Քաղաքականություն

Նեթանյահուի և Էրդողանի այցելությունը Բաքու. նոր հակահայկական կոալիցիա 

Նեթանյահուի և Էրդողանի այցելությունը Բաքու. նոր հակահայկական կոալիցիա 

Իսրայելական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կայցելի Ադրբեջան, եւ այնտեղ կմնա 5 օր, ինչը իսրայելական լրատվամիջոցները որակել են որպես աննախադեպ երկար: Մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ Նեթանյահուի Իսրայել վերադարձը նախատեսված է մայիսի 11-ին: Իհարկե, այս ամսաթվերը դեռ կարող են փոփոխությունների ենթարկվել: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաև, որ այդ օրերին Բաքու է այցելելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Բաքվում կլինի մայիսի 10-ին: 

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Նեթանյահուի երկարատև այցելությանը, նկատեց, որ Ադրբեջանը դիվանագիտական լուրջ առաջընթաց է արձանագրել: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանում էր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, ով իր հարցազրույցում երեք հակամարտություն է նշել, որով զբաղվում է, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Երկրորդն այն է, որ վերջերս Բաքվում էր նաև Իրանի նախագահ, ծագումով ադրբեջանցի և թուրքամետ Մասուդ Փեզեշքիանը, ով հայտարարեց, որ Բաքվում իրեն զգում է ինչպես տանը: Միքայելյանը սա ևս կարևոր է համարում: 

«Այս համատեքստում Նեթանյահուի Բաքու այցելությունն ավելի հասկանալի է դառնում: Ադրբեջանը վերջերս գործընթաց սկսեց և Ադրբեջանն ու Իսրայելը փոխանակվելու են դեսպանություններով: Այս քայլին Ադրբեջանը շատ երկար տարիներ չէր գնում, որովհետև Ադրբեջանը մտավախություններ ուներ, որ Իրանի ու այլ իսլամական երկրների կողմից դա ոչ միանշանակ կընդունվի: Ադրբեջանի համար Իսրայելի դաժանագույն քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ խնդրահարույց չէ, ավելին` Ադրբեջանը ողջունում է այդ քաղաքականությունն իրականում, որովհետև իրենք Իսրայելից են սովորել, իսրայելցիները սովորեցրել են այս հակահայկական քաղաքականության, պատերազմի, շրջափակման դրսևորումները ու դրանցում Իսրայելի մասնակցությունն ակնհայտորեն երևում է ՝ 2020-ից սկսած: Հիմա Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել, որոնցից առաջինը, Թրամփի վարչակարգի հետ ընդհանուր լեզու գտնելն է: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան` ոչ, բայց աշխատում են»,-ասաց քաղաքագետը: 
Այն ժամանակ, երբ Փաշինյանը հակառակ ուղղությամբ է աշխատում, պարզ է, որ դա իրենց մոտ ավելի լավ է ստացվելու, որովհետև հաշտեցման ձևաչափը ձևակերպելու է Ադրբեջանը, իսկ Փաշինյանն ամեն ինչին այո է ասելու՝ նկատում է Միքայելյանը: Եվ քանի որ Բայդենի վարչակարգի հետ հարաբերությունները փչացրել են ադրբեջանցիները, հիմա փորձելու են շտկել դա՝ վերականգնելով հարաբերությունները: «Ադրբեջանն ուզում է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները բարելավել և վերջերս եռակողմ ձևաչափ է կազմել, որտեղ ոչ ֆորմալ միջնորդ է հանդիսանում Անկարայի ու Թել Ավիվի միջև: Այսպիսով, Էրդողանի և Նեթանյահուի Արդբեջան գալը զգալիորեն այս համատեքստում պետք է դիտարկվի, այսինքն, նրանք հերթով են գալիս, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը հավաքելու է մեսիջներն ու դիվանագիտական գրոծընթաց է կազմակերպելու: Բացի այդ, Ադրբեջանն ուզում է Իսրայելի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնել: Մենք տեսնում ենք, որ Իսրայելից Ադրբեջան ներկրումները չեն դադարեցվում և ԱՄՆ-ից էլ որոշակի ազդակներ կան, որ մատակարարումները մեծանալու են: Նեթանյահուն էլ իր հերթին ուզում է Անկարայի հետ իր հարաբերությունները բարելավել և այստեղ ևս խնդիր կա ու դա հետևյալն է՝ Նեթանյահուն պետք է ինչ-որ կերպ լեգիտիմացվի Իսլամական աշխարհում, առհասարակ աշխարհում և Ալիևը իրենց այդ հնարավորությունը տալիս է: Ցավոք սրտի, իսլամական աշխարհը միավորված չի և չի հռչակում, որ Ալիևը դավաճանում է իսլամական աշխարհին»,- շեշտեց Միքայելյանը: 
Պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ Ադրբեջանն այլևս չի վախենում Իրանի հակազդեցությունից, քանի որ Իրանը վերջերս թուլացել է և չի կարողացել պաշտպանել իր դաշնակիցներին Լիբանանում և Սիրիայում: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը հիմա իրեն կարող է թույլ տալ անտեսել Իրանին և իր ուզածն անել: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելուն, ապա դա փոքր քայլ է, որովհետև պարզ է, որ 1945 թվականի ժառանգությունից Ադրբեջանը չի ուզում հրաժարվել և երկրորդը, Ադրբեջանը չի ուզում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել, իսկ այդ օրը Մոսկվայում չգտնվողները դրա ռիսկն ունեն: Հատկապես որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները վերջին մեկ տարում բավականին լարված են: 
«Ադրբեջանը շատ հաջող իր դիվանագիտական խնդիրները լուծում է, ձեռքբերումներ ունի և առաջ է գնում և արդեն որոշակի միջազգային դեր է ստանձնում: Եվ պարզ է, որ Ուտիկոֆի գալը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին է եղել ուղղված, այլև իսրայելա-իրանական հարաբերություններին: Եվ այդտեղ Նեթանյահուն ուզում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել, թե ինչ կլինի, եթե Իսրայելը կամ Իսրայելն ու ԱՄՆ-ն միասին հարձակվեն Իրանի վրա ու ի՞նչ դերակատարում կունենա դրանում Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանն ախորժակ ունի և կարող է փորձել խաղալ Իրանի ադրբեջանցիների ազգային ինքնության վրա»,-ասաց Միքայելյանը: 

Հայաստանի համար Էրդողան-Ալիև-նեթանյահու եռյակի միավորումը լուրջ վտանգ է՝ շեշտում է քաղաքագետն ու հավելում, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հակասությունները որոշակի հնարավորություններ կարող էին ստեղծել Հայաստանի համար և Թուրքիայի ուշադրությունը շեղել դեպի Մերձավոր Արևելք: «Ստացվում է, որ նրանք առանձին էին ու նույնիսկ իրար դեմ լարված, իսկ Ադրբեջանը փորձում է նրանց հետ ալյանս ստեղծել: Իսկ այլանսը մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում՝ օղակի մեջ է սեղմում էլ ավելի շատ: Այն ժամանակ, երբ հակաթուրքական ալյանս գրեթե ձևավորվել էր 2020-ի վերջում և Փաշինյանը հրաժարվեց մասնակցել դրան ու քիչ-քիչ այդ ալյանսը քանդվեց, իսկ հակահայկական կամ ավելի ճիշտ` հակաիրանական-հակահայկական ալյանսը, որը ստեղծվում է Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի կողմից, շատ լավ կարող է գործել և հիմա նրանք հենց դրանով են զբաղված: Արդյոք կստացվի՞, թե՞ հակասությունները Սիրիայում կազդեն ալյանսի ձևավորման վրա՝ դա ուրիշ հարց է, իսկ եթե ստացվի, մեզ համար դա մեծագույն վտանգ է ու դրան պետք է հակազդել: Ի դեպ, Ալիևը իսրայելական լոբբին շատ հաջող իր օգտին է օգտագործում»,- ասաց Միքայելյանը: 

Հարցին, արդյոք Ուիտկոֆի այցելությունը Բաքու, ցուցանիշ է, որ ԱՄՆ-ն կանաչ լո՞ւյս է վառում հակահայկական այս ալյանսի համար, Միքայելյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ` ոչ, պարզապես Ուիտկոֆը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն լինի մոդերատոր հայ-ադրբեջանական բանակցություններում և Թրամփի վարչակազմը այդտեղ որպես խաղաղասեր կողմ հանդիսանա: «Ժամանակին Բլինքենն էր դա փորձում անել, սակայն ամերիկյան ձևաչափը տապալվեց, և կարծում եմ, նույնը հիմա կլինի հիմա: Բացի այդ, Ուտիկոֆին հետաքրքիր է, թե ինչ պահվածք կդրսևորի Ադրբեջանը՝ Իրանի դեմ հարձակման պարագայում»,-շեշտեց Միքայելյանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image