Հասարակություն

Մանրամասներ բանկում տեղի ունեցած պայթյունից

Մանրամասներ բանկում տեղի ունեցած պայթյունից

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին: Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:

Աշտարակ ԲԿ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ Յունիբանկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի Այրվածքաբանական Ազգային կենտրոն են տեղափոխվել  բանկի աշխատակիցներ՝ Հովհաննես Կարապետյանը,որի վիճակը գնահատվել է բավարար, Հայկ Չախոյանը, որը ստացել է ծանր մարմնական այրվածքներ, հաճախորդ՝ Հարություն Ղումարյանը՝ այրվածքներով, Լիլիթ Շմավոնյանը՝ այրվածքներով։ Աշխատակիցներ Արմեն Մինասյանը և Լենա Աբրահամյանը ընդունվել են Աշտարակի ԲԿ, նրանց վիճակը գնահատվել է թեթև և նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։ Բանկի աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը, ստանալով խորը այրվածքներ, մահացել է։

ՀԳ. Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image