Վերլուծություն

Չի կարելի ընդդիմությանը մեղադրել՝ հասարակությանը հերթական պարտության չտանելու մեջ

Չի կարելի ընդդիմությանը մեղադրել՝ հասարակությանը հերթական պարտության չտանելու մեջ

Կեղծ հեղափոխականների, դեմագոգների, կեղծավորների եւ, որքան էլ ցավալի լինի՝ իսկապես մտահոգ մարդկանց մի ստվար զանգված հարձակվել է ընդդիմության վրա, Նարեկ Կարապետյանի վրա՝ նրան մեղադրելով մանդատները վերցնելու որոշումը հրապարակայնացնելու համար: Ասում են, թե բա ո՞նց կարելի էր. դրանով դուք լեգիտիմացնում եք ոչ օրինական` կեղծված ընտրություններով իշխանազավթներին, ինչո՞ւ չկա փողոցային պայքար, պայմանական Ձմեռային պալատի գրավում` հեղափոխություն, բա մենք դրա համա՞ր էինք ձեզ ձայն տվել, որ դուք պատգամավոր աշխատեք, մենք ձեզ ձայն ենք տվել, որ դուք իշխանափոխություն անեք, եթե մանդատ եք վերցնում, ուրեմն ոչնչով չեք տարբերվում իշխանությունից, համատեղ նույն խաղն եք խաղում եւ այլն: Նման բան ասողների մի մասը կատարյալ կեղծավորներ են, սրանք երբեք ընդդիմության հանրահավաքներին չեն էլ մասնակցել, նույնիսկ չեն քվեարկել, մի մասն էլ ուղղակի սիրում է հերոս ձեւանալ՝ ուրիշներին վախկոտ կամ ոչ բավարար վճռական լինելու մեջ մեղադրելու միջոցով: Արդյո՞ք փողոցային պայքարով հնարավոր էր հասնել իշխանափոխության․ նախ տեսնենք, թե ինչ է ցույց տալիս մեր հասարակական-քաղաքական կյանքի վերջին 30 տարվա փորձը:

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ եղան մեղադրանքներ, որ ընտրություններն անցել են ոչ ազատ եւ արդար, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ եղել են ճնշումներ, խտրական վերաբերմունք, բայց փողոցային մասսայական պայքար, այսպես ասած, հետընտրական զարգացումներ չեղան: 1996 թվականի նախագահական կեղծված ընտրություններից հետո ընդդիմության առաջնորդ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը փողոցային պայքարի կոչ արեց: Միասնական ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, տասնյակ հազարավոր մարդկանց հանեց փողոց, Վազգեն Մանուկյանը մտավ ԱԺ շենք, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ անդամների հետ ընտրության արդյունքները չեղարկելու շուրջ բանակցելու համար, այդ ընթացքում վճռական տրամադրված ցուցարարները կոտրեցին ԱԺ ցանկապատը եւ մտան ԱԺ շենք, ծեծի ենթարկվեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն ու փոխնախագահ Արա Սահակյանը: Հետո տարածեցին, թե ԱԺ ցանկապատի միացումները հատուկ են թուլացրել, որ ԱԺ շենքի գրոհը պրովոկացիա էր, որ երկրում հատուկ դրություն հայտարարվի: Բանակը մտավ քաղաք, փողոցներում եւ հրապարակներում, նույնիսկ զբոսայգիներում զինվորականներ էին, ընդդիմության շատ կողմնակիցներ կալանավորվեցին, առաջնորդներն անցան ընդհատակ, մեկ տարուց ավելի ընդդիմությունն ԱԺ նիստերին չէր մասնակցում: Հետո սկսեցին մասնակցել: Ի՞նչ փոխվեց` ոչինչ:

1998 թվականի փետրվարի 3-ին իշխանությունը փոխվեց ներիշխանական պայքարի եւ ինտրիգների արդյունքում: Մարտին կազմակերպվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, հիմնական թեկնածուները վարչապետ Ռոբերտ Քոչարյանն ու Կոմկուսի կենտկոմի նախկին ղեկավար Կարեն Դեմիրճյանն էին: Հայ հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին չէր ճանաչում, իսկ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ կար նոստալգիկ սեր, մարդիկ, ի դեմս նրա, հիշում էին կոմունիստական երանելի տարիները, երբ կային անվճար կրթություն, առողջապահություն, բնակարանաշինություն, արդյունաբերություն, զարգացող գիտություն, աշխատանք եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն: Ընտրությունը եղավ երկու փուլով, Քոչարյանը հաղթող հռչակվեց, բայց մարդկանց մեծամասնությունը վստահ էր, որ Կարեն Դեմիրճյանից հաղթանակը գողացել են: Կինոյի տանը գտնվող նրա կենտրոնական շտաբում այդ օրը հավաքվել էին նրա մի քանի հազար կողմնակիցները, ովքեր փողոցային պայքարի կոչի էին սպասում, Դեմիրճյանը խոսեց կարճ, ասաց` գիտեմ, որ բոլորիդ մոտ անարդարության զգացում կա, բայց մենք երկիրը չենք ապակայունացնելու, կուսակցություն ենք ստեղծելու եւ գնալու ենք քաղաքական պայքարի ճանապարհով: Մեկ տարի անց նրա ստեղծած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում էր Վազգեն Սարգսյանը, ստեղծեցին «Միասնություն» դաշինքը, հաղթեցին խորհրդարանական ընտրություններում եւ կառավարություն ձեւավորեցին: Մի քանի ամիս անց տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

