Նախագիծը բուհը վերահսկողության տակ վերցնելու լատենտ գործիքներ է պարունակում․ իրավագիտության դոկտոր
Ազգային ժողովում իմքայլականներն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որով վերացվում է Հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և անկախությունը այսպես կոչված հայկական քաղաքականությունից։
Օրենքի նախագիծը պաշտպանող շրջանակները, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանը քայլեր են սկսել ապաքաղաքական մարմինների նկատմամբ, որոնք իրենց վերադասի «դուդուկի տակ չեն պարում»։
Համաձայն այս օրինագծի՝ բուհերի կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից: Բուհի ռեկտորն ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով, իսկ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ իմքայլականները։
ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի խոսքերով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին պետք է միշտ հայեցակարգային մոտեցում ցուցաբերել։
«Ի՞նչ խնդիր է լուծում օրենքը։ Միանշանակ, եթե օրենքի նախագիծ է դրվում շրջանառության մեջ, այդ օրենքը պետք է որոշակի նպատակ հետապնդի։ Եվ պետք է գնահատական տալ այդ լեգիտիմ ընտրված նպատակին՝ օրենքը պարունակո՞ւմ է անհրաժեշտ կառուցակարգեր, թե՞ չի պարունակում։ Հիմնավորումները, փաստարկները, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակները բերում են, հետևյալն են՝ այս օրենքն ուղղված է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանը, այսինքն՝ հիմնական նպատակը, որ իրենց առջև դրել են, որպեսզի բարձրագույն կրթությունը և գիտությունն ինտեգրվեն»,- նշեց իրավաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ նախաձեռնության հեղինակները, սակայն, կրթության և գիտության ինտեգրման կառուցակարգ, գործուն մեխանիզմ չեն առաջարկում։ «Եթե օրենքը ինտեգրման մեխանիզմը չի նախատեսում, որը չկա հաջորդող հոդվածներով, ստացվում է, որ սա ուղղակի ակադեմիայի կարգավիճակը փոխելու օրենք է դառնում։ Որովհետև ընդամենը լինում է ակադեմիայի կարգավիճակի վերաբերյալ մեկ կտրված կարգավորում, բայց թե կրթական ծրագրերում այդ գիտական բաղադրիչն ինչպե՞ս պետք է ներդրվի, և ինստիտուտների հետագա ճակատագիրն ի՞նչ պետք է լինի, չի նախատեսում» ,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Օրենքն իր նպատակների և հիմնական հասկացությունների մեջ, ըստ դասախոսի, ներառում է բուհական ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, հանրահռչակում է այդ երկու արժեքները։ «Երբ որ նայում ենք մեր Սահմանադրությունը, 38-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ֆիքսած է, որ բուհերն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական ու հետազոտությունների իրավունքը։ Սահմանադրաիրավական կարգավորումների տրամաբանությունից ելնելով՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը դիտարկվում է որպես բուհի ինքնակառավարման բաղկացուցիչ, բաղադրիչ, հետևաբար օրենքի խնդիրը պետք է լիներ բուհի ինքնակառավարման համար ողջամիտ շրջանակ սահմանելը։ Եթե օրենքը բուհերի կառավարման ողջամիտ շրջանակ չի սահմանում, արդեն մենք ունենք խնդիր այս իրավակարգավորման սահմանադրականության դիտանկյունից։ Իսկ ողջամիտ ինքնակառավարումը ենթադրում է (բոլոր միջազգային փաստաթղթերով է դա նախատեսված) առնվազն հանրային բուհում հիմնադրի՝ տվյալ պարագայում պետության, և բուհի մասնակցության հավասարակշռում, բալանասավորում», - նշեց Վահե Հովհաննիսյանը։
Իսկ այս դեպքում, ըստ նրա, այդ բալանսավորումը վերացվում է․ «Եթե Հոգաբարձուների խորհրդի 5 անդամների նշանակում է նախարարը, ընդ որում, երբ որ նախարարը նշանակում է այս 5-ին, մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև՝ արդյո՞ք այս 5-ը գործում են նախարարի վերահսկողության ներքո, թե՞ ոչ։ Նախարարը նրանց վրա ազդելու գործիքներ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Տեսնում ենք, որ այդ գործիքակազմն էլ կա ներդրված»։
Իրավագիտության դոկտորն ասաց, որ իրեն ծանոթ օրենքի վերջին օրինակով աընդհատ ասում են, որ «փոխել ենք, փոխել ենք», բայց այդ փոփոխությունները դեռ տեսանելի չեն։ «Նախարարը, որ որոշակի առումով կարող է վերահսկել այդ 5 անդամներին, միանշանակորեն ամրագրված է, և դրա համար նախատեսված գործիքակազմ էլ կա։ «Օրինակ՝ «հետկանչի իրավունք»։ Եթե հետկանչի իրավունքը հայեցողական չլիներ, այլ սահմանափակված լիներ կոնկրետ հիմքերով, կարող էին ասել․ «Լավ, նախարարը կաշկանդված է։ Եթե հիմքեր չլինեն, չի կարող հետ կանչել»։ Այստեղ երկրորդ հարցն է գալիս՝ «Որո՞նք են այդ հիմքերը», «Ո՞ր դեպքում նախարարը՝ որպես լիազոր մարմին, պետք է հնարավորություն ունենար հետկանչել իր կողմից նշանակված Հոգաբարձուների խորհրդի անդամներին»։ Օրինակ՝ եթե դրա հիմքում ընկած լիներ, որ «բուհի շահերին հակառակ են գործել», այդ պարագայում նոր կարող է հետ կանչել, սա նորմալ իրավակարգավորում կլիներ։ Բայց ո՛չ հիմք կա, ո՛չ էլ հատուկ նախատեսված կարգ կա»,- շեշտեց նա։
Բացի այս, ըստ իրավաբանի, եթե Հոգաբարձուների խորհուրդը, օրինակ, բյուջե չի հաստատում կամ ռեկտոր չի ընտրում, նախորդ օրինագծի ձևակերպման համաձայն՝ նախարարն իրավունք ուներ ցրելու Հոգաբարձուների խորհուրդը։ «Սա ի՞նչ գործիք է։ Սա նույնպես համալսարանական Հոգաբարձուների խորհուրդների անդամների վրա ներգործելու լատենտ [թաքուն] գործիք է։ Որովհետև, պատկերացրեք, ցանկացած որոշման պարագայում, երբ որ նախարարը նպատակ ունենա ազատվել ԵՊՀ կողմից առաջադրված, ակադեմիական խորհրդի կողմից, մեր կողմից առաջադրված Հոգաբարձուների խորհրդի անդամներից, կարող է հրահանգել, որ այդ 5-ն ընդհանրապես չքվեարկեն, օրինակ՝ ձեռնպահ քվեարկեն, և ցրի Հոգաբարձուների խորհուրդն ամբողջությամբ։ Այսինքն՝ օրենքի նախագիծը բուհը վերահսկողության տակ վերցնելու լատենտ գործիքներ ու կառուցակարգեր է պարունակում»,- հավելեց դասախոսը։
Դիտարկմանը՝ «նշեցիք՝ սահմանադրականության խնդիր կա, և հարցին՝ եթե օրենքն ընդունվում է, կարո՞ղ եք դիմել Սահմանադրական դատարան», պատասխանեց, որ ՍԴ դիմելու մեխանիզմներ կան, մի քանի կառուցակարգ կա նախատեսված։
«Այս պարագայում մինչև նախագահի կողմից չստորագրվի օրենքը, վաղ է այդ մասին խոսել։ Կարող է ինքը չստորագրել, դիմել դատարան։ Կարող են Ազգային ժողովի պատգամավորներից դիմել դատարան, քանի որ տեսնում եմ, որ ԱԺ-ում պատգամավորներ կան, որոնք ևս խնդիրներ են տեսնում այս օրենքի սահմանադրականության հետ կապված։ Ընդ որում, սահմանադրականության մասով շեշտը դնում են բուհական ինքնակառավարման և ինքնավարության վրա, բայց ես գտնում եմ, որ գիտության մասով էլ սահմանադրականության խնդիր կա։ Սահմանադրության 86-րդ հոդվածը, որը պետական քաղաքականության ուղղություններն է սահմանում, առանձին մասով նշում է, որ պետությունը պարտավոր է խրախուսել հիմնարար, ֆունդամենտալ և կիրառական գիտության զարգացումը։ Հետևաբար պետական իշխանության և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններն իրենց քաղաքականության հիմքում պետք է դնեն սահմանադրաիրավական այս կարգավորումը։
Ուստի այստեղ առաջ են գալիս մյուս հարցերը՝ «Օրենսդիր իշխանությունը՝ որպես պետական կառավարման մարմին, որպես օրենսդիր մարմին, ինչպե՞ս է վերաբերվում կամ ինչպե՞ս է արձագանքում սահմանադրաիրավական նորմին, ինչպե՞ս է ապահովում դրա կիրարկումն օրենքի նախագծում»։ Այսինքն՝ սահմանադրաիրավական նորմը պետք է իրացվի, իսկ նախագիծը բավականին անորոշ ձևակերպումներ է պարունակում, չի ապահովում սահմանադրական նորմերի կիրարկումը»,- ասաց իրավաբանը։
Հարցերին՝ «հնարավո՞ր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ցույց տալու, որ հակասում է միջազգային փաստաթղթերին, պարտավորություններին, այսպիսի մեխանիզմ գոյություն ունի՞», դասախոսը պատասխանեց, որ ՄԻԵԴ դիմում են Եվրոպական կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների խախտումների պարագայում։
«Ընդ որում, ես Ձեզ ասեմ, որ նաև միջազգային ատյաններ դիմելու հնարավորություններ կան։ Բայց մինչև միջազգային ատյաններ դիմելը, շատ ավելի գործուն մեխանիզմներ կան՝ բուհերի ինքնակառավարման ու ինքնավարության սկզբունքներն իրացնելու համար։ Օրինակ՝ մենք 1988 թվականին վավերացրել ենք Մագնա Կարտան՝ Եվրոպական համալսարանների խարտիան։
Եվրոպական համալսարանների խարտիայով հստակ նախատեսված է բուհական ինքնավարությունը, այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի բուհական համակարգը։ Մագնա Կարտայով՝ բուհը, համալսարանը դիտարկվում է որպես քաղաքական և տնտեսական իշխանություններից դուրս հաստատություն։ Այն դիտարկվում է որպես մշակութաստեղծ և կրթություն կազմակերպող հաստատություն։ Հետևաբար ցանկացած քայլ, որն ուղղված կլինի բուհը որևէ ձևով քաղաքական կամ տնտեսական իշխանության վերածելուն, հակասելու է հենց Մագնա Կարտային։ Ու անպայմանորեն և՛ Համալսարանների ասոցիացիան, և՛ տվյալ պարագայում Մագնա Կարտայի սկզբունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունը ողջամտորեն կարձագանքեն ստեղծված իրավիճակին», - եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։