերի խարդախության» մեղադրանքներով։
Սեպտեմբերի 11-ին, Քյուչյուքչեքմեջեի շրջանի դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում, առգրավվել են Can Holding-ին պատկանող ընկերություններ։ Այդ ընկերությունների թվում են Habertürk TV, Show TV և Bloomberg HT հեռուստաալիքները, ինչպես նաև Doğa Koleji և Bilgi Üniversitesi կրթական հաստատությունները։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ նույն մեղադրանքներով ձերբակալման օրդերներ են տրվել 10 անձի համար։ Ձերբակալությունները կատարվել են Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակիցների կողմից կասկածյալների բնակության հասցեներում։
Ըստ «Ջումհուրիեթ» թերթի՝ ընկերությունների ակտիվները բռնագրավվել են և փոխանցվել Թուրքիայի խնայողությունների ապահովագրության հիմնադրամին (TMSF):