2003 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական քաղաքական հակառակորդը Կարեն Դեմիրճյանի որդին էր, որը նրա սպանությունից հետո ընտրվել էր ՀԺԿ նախագահ: Այս անգամ եւս ընտրությունները երկու փուլով եղան, եւ կրկին ԿԸՀ-ն Քոչարյանին հռչակեց ընտրությունների հաղթող, տասնյակ հազարավոր մարդիկ անարդարության դեմ պայքարի համար դուրս եկան փողոց, նման մասսայական հանրահավաքներ Հայաստանը չէր տեսել 1988 թ. արցախյան շարժումից հետո: Ընդդիմությունը դիմեց ՍԴ, որը որոշեց մեկ տարի հետո վստահության հանրաքվե կազմակերպել: Հասարակությունը խաղաղվեց, բայց մեկ տարի հետո՝ 2004 թ. ապրիլին, հանրահավաքները սկսվեցին նոր ուժով, իշխանությունը հրաժարվում էր վստահության հանրաքվե կազմակերպել, ընդդիմությունը պահանջում էր կատարել ՍԴ որոշումը: Իշխանությունն ուժ կիրառեց Բաղրամյան փողոցը փակած ցուցարարների նկատմամբ, հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, ընդդիմության գրասենյակներն ավերվեցին, որոշ մարդիկ հաշմանդամ դարձան: Իշխանափոխություն տեղի չունեցավ:

2008 թվականին իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի շուրջ համախմբվել էր 16 ընդդիմադիր կուսակցություն: ԿԸՀ-ն Սարգսյանին հաղթղ ճանաչեց, սկսվեց ընտրության արդյունքները վիճարկելու փողոցային պայքար, որն ավարտվեց իշխանության կողմից կազմակերպված բռնությամբ, մարտի 1-ի իրադարձություններին զոհ գնացին 8 քաղաքացիական անձ եւ երկու ոստիկան: Իշխանափոխություն չեղավ:

2013 թվականի նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, նա էլ փորձեց ընտրություններից հետո հետընտրական պայքար կազմակերպել, որն ավարտվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ աղոթքով եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով, ինչը, ըստ էության, ընտրության արդյունքների ճանաչում էր: Փողոցով իշխանափոխություն չեղավ:

Կարող են ասել` բայց չէ՞ որ դրանից 5 տարի անց` 2018 թվականին, տեղի ունեցավ իշխանափոխություն, փողոցային պայքարի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ինչո՞ւ չկրկնել 2018-ի հաջողված փորձը, ինչո՞ւ եք հիշում միայն անհաջողությունները: 2018-ին տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր, որը ծրագրված էր դրսում եւ ուղղորդվում էր դրսից: Հայ հասարակությունն այդ հեղափոխության կազմակերպիչը չէր, ոչ էլ իրականացնողը, այլ միայն դեկորացիան, մասսովկան: Դրա համար էլ հասարակությունը չդարձավ դրա շահառուն, ոչինչ չստացավ` միայն կորցրեց, ի տարբերություն հեղափոխության իրական տերերի:

Զինված իշխանության եւ անզեն հասարակության պայքարը միշտ ավարտվում է անզեն հասարակության պարտությամբ: Մեղադրել ընդդիմությանը՝ հերթական անգամ հասարակությանը պարտության չտանելու մեջ, այնքան էլ արդար չէ: Աշխարհի ցանկացած երկրում, այդ թվում` Հայաստանում, իշխանափոխություն հնարավոր է, միայն թե դրա համար պետք է իսկապես հեղափոխական ուժ, որը կկարողանա հեղափոխություն անել, ոչ թե դրսի տերերի հրահանգավորմամբ գունավոր հեղաշրջում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image