Անշուշտ՝ լավ է, որ հանրությունը կարողանում է ինքնակազմակերպվել եւ իր խոսքն ասել, ու դրա արդյունքում՝ հանրային ճնշման ներքո, ինչ-որ կասկածելի երգչուհու համերգը չեղարկվում է: Հանրային կոլեկտիվ կարծիքը ոչ միայն ընտրությունների ժամանակ պետք է աշխատի, այլ նաեւ՝ ընտրությունների միջանկյալ շրջաններում ու ոչ միայն իշխանություն ձեւավորելիս, այլեւ մյուս բոլոր հարցերում:
Բայց տարօրինակ ու անընդունելի է այն, որ հանրային վրդովմունքի ալիքը գրեթե միշտ բարձրանում է ինչ-որ երկրորդական հարցերի կապակցությամբ:
Ստացվում է, որ մեր հանրությունը վրդովվում է ինչ-որ երգչուհու՝ Հայաստան այցելելու հետ կապված, բայց չի վրդովվում, երբ իր եկեղեցու վրա հարձակում են գործում, երբ անմեղ մարդ են կալանավորում` իշխանություններին քննադատելու համար, երբ հայտարարում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է, եւ ղարաբաղյան թեման փակել են:
Չեն վրդովվում` տեսնելով, թե ինչպես են Բաքվում դատում հայերին, ու չեն պահանջում իրենց իշխանությունից` ամեն գնով վերադարձնել նրանց: Չեն զայրանում, երբ մի ՔՊ-ական ուսապարկ իրենց առաջին նախագահին է վիրավորում կամ հայտարարում է, որ չկա Արեւմտյան Հայաստան, այլ կա Թուրքիայի Հանրապետություն:
Երբ Սյունիքից մի ահռելի տարածք որպես հաղորդակցության ուղի Ադրբեջանին զիջելու հետ հաշտ են, իսկ այդ ճանապարհի շահագործմանն ամերիկյան մասնակցությունը դիտում են որպես խաղաղության երկաթյա երաշխիք:
Շատ ավելի լավ կլիներ, եթե մեր հասարակությունը հանդուրժող լիներ շոուբիզնեսի հանդեպ, խաղաղ վերաբերվեր անգամ տարբեր սատանիստների ու մեր մենթալիտետին խորթ փոքրամասնությունների` Հայաստան այցելելուն, բայց անհաշտ լիներ իր երկրի ինքնիշխանությունից, տարածքներից, ազգային արժանապատվությունից արված զիջումների հետ, որոնց քանակն անհաշիվ է, պատճառած վնասը` անչափելի: