Հասարակություն

Հայերը քառակուսի մետրով են աշխատում ու մուննաթ են գալիս

Հայերը քառակուսի մետրով են աշխատում ու մուննաթ են գալիս

Հնդիկները Հայաստան են գալիս ապահովված կյանքի հույսով, բայց հայտնվում են կոշտ շահագործման պայմաններում: Գոհ են նրանք, թե ոչ՝ միանգամից բարդ է հասկանալ, որովհետեւ նրանք գրեթե միշտ ժպտում են ու աշխատում են լավ տպավորություն թողնել զրուցակցի վրա: Եթե տեղացիները, օրինակ, առաքիչ աշխատելով վաստակում էին ամսական 250 հազար դրամ, ապա հնդիկները համաձայնում են ավելի ցածր գումարով աշխատել՝ 180-200 հազարով: Նույնը պարենային խանութներում է: Այս տարի բազմաթիվ մթերային խանութներ հանեցին «Պահանջվում է մաքրուհի» ցուցանակները: Հնդիկ մաքրուհիներն ամենուր են՝ փոքր խանութներից մինչեւ սուպերմարկետների ցանցեր՝ «Շահավետ», «Արեւ», «սիթի»-ներ:

«Օրական ընդամենը 5 հազար դրամ է ստանում մաքրուհին ու հաճույքով գործ է անում, բայց մերոնք մուննաթով են աշխատում, մի բան էլ ոնց որ մենք իրենց պարտք մնայինք»,- ասում է «Արեւ» ցանցի Շենգավիթի սուպերմարկետի աշխատողը:

Հայաստանում արդեն մի ամբողջ գործակալական ցանց է գործում՝ հնդիկ աշխատուժի տեղափոխման եւ աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք Ավանի շինանյութի խանութներից մեկում աշխատող՝ «Պրինց» մականունով երիտասարդից, նա էլեկտրոնային վիզա ստանալու, Երեւան տեղափոխվելու եւ տվյալ խանութում բանվոր ձեւակերպվելու համար անցյալ տարի գործակալին վճարել է 630 հազար դրամ: Բնականաբար,  չունի աշխատանքային պայմանագիր, բանկային քարտ, Հայաստանում աշխատելու պաշտոնական թույլտվություն, իսկ աշխատավարձը ստանում է անկանխիկ՝ «քեշով»:

Պրինցն Ավանում սենյակ է վարձում, որի համար վճարում է ամիսը 30 հազար դրամ: Ասում է, որ գոհ է իր վաստակից: «Խանութից բացի, մարդիկ կան, կանչում են, ասում են՝ էս մեշոկով ցեմենտը բարձրացրու, ու մի մեշոկի համար 1000 դրամ են տալիս: Վատ չի»,- ասում է Պրինցը:

Այս տարի նա ավելի լավ է ապրում, կարողացել է իր համար շորեր գնել «Ռոսիայի» տոնավաճառից: Հնդիկներին աշխատանքի տեղավորող գործակալները չեն թաքցնում իրենց գործունեությունը: Նրանք բաց հայտարարություններ են տեղադրում «list.am» հայտարարությունների կայքում: «Տրամադրում ենք հնդիկ եւ հայ բանվորներ, նաեւ՝ բեռնատար մեքենա, Ֆորդ, գազել»,- ասված է մի այդպիսի հայտարարությունում: Այն տեղադրող օգտատերը ներկայանում է որպես «բանվորական օֆիս»: Զանգահարեցինք, խնդրեցինք նշել, թե ինչ գներով են աշխատում հնդիկները, ասենք, երեք սենյականոց բնակարանը մաքրելու համար որքան է պետք վճարել: «Մաքրելը, եթե հնդիկ ենք ուղարկում, օրը 9 հազար դրամ ա»: Իսկ հայերն ի՞նչ գնով են աշխատում: «Հայերը քառակուսի մետրով են աշխատում»: Այսինքն, հայերը լավ են մաքրում, հնդիկները` վա՞տ: «Չէ, կան լավ հնդիկներ ու վատ հնդիկներ»: Գումարը ձե՞զ ենք տալիս, թե՞ իրենց: «Գումարի մի մասը քարտով մեզ եք փոխանցելու, մյուսն առձեռն իրենց եք տալու»,- ասաց բանվորական օֆիսի աշխատողը:

Փաստորեն, հնդիկներին Հայաստանը բերելը, գործի տեղավորելը շահավետ բիզնես է դարձել: Ոչինչ չանելով, զուտ հեռախոսազանգերի պատասխանելով` կարող ես օդից փող բռնել: Հնդիկներն ամենուր են՝ խանութներում, փողոցներում, ավտոլվացման կետերում, անգամ Երեւանի կանաչապատման ՀՈԱԿ-ում: Աշխատողներից մեկը մեզ հայտնեց, որ կանաչապատման ՀՈԱԿ-ում այս պահին 2 հնդիկ է աշխատում: «Թափուր տեղերը շատ են, բայց երկու հոգի են այս պահին աշխատում, որովհետեւ այդ երկուսն ունեին աշխատանքի թույլտվություն, իսկ առանց այդ փաստաթղթի մենք չենք կարող նրանց աշխատանքի ընդունել: Եթե կարողանայինք շատերին ընդունել, փրկված էինք, որովհետեւ հնդիկները շատ լավ աշխատողներ են, բացի լավ աշխատելը, նրանք շատ սրտացավ են: Հինգ հոգի էին դիմել, բայց այդ երկուսն ունեին թույլտվություն»,- ասաց կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատող մեր զրուցակիցը: Քաղաքապետարանը 140 հազար դրամ աշխատավարձ է վճարում նրանց, անցյալ տարի կանաչապատման բանվորների աշխատավարձն ընդամենը 108 հազար դրամ էր: Աղբահանության ընկերությունում եւս հնդիկ աշխատողներ կան: Նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձ՝ ամսական 180 հազար:

Որքա՞ն հնդիկ միգրանտ կա Հայաստանում: Վերջին հրապարակված տվյալները վերաբերում են 2024 թ. հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ մուտքի վիզա է ստացել Հնդկաստանի 31 հազար 924 քաղաքացի, ինչը 2 հազար 109-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տարեցտարի Հնդկաստանի քաղաքացիների հոսքը Հայաստան ավելանում է: Հնդիկները Հայաստան ժամանող ապօրինի միգրանտների մեծամասնությունն են կազմում: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում մոտ 100 հազար Հնդկաստանի քաղաքացի է բնակվում: Նրանք տեղացիներին աստիճանաբար դուրս են մղում էժան աշխատուժի շուկայից:

Սինգհ Լալն արդեն մոտ մեկ տարի է՝ ապրում է Երեւանում: Ռեստորանում խոհարարի օգնական է, միաժամանակ՝ մատուցող: Ասում է, որ ընկերն է իրեն պատմել Հայաստանի մասին, ասել է՝ նույն աշխատանքի համար Հայաստանում մի քանի անգամ բարձր են վճարում, քան Հնդկաստանում: «Ես այստեղ վաստակում եմ ամիսը մոտ 400-500 դոլար: Այնքան էլ շատ չի, բայց ավելի շատ է, քան Մումբայում: Կեսը ես ամեն ամիս ուղարկում եմ իմ ընտանիքին: Կեսն էլ տալիս եմ վարձի իմ բաժինը: Մի քանի հոգով ենք տուն վարձել: Աշխատանքը հեշտ չի, բայց ես գլուխ եմ հանում»,- պատմում է հնդիկ երիտասարդը: Հարցին, թե հայերն իրեն ինչպես են վերաբերվում, պատասխանում է. «Մարդկանց մեծ մասը բարի է, բայց երբեմն ինձ օտար եմ զգում: Ինձ մեկ-մեկ նայում են ու խոսում են հայերեն, ես չեմ հասկանում: Ես կարոտում եմ իմ տունը: Կուլտուրան, ուտելիքը՝ այստեղ ամեն ինչ ուրիշ է: Հետո՝ ցուրտ է այստեղ: Մի երկու տարի կաշխատեմ, կգնամ տուն»: Հայ ընկերներ չունի, լեզուն վատ իմանալու պատճառով, իսկ Հայաստան եկող հնդիկներին խորհուրդ է տալիս պատրաստ լինել ցրտին ու ծանր աշխատանքին, հա, մեկ էլ՝ այստեղ գալուց տաք շորեր վերցնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image