ՊՆ խոսնակ կոչվող մի երիտասարդ կա՝ Արամ Թորոսյան անունով, որն իր պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է լրատվամիջոցների գրած ճշմարտացի տեղեկությունները հերքելով եւ իր իրավասությունների մեջ չմտնող գործառույթներով։ Մինչդեռ դեռ մեկ ամիս առաջ պաշտոնական հարցում ենք ուղարկել բանակի համազգեստների հետ կապված, չի բարեհաճել այդ հարցմանը մինչ օրս պատասխանել։
Իս ի՞նչ է հերքում չափերն անցած խոսնակը։ Գրում է, որ «կեղծիքն է այն, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»: Սրան չենք անդրադառնա, կանցնի ժամանակ ուղղակի կհրապարակենք նախընտրական ամիսներին եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ատեստացիա անցածների թվերը եւ բոլորը կհամոզվեն, որ սա բացարձակ ճշմարտություն է, ինչպես մեր գրած հազարավոր լուրեր, որոնք սկզբում այս վայ-խոսնակները հերքել են, իսկ որոշ ժամանակ անց դրանք հաստատվել են։
Ըստ քաղաքական պայքարի գործիք դարձած սույն խոսնակի, մյուս կեղծիքն այն է, թե «իբր որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»: Ուրեմն այս տեղեկության սկզբնաղբյուրը «Հրապարակը» չէ, այլ հոգեւորականները, եկեղեցին, եւ այս մասին արդեն օրեր շարունակ գրում են լրատվամիջոցները, հանկարծ արթնացած խոսնակն անգամ իր գրած տեքստն ուշադիր չի կարդում, որտեղ հենց ինքն է գրել, որ «Ազատություն» ռադիոկայանն իրենց նմանօրինակ հարցում է արել: Եւ որքան էլ հերքեք այդ լուրերը, դրանք արդեն հանրայնացվել են, չեն հերքվել գնդերեցների կողմից եւ ձեր հերքումն ընդամենը հաստատում է այն, ինչ ակնհայտ է եւ բխում է ողջ իշխանական վարքագծից։
Բայց ամենազվարճալին երրորդ հերքումն է, որով ՊՆ խոսնակը փորձում է հերքել իրեն բացարձակապես չվերաբերող մի տեղեկություն, որն առնչվում է Սուրեն Պապիկյանին ու իր հորը, Ստեփանավանում եւ Լոռիում նրանց դերակատարությանը։ Իսկ Լոռվա մարզում մինչեւ վերջին կով պահողն էլ գիտեն, որ մարզու «ռուլիտ» անողն այս ընտանիքն է, որոնց միջնորդությամբ եւ հովանավորությամբ, այո՝ մարդիկ են պաշտոնների նշանակվում, համայնքապետարաններն ու մարզպետարաններն են որոշումներ կայացվում: Եւ մեր նյութում հապարակված ԲԿ-ի տնօրենի մասին էլ է ժամանակին գրվել, մասնավորապես «Հետքը» 2025 թ․ սեպտեմբերի 10-ին հրապարակում է արել , որտեղ մասնավորապես գրված է․ «․․․ Աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։ Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել են մնալ անանուն, քանի որ վախենում են, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից»։
Ի դեպ, մեզ տեղեկատվություն փոխանցողներն էլ են զգուշանում իրենց անունները հրապարակելուց, որովհետեւ ՔՊ վերնախավի դեմ դուրս գալը հղի է որոշակի հետեւանքներով։ Բայց եթե շարունակեք կեղծ հերքումներ տարածել, ավելի հետեւողական կլինենք եւ կփորձենք նոր տեղեկություններ գտնել ու հրապարակել Սուրեն Պապիկյանի եւ նրա մերձավոր շրջապատի ոչ պատշաճ պահվածքի հետ կապված։