Քաղաքականություն

Բալասանյանի դեմ են դուրս եկել․ «Սև բերդն» են ուզում վերցնել

Բալասանյանի դեմ են դուրս եկել․ «Սև բերդն» են ուզում վերցնել

Գյումրի համայնքի ավագանին տարօրինակ կերպով խառն է։ Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամի լիազորությունները դադարեցվեցին, որի շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում, այժմ էլ  ՔՊ-ի նախաձեռնությամբ հուլիսի 26-ին արտահերթ նիստ է հրավիրվելու։ Պարզվում է՝ պատճառը Շիրակի մարզի դատախազի գրությունն է՝ ուղղված ավագանիներին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզելուց հետո, փաստորեն,  այնքան էլ հանգիստ չի նստել եւ նոր  սցենար է մշակել նախկին կոալիցիոն գործընկերոջ «հախից» գալու եւ ամենայն հավանականությամբ քաղաքային իշխանությունը վերջնականապես զավթելու նպատակով ։ Հատկապես որ դատախազի գրությունը վերաբերում է նաև նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցին։

 «Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։ ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ)․ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը՝ որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն: 2001թ․-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման: ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»,-տեղեկացնում է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով ընդդիմադիր խմբակցությունների ավագանու  որոշ անդամներ, այդ թվում նաև «Բալասանյան դաշինքը» որոշել են բոյկոտել նիստը՝ չմասնակցելով :

«Ինչու է դատախազությունը   նման առաջարկությամբ հանդես եկել , քանի որ գործող իրավական կարգավորումների համաձայն ՝ դատախազությունը պետական  շահերի պաշտպանության հայց կարող է ներկայացնել միայն այն պարագայում, եթե ավագանին չի ներկայացնում հայց վարչական դատարան :Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել, որ կամ ավագանին ներկայացնի հայց վարչական դատարան կամ չներկայացնի, որի հիմքով դատախազությունը կկարողանա հայց ներկայացնել :Մենք նպատակահարմար ենք գտել, որ նման հայցապահանջով դատարան հայց ներկայացնելը ճիշտ կլինի դատախազության կողմից , քանի որ ամիսներ, տարիներ շարունակ այդ գործը քննվել է պատկան մարմինների կողմից եւ դատախազության կողմիւց իրականացվել է համապատասխան վերահսկողություն այդ գործի նկատմամբ , լիարժեք իրենք տիրապետում են բոլոր փաստական հանգամանքներին եւ իրավական դաշտին, հետևաբար՝ համայնքի ստորաբաժանումը այդ հնարավորությունը չունի եւ չէր կարող ունենալ ՝ պատշաճ հայց ներկայացնելու, ուստի ավելի նպատակահարմար է, որ դատախազությունը ներկայացնի եւ դատախազությունն էլ իր գրության մեջ նշել է, որ 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում, օրենքի համաձայն հետամուտ կլինեն: Մենք ըստ էության կողմնակից ենք, որ դատախազությունն այդ հայցը ներկայացնի, քանի որ պատկան մարմինն ինքն է»,- մեզ հետ զրույցում ասաց  «Ապրելու երկիր» ավագանու խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը:

ՀՀԿ խմբակցության ավագանու ղեկավար Նարեկ Միրզոյանն  էլ hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ արտահերթ  նիստին ՀՀԿ-ն չի պատրաստվում մասնակցել : «ՀՀԿ-Ն դատախազոությունից ստացել է համապատասխան գրությունները, այո, ՔՊ-ի նախաձեռնությամբ ավագանու նիստ է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է դատախազի առաջարկը՝ հանրային հայց հարուցել: ՀՀԿ-ն դեռւս դատախազի գրությունն ստանալու ժամանակահատվածում պատասխանել է համապատասխան մարմիններին , եւ մենք գտնում ենք, որ դա ենթակա է մերժման հետևյալ հիմքերով՝ նախ ՀՀ սահմանադրության 73 հոդվածի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն :74 հոդվածի համաձայն՝  հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են  :Եզրակացությունն այն է, որ ավագանուն ուղղված դատախազի գրությունը որևէ կերպ չէր կարող ազդել այդ որոշումից ավելի վաղ գործողության իրավաչափության վրա :Այսպիսով՝ մենք գտնում ենք, այդ որոշումները անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով դատարան հայց ներկայացնելու առաջարկությունները չունեն որևէ իրավական հիմք, ուստի ենթակա են մերժման ,  եւ մեր խմբակցությունը գրավոր կերպով  համապատասխանաբար անդրադարձել է դատախազության կողմից հասցեագրված գրությանը:Արտահերթ նիստին չենք մասնակցելու, քանի որ մենք արդեն, ինչպես ասացի անդրադարձել ենք՝ ավելի վաղ պատասխանելով համապատասխան մարմիններին, մենք  իրավական խնդիր ենք տեսնում այդտեղ»,- hraparak.am-ին ասաց ՀՀԿ ավագանու անդամը:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե դատախազի գրությունը   քննարկման լուրջ առիթ է դարձել ՔՊ-ի ներսում,  եւ ոչ միայն ՔՊ-ի, քանի որ ավագանու անդամներից շատերի համար  դատախազի առաջարկն անընդունելի է  համարվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image