Հարցազրույց

Մենք պիտի հասկանանք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը. ՔՊ-ական պատգամավոր

Մենք պիտի հասկանանք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը. ՔՊ-ական պատգամավոր

Օգոստոսի 17-ին` Կապանի, օգոստոսի 18-ին` Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անուններից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։ Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր մասնակցում Կապանի միջոցառումներին։ 

Մշակույթի տանը նույն հարկի տակ էին հավաքվել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները, Դանիելյանն ասում է՝ նման միջոցառումներին պետք է մի կողմ թողնել ընդդիմություն- իշխանություն ասվածը։ 

«Կապանը բոլորինս է, եւ նման միջոցառումների ժամանակ պետք է մի կողմ թողնել ընդդիմադիր եւ իշխանական գործընթացները։ Մենք փորձում ենք մեր քաղաքը նման բաներից հեռու պահել»,-ասաց նա։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Կապանին, երբ փաստ է, որ իրենց իշխանության օրոք ադրբեջանցիներն այնքան առաջ եկան, որ քաղաքի կենտրոնից տեսանելին են ադրբեջանական դրոշները։ «Մի հարց եք բարձրացնում, որի պատասխանները պարբերաբար տվել է նաեւ երկրի ղեկավարը։ Չեմ ցանկանում ծանրացնել ձեր հարցազրույցը, նորից մանրամասնել։ Տա Աստված՝ սահմանազատում եւ սահմանագծում կարվի, կունենանք սահմաններ, չի լինի՝ կփորձենք այդ իրավիճակում այլ լուծումներ գտնել»,-նշեց նա:

Իսկ կա՞ սահմանազատման գործընթաց Սյունիքի մարզում, պատգամավորը պատասխանեց՝ որեւէ նոր տեղեկություն չկա։ «Կիրանցի ուղղությամբ ինչ արվել է, դա է, դրանից բացի որեւէ տեղեկության չեմ տիրապետում»,-ասաց Դանիելյանը։ 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հավատացնում էին, թե խաղաղության պայմանագիր կկնքեն Բաքվի հետ միայն այն դեպքում, երբ ադրբեջանական զորքը հետ քաշվի Հայաստանի սուվերեն տարածքներից, օրինակ, Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածից, արդյո՞ք այս պահանջը դեռ օրակարգում է. «Որպեսզի խաղաղություն լինի, մենք պիտի հասկանանք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը, եւ դա հասկանալու համար պետք է լինի սահմանագծում եւ սահմանազատում։ Այնտեղ, որտեղ պարզվի Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն են, բնականաբար պետք է պահանջել, որ դուրս գան»,-նշեց Դանիելյանը։

Իսկ Սեւ լիճը իրենց իշխանությունը համարու՞մ է ՀՀ տարածք, Դանիելյանն ասաց․ «Ոչ թե Սեւ լճի մասին է խոսքը, այլ կոնկրետ դիրքերի, երբ սահմանազատման եւ սահմանագծման քարտեզը կտրամադրեն, Ձեր հարցին կպատասխանեմ»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image