Մշակույթ

Հայկական գորգերի յուրացման արշավ` Նիդերլանդներում

Հայկական գորգերի յուրացման արշավ` Նիդերլանդներում

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունը վերջերս ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Լատվիայում, Լեհաստանում, Վատիկանում՝ ցուցահանդեսների, գիտաժողովների, դասախոսությունների եւ «գիտական» լսումների տեսքով։ Այս անգամ հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության թիրախում Նիդերլանդներն էին եւ կրկին՝ հայկական գորգերը։ Հաագայի քաղաքապետարանի Atrium City Hall (Atrium Den Haag) սրահում մայիսի 15-ից մինչեւ հունիսի 20-ը անցկացված «Ադրբեջանական գորգերի շքեղությունը. ուսուցում արվեստի միջոցով» խորագրով ցուցահանդեսը նման միջոցառման վառ օրինակ է։

Ինչպես փոխանցում է MONUMENT WATCH-ը, ցուցահանդեսը կազմակերպվել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության եւ պետական այլ կազմակերպությունների կողմից։ Իբրեւ ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների եւ թռչունների պատկերները, դեկորատիվ ձեւավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը եւ դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում եւ ունեն դարավոր պատմություն։

Հաագայում ներկայացված գորգերն ադրբեջանական Ազերխալչա (Azerkhalcha/Azerxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի ստեղծած՝ արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուների ստեղծումն ուղղորդվում է մենաշնորհային եւ պետական հովանավորչությամբ։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդ (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյունիքի եւ Նախիջեւանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաեւ՝ Շիրվանի գորգերը։

Հաագայի ցուցադրությունը ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլեւ քաղաքական խորը ենթատեքստ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնության ու ժառանգության ջնջումը եւ այդ ամենի միջազգային ամրագրումը։
Հիշեցնենք, որ նմանատիպ ցուցահանդես տեղի էր ունեցել նաեւ 2024 թվականին՝ Լատվիայում, Դեկորատիվ արվեստի եւ դիզայնի թանգարանում, «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով, որի հիմնական ցուցադրությունը կրկին ընդգրկում էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։
Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի, համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում, եւ այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image