Քաղաքականություն

Նացիստական գաղափարներ տարածող կուսակցությունը` Բունդեսթագի երկրորդ ո՞ւժ 

Նացիստական գաղափարներ տարածող կուսակցությունը` Բունդեսթագի երկրորդ ո՞ւժ 

Գերմանիայում կայացած Բունդեսթագի ընտրություններին, ինչպես և սպասվում էր, բավականին հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին: Արտահերթ ընտրություններում հաղթանակ տարավ պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ․ նրանք ստացել են ձայների 28,6%-ը: Ստացած ձայների քանակով՝ 20,8%-ով, երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, երրորդ տեղում՝ 16,4% ձայն հավաքած ձախ-կենտրոնամետ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Իսկ լիբերալները չեն կարողացել խորհրդարան անցնելու համար նախատեսված հինգ տոկոսի շեմը գերազանցել: 

Գերմանիայում հիմա անցումային փուլ է, նորընտիր խորհրդարանը դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը, իսկ հինը դեռ չի զիջել տեղը նորին: Գերմանիայի կանցլերի թեկնածու Մերցը Շոլցին փոխըմբռնման մասին մեմորանդում է ուղարկել, երեք կետից բաղկացած մեմորանդումի մեջ ասվում է, որ հեռացող կանցլերի որոշումները պետք է վերահսկվեն, պահանջում է Գերմանիայի ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարցերը համաձայնեցնել իրենց դաշինքի հետ, ինչպես նաև արգելք դնել նոր օրենքների ընդունման վրա, ինչպես նաև անցումային փուլում նախարարություններում կադրային փոփոխություններ կամ նշանակումներ չանել: 
Մի իրավիճակ է ստեղծվել, երբ Գերմանիայում կա դեռևս գործող կանցլեր Շոլցը և գորշ կարդինալը՝ ֆրիդրիխ Մերցը, ով ապրիլին հանդես կգա կառավարության նոր կազմով եւ ծրագրով:

Ընդ որում ներգաղթյալների ու նրանց անկառավարելի հոսքով պայմանավորված խնդիրների պատճառով Մերցի կառավարությունը ևս կարող է խնդիրներ ունենալ, որովհետև Գերմանիայի արդեն անցողիկ կառավարության ընդունած որոշումների ու ստանձնած պարտավորությունների պատճառով այս պահին էլ Գերմանիա են ժամանում, օրինակ, աֆղաններ, ու դեռ երեք հազարն էլ սպասում են իրենց հերթին: Փորձագետները նշում են, որ անկառավարելի միգրացիայի դեմ հանդես եկող ուժերին հենց այս խնդիրն է սպասում՝ ընտրողների մի մասը նրանց մեղադրելու է սեփական խոստումներից հետ կանգնելու մեջ, այնինչ, դրա մեղավորը` Մերցը կամ նոր քաղաքական թիմը չեն, այլ, այսպես ասած, նախկինները: 

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե իրականում ինչո՞վ էին պայմանավորված Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները: Հետաքրքիր է հատկապես «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ստացած ձայները: Եվրոպացի փորձագետները միաձայն շեշտում են, որ այս կուսակցության հիմնական խաղաքարտը Գերմանիայում մտահոգիչ դարձած ներգաղթն է ու դրանից ածանցվող մյուս խնդիրները՝ անշարժ գույքի շուկայում գների չափազանց բարձր գները ու հարակից ոլորտները: Մեկ այլ հետաքրքիր փաստ այս կուսակցության մասին․ կուսակցության համակիրներին ու ընտրողներին զարմացրել էր այն հանգամանքը, որ այս կուսակցության օգտին քվեարկելու կոչ էր հնչել ԱՄՆ-ից․ հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքը գերմանական հասարակությունում երկակի է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ընտրություններին ամենաշատ ձայներով խորհրդարան անցած Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքին իրենց ձայնն են տվել նախորդ ընտրություններին չմասնակցածներն ու հիմնականում երիտասարդները: Սակայն, միևնույնն է, ամենաշատը ծայրահեղ որակվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հավաքած ձայներն են: Այս կուսակցության անդամները բարձրացրեցին անօրինական ներգաղթյալների կողմից հանցագործությունների, հասարակության շրջանում վախի ձևավորման խնդիրները: Սակայն նրանց ձևակերպումները փոքր-ինչ կոպիտ էին ու ընտրություններից շաբաթներ առաջ Գերմանիայի մի շարք քաղաքներում ցույցեր եղան, որտեղ շարքային գերմանացիները ներգաղթյալներին հանցագործ ու վտանգավոր իլեգալներ որակելը հակաժողովրդավարական էին համարում: Այնինչ, փաստ է, որ Գերմանիայի հասարակության մի հսկա մեծամասնություն իսկապես հակված է ավելի խիստ նորմեր մտցնել՝ երկրում ներգաղթյալների հոսքը կառավարելու մասով, որովհետև փողոցներում այլևս անվտանգ չէ, իսկ ծայրահեղ իսլամական տրամադրվածություն ունեցող ներգաղթյալներն այնքան ազատ են իրենց զգում, որ տասնյակ հազարներով երթեր են անցկացնում Գերմանիայի փողոցներում ու պահանջում շարիաթի օրենքների ընդունում: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա այս կուսակցության մասով, նրանց ծրագիրն ու պատկերացումները Գերմանիայի հետ կապված համընկնում են ԱՄՆ-ում Թրամփի և հանրապետականների տեսլականին: Ամենայն հավանականությամբ Գերմանիայի նոր խորհրդարանն ավելի շատ կենտրոնանալու է Գերմանիայում ծառացած խնդիրների լուծման վրա և արտաքին հարթակում համեմատաբար պասիվ է լինելու: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ «թշնամության» կամ ծայրահեղ լարվածության պատճառով ամենաշատը տուժած եվրոպական երկրներից է Գերմանիան, որի արտադրությունը ծանր հարված ստացավ գազի գնի ծայրահեղ թանկացումից: Եվ այդ ֆոնին էլ քիչ չեն շրջանակները, որոնք կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Ուկրաինան Ուկրաինա, սակայն Գերմանիայում տեսնում են, որ նույնիսկ ԱՄՆ-ն է փորձում հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, հետևաբար` ինչո՞ւ պետք է շարքային գերմանացին տուժի իրեն պարտադրվող քաղաքականությունից: Այսպես են մեկնաբանում քաղաքական գործիչները լիբերալ ուժերի մերժումը գերմանական հասարակության կողմից ու ծայրահեղականների ու պահպանողականների նախընտրությունը: Սակայն այս պահին էլ ակնկալում են նոր խորհրդարանում բախումներ՝ մասնավորապես հաղթող ուժի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության միջև: Հիմա էլ փորձում են ԱԴԳ կուսակցությունը «իզգոյ» դարձնել, քանի որ այս կուսակցությունը նացիստական գաղափարներ տարածողի պիտակ է ստացել լիբերալ ուժերի կողմից: Այնուամենայնիվ, ընտրություններից հաշված օրեր են անցել, թե դրանք ինչպես կազդեն Գերմանիայի արտաքին քաղաքականության վրա՝ ցույց կտա ապագան եւ նոր ձևավորվող կառավարությունը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image