Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման շուրջ շարունակվում են դժգոհությունները՝ հանրային հնչեղություն ստացած մի շարք դեպքերում լռելու, ուշ արձագանքելու կամ միայն հանրային ճնշումից հետո արձագանքելու համար: Իսկ ՄԻՊ հրապարակային հայտարարությունները հաճախ վերացական են՝ բովանդակային հստակ գնահատականներից զերծ։ Այս ֆոնին ուշադրության արժանի է Անահիտ Մանասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը, որը փաստում է միլիոնավոր դրամների հասնող եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի մասին։ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան, որոնք գտնվում են Երեւանում, «Ֆորդ» մակնիշի մարդատար մեքենա, որոնք ձեռք է բերել մինչ պաշտոնավարումը, իսկ նախորդ տարվա ընթացքում «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ կառուցապատող ընկերության հետ 31 մլն 292 հազար դրամի պայմանագիր է կնքել, թեեւ հայտարարագրում հստակեցված չէ, բայց, հավանաբար, խոսքը հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու մասին է։ Մանասյանը նախորդ տարեվերջին ունեցել է 10 հազար դոլար, 9 հազար 621 դոլար եւ 11 մլն 890 հազար դրամ ավանդ։
Նրա բանկային հաշիվներին եղել են 32 մլն 138 հազար դրամ, 33 հազար 184 եվրո եւ 96 դոլար։ Կանխիկ ունեցել է 200 հազար դրամ, 2 հազար 927 եվրո եւ 6 հազար 680 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար դրամ, որից 17 մլն 611 հազար դրամը՝ ՄԻՊ-ից, որպես աշխատավարձ, 1 մլն 291 հազար դրամը՝ ԵՊՀ-ից՝ որպես աշխատավարձ, իսկ մնացած գումարը բանկային ավանդներից ստացած եկամուտներն են։ Փաստացի, ամեն ամիս Մանասյանը մարդկանց իրավունքների պաշտպանության համար, այսինքն՝ տվյալ դեպքում ոչնչի համար ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից ստանում է գրեթե 1.5 մլն դրամ (1 մլն 468 հազար դրամ) աշխատավարձ։