Խոսքի ու խոստումնազանցության, ծրագրեր գրելու եւ դրանք մոռացության տալու մեր օրերում չենք հասցնում անգամ հետեւել, թե որ պաշտոնյան, որ քաղաքական գործիչն ինչ խոստացավ, իր խոստումներից որը կատարեց եւ որը դրժեց: Օրինակ, հիմա ո՞վ է հիշում, որ 2018 թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հանրապետության հրապարակը ժողովրդական իշխանության գերագույն մարմինն է։ Այսուհետ կառավարությունը հաշվետու է այս հրապարակին, ենթարկվում է այս հրապարակին։ Սա նշանակում է, որ մենք քաղաքական եւ տնտեսական կյանքի կարեւորագույն լուծումներ ընդունելիս պետք է ողջ ժողովրդով հավաքվենք այստեղ։ Ժողովուրդը կլիազորի կատարել կամ արգելել այս կամ այն գործողությունը»: Ո՞վ է հիշում, որ 2020 թ. ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր. «2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու եւ հավատավորների թռիչքի տարի, ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի», եւ ասում էր. «2019-ին մենք, ըստ էության, փակել ենք, այսպես կոչված, «80-ականների զենքերի» ամոթալի էջը: Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռք բերեց ՍՈՒ-30 ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր, եւ վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր: 2019-ին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք եւ զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կա՛մ հենց 2019 թ. արտադրության են, կա՛մ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ»:
Ո՞վ է հիշում, որ 2024-ի ամռանն ասում էր` պիտի սահմանազատումը շարունակենք` «որտեղ առաջ ենք, հետ գանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ գնան»: