Քաղաքականություն

Եվրադաշինքը «փչացել» է եւ այլեւս որեւէ մեկին պետք չէ

Եվրադաշինքը «փչացել» է եւ այլեւս որեւէ մեկին պետք չէ

Գյումրիում Եվրադաշինքի թեկնածու Լեւոն Բարսեղյանի պարտությունից հետո դաշինքում կռիվ է ընկել, փնտրում են պարտության մեղավորին եւ պատասխանատուին: Եվրագզվռտոցի ֆորմալ առիթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան հրապարակումն է․ «2023 թվականին Երեւանում ՔՊ-ին Ռոբից փրկեց Վարդան «Դոգ» Ղուկասյանը: 2025թ. Գյումրիում Պուծինի քրիստոնեա-կոմունիստ Վարդանիկից ՔՊ-ին կարող է փրկել Սերժի Մարտունիկը»: Տիգրան Խզմալյանն արդեն ջնջել է իր գրառումը, բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում` նստվածքը մնացել է:

Տիգրան Խզմալյանի գրառումից ամենաշատը հուզվել են ՔՊ-ականները, որոնք դա ընդունել են որպես վիրավորանք իրենց կուսակցության հասցեին. ստացվում է, որ ՔՊ-ն անվերջ կործանվում է, եւ նրան պետք են անընդհատ փրկողներ: Բայց այդ գրառման տողատակը բոլորովին այլ է: 2023 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՔՊ-ին փրկեց ոչ թե Վարդան Ղուկասյան «Դոգը», այլ Խզմալյանի գաղափարակից եւ դաշնակից Արամ Սարգսյանը: Ճիշտ է` ՔՊ-ի վիճակն այնքան ծանր էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը միայնակ չկարողացավ փրկել, եւ պետք եղավ հավելյալ կցել նաեւ «Հանրային ձայնի» մի քանի ավագանիների, բայց հիմնական փրկիչը կեղծ ընդդիմության դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության ավագանիներն էին: Նույնը նաեւ Գյումրու ավագանու ընտրությունների դեպքում պետք է լիներ` հիմնական փրկչի դերում պետք է հանդես գար Եվրադաշինքի թեկնածու Լեւոն Բարսեղյանը, բայց քանի որ Բարսեղյանն ինքը կործանվեց, չէր կարող ստանձնել ՔՊ-ին փրկողի դերը: Տիգրան Խզմալյանի կարծիքով, ՔՊ-ի միակ հույսը մնացել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, բայց համոզված ենք, որ Գրիգորյանն էլ հուսախաբ կանի Խզմալյանին:

Ինչ վերաբերում է Եվրադաշինքին, ապա Գյումրու ընտրությունները ցույց տվեցին դրա մաշվածությունն ու անօգտակարությունը, փաշինյանական իշխանության համար դրա անպետքությունը: Եվրադաշինքի նպատակն իշխանությունից խռոված, իշխանություններին քննադատող, իբրեւ թե կիսաընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրազանգվածին միավորելն էր, թույլ չտալ, որ այդ մարդիկ միանան այլ` ռուսամետ-պուծինական ընդդիմադիր ուժերի, նրանց պահեն հսկողության տակ: Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ այդ նախագիծը չի աշխատում, որովհետեւ ընդդիմադիր ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը Եվրադաշինքին ընկալում է որպես իշխանությանը կից կառույց, եւ որեւէ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ չի գնա ու իր ձայնը չի տա իշխանության ենթակա կառույցին, որ հետո այդ կառույցն էլ իր տված քվեն վաճառի իշխանությանը` տեղը մի քանի թաղապետի պաշտոն կամ տենդեր ստանալով, ինչպես 2023 թվականին արեց Արամ Սարգսյանը, մարդ, որը ժամանակին քննադատում եւ արհամարհական տոնով էր խոսում «Օրինաց երկրի» եւ դրա նախագահի մասին, բայց ի վերջո արեց նույն բանը, ինչ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ արեց Արթուր Բաղդասարյանը: 

Ավելին, իշխանությունների համար պարզ դարձավ, որ Եվրադաշինքը ոչ միայն չի փրկում իրենց` ընդդիմությունից ձայներ չի գողանում, որ հետո հանձնի իշխանությանը, այլեւ, ընդհակառակը՝ ձայներ է գողանում իշխանությունից: Լեւոն Բարսեղյանի տարած ձայները, ըստ էության, իշխանության ձայներն էին: Ինչպես իշխանությունը, այնպես էլ Եվրադաշինքը եւ նրա թեկնածու Լեւոն Բարսեղյանը հանդես են գալիս հօգուտ Հայաստանի եվրաինտեգրացիայի, հանդես են գալիս Հայաստանն իբրեւ թե Ռուսաստանի լծից ազատագրելու եւ եվրոպականացնելու քաղաքականության կողմնակիցներ: Հիմա իշխանության կողմնակիցները` ՔՊ-ականները, Եվրադաշինքին մեղադրում են այդ քաղաքականությունը վարկաբեկելու մեջ, որ իրենց գործունեությամբ, իրենց թույլ վարկանիշով նրանք ընդամենը ստվերում են այդ գաղափարը: Բանը հասել է նրան, որ եվրաինտեգրվողները միմյանց մեղադրում են ռուսական կամ չինական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ եւ պահանջում են, որ իրենց շարքերում լյուստրացիա իրականացվի եւ պարզվի, թե ով ում պատվերով է առաջնորդվում, ով է վարկաբեկում ազատության եւ առաջադիմության վեհ գաղափարները՝ ծառայելով պուծինիզմին եւ ռուսական իմպերիալիզմին: Նրանց հիմնական հետեւությունն այն է, որ այս կազմով եւ այս ֆորմատով Եվրադաշինքն այլեւս չի կարող գործել` այն ենթակա է վերակազմավորման:

Թե ինչ լուծում կգտնեն Եվրադաշինքի անդամները եւ իշխանությունները, իրենց եւ իրենց համախոհների գործն է: Մենք հայ հանրությանն ուզում ենք հիշեցնել եվրաինտեգրացիայի եւ հակառուսականության մեկ այլ փառահեղ գաղափարախոսի, օկուպացված Ֆրանսիայի ղեկավար, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կամակատար գեներալ Պետենի խոսքերը` ուղղված Սովետական Միության դեմ պատերազմի գնացող ֆրանսիացի կամավորներին. «Չկա այժմ ավելի օգտակար պարտականություն, քան նվիրվել հայրենիքին: Մասնակցելով ԽՍՀՄ-ի դեմ խաչակրաց արշավանքին, որը գլխավորում է Գերմանիան, դուք այդպիսով շեղում եք բոլշեւիկյան վտանգը մեզնից եւ շարժվում դեպի նորացված Եվրոպայի ստեղծման»: Եթե «ԽՍՀՄ»-ի փոխարեն կարդանք «Ռուսաստան», իսկ «բոլշեւիզմի» փոխարեն՝ «պուտինիզմ», ապա միանգամայն պարզ կդառնա, թե իրականում ովքեր են հայ արեւմտականները, եւ ինչպիսի նորացված Եվրոպայի համար է նրանց պայքարը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image