ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբենը վնգստոցներ է անվանում այն ամենը, ինչ չի տեղավորվում «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության» վերաբերյալ կեղծ իշխանական նարատիվում:
Հռետորական հարց Ռուբինյանին՝ ՀՀ որևէ տարածքի արտապատվիրակման դեպքում, ենթադրվո՞ւմ է, արդյոք, վերը նշված սկզբունքների պահպանումը:
Եթե այո, ապա ինչո՞ւ է Ռուբենին ԱԺ փոխնախագահի պաշտոնին ընտրած «մեծարգո վարչապետը» օգտագործել այդ հասկացությունը:
Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, արդյոք, «խաղաղության խաչմերուկի» մասին խոսեր՝ առանց հիշատակելու այդ եզրույթը: Որովհետև «արտապատվիրակում» հասկացության մեջ ներառվում է «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության» սկզբունքների բացառումը:
Դա այդպես է՝ ցանկանա ՔՊ-ական երիտասարդը, թե ոչ: Ու այդ դեպքում ստացվում է, որ վնգստոