Քաղաքականություն

ԱԹՍ-ների մասով կարող ենք արխային հպարտանալ, բայց միայն՝ ցուցանմուշներով

ԱԹՍ-ների մասով կարող ենք արխային հպարտանալ, բայց միայն՝ ցուցանմուշներով

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, կրճատ՝ ԲՏԱ։ Հապավումը, իհարկե, այնքան էլ պոլիտկոռեկտ չի հնչում, սակայն ամբողջական անվանումը բարձրագոչ է, իսկ իրականում այդ հնչեղ անվանման տակ ավելի շատ ձայն է, քան՝ բովանդակություն։

Այս նախարարությունը ստեղծեցին, որ Հայաստանում զարկ տան տեղեկատվական տեխնոլոգիաներին ու հատկապես ռազմարդյունաբերությանը։ Բայց արի ու տես, որ, բացի ցուցահանդեսներ կազմակերպելուց, այս նախարարությունը որեւէ լուրջ հավելյալ արժեք չի ստեղծում։ Ավելի ճիշտ՝ այդ արժեքը, ասենք, ԱԹՍ-ի կամ որեւէ նորարարական զենքի, նոր տեխնոլոգիական նվաճման տեսքով պետք է ստեղծեն ու ի նպաստ Հայաստանի օգտագործեն այս ոլորտի մասնագետները՝ ԲՏԱ նախարարության գործուն աջակցությամբ, սակայն մինչ օրս դեռեւս միայն ցուցահանդեսներ, միջոցառումներ ու համաժողովներ են անցկացվում։ Իսկ որպես պրոդուկտ, որը ցուցադրվելուց զատ նաեւ պրակտիկ կիրառության մեջ է մտնում, դժվար է մատնանշել։

Երեկ փորձեցինք այս նախարարության արդեն երրորդ նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվել, թե կա՞ն, արդյոք, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր կամ այլ տեխնիկական միջոցներ, որոնք այսօր արդեն օգտագործվում են հայկական զինված ուժերում եւ կիրառվել են, օրինակ, վերջին ռազմական գործողություններում։

«Եթե Դուք հետեւեիք մեր նախարարության հաղորդագրություններին, կտեսնեիք, որ վերջերս իմ տեղակալներից Ավետ Պողոսյանը նույն հարցերին պատասխանել է Ազգային ժողովում եւ շատ մանրամասն ներկայացրել է այն, ինչը որ կարելի էր խոսել։ Ավել բան մենք չենք կարող ասել։ Ես ուղղակի կարող եմ նույն բանը կրկնել»,- ասաց նախարարը։ Խնդրեցինք կրկնել, որ կարողանանք իր՝ որպես նախարարության առաջին դեմքի խոսքը լսել։ «Մենք մարտին ունեցել ենք «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսը, որտեղ այն, ինչը որ կարելի էր հանրությանը ներկայացնել, ներկայացված է եղել։ Դրանից դուրս նոր զարգացումների մասին դեռեւս չենք կարող խոսել»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը։

- Բացի ցուցահանդեսներից, միջոցառումներից, ուզում եմ հասկանալ՝ կա՞ն դրոններ, որոնք օգտագործվում են պրակտիկ գործունեության մեջ։

- ԱԹՍ-ների պրակտիկ գործունեությամբ մեր նախարարությունը չի զբաղվում, դրանով զբաղվում է պաշտպանության նախարարությունը։ Եթե իրենք նպատակահարմար գտնեն նման ինֆորմացիայով, խնդրեմ՝ դիմեք իրենց, իրենք թող ասեն։

- Իսկ ՊՆ-ն դիմե՞լ է, օրինակ, հայկական արտադրության դրոնների ձեռքբերման հարցով։

- Չեմ կարող ասել։ Ես չեմ կարող այդ մասին խոսել։ Ընդամենն էդքանը կասեմ։

- Ռազմական գաղտնի՞ք է։

- Այո։

- Պարզապես տպավորություն է, որ այդ ամենն ավելի շատ փուչիկ է։

- Այսինքն՝ էդ նուրբ պահը դուք էլ պետք է հասկանաք, որ որոշակի հարցեր կան, որ երեւի ավելի լավ է՝ չբարձրացվի, քան թե փաստի առաջ կանգնեցնեք, եւ ակամայից հանկարծ ինչ-որ բացահայտում արվի։

- Այն, որ մեր բանակում օգտագործում են Կալաշնիկովի ավտոմատ, հայտնի փաստ է, ճի՞շտ է։ Պարզ է, չէ՞, որ բանակում զինվորները կրում են համազգեստ, օգտագործում են ավտոմատ, հրանոթներ, հրթիռահրետանային համակարգեր եւ այլն։ Մենք գիտենք նաեւ, որ ադրբեջանական բանակը, օրինակ, «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներ ունի։ Այսինքն՝ դրանք փաստ են։ Հիմա ես չեմ ասում՝ Դուք մեր ունեցած ԱԹՍ-ների քանակը հայտնեք կամ ասեք, թե ինչ տեխնիկական հնարավորություններ ունենք, ես ընդամենը ուզում եմ իմանալ՝ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր կա՞ն մեր զինված ուժերում, թե՞ ոչ։

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։

- Ստացվում է, որ չկան։

- Դուք Ձեր վերլուծությունն արեք, Ձեր մեկնաբանությունը տվեք, բայց ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետեւ էդտեղ գաղտնի ինֆորմացիա կա։

- Լավ, իսկ կասե՞ք՝ ռազմարդյունաբերության մասով գոնե ինչ-որ նվաճում ունե՞նք։ Այն, ինչ հրապարակման ենթակա է։ Մեկ-երկու փաստ, իմանանք՝ հպարտանանք մեր նվաճումներով։

- Դուք կարող եք արխային հպարտանալ «ԱրմՀայԹեք»-ում ցուցադրված բոլոր ցուցանմուշներով։

- Իսկ բացի ցուցադրությունից՝ դրանք գործնականում կիրառվո՞ւմ են։

- Դուք այդ հարցը մի քանի անգամ արդեն տալիս եք, բայց էդ հարցի պատասխանը չեք ստանում։

- Որովհետեւ սպառիչ պատասխան չեք տալիս։

- Դե, էդքանը, դրանից ավել չեմ կարող ասել։

- Լավ, իսկ տիեզերք դուրս եկած հայկական արբանյակից ի՞նչ արդյունքներ կան։

- Մենք վաղը կամ հաջորդ օրը մամուլի ասուլիս ենք ունենալու՝ դրա հետ կապված, բոլոր ինֆորմացիան, Ձեզ հետաքրքրող հարցերն էնտեղ կարող եք ստանալ։

- Կա՞ն արդեն լուսանկարներ՝ այդ արբանյակից արված։

- Այո, շատ դրական արդյունքներ կան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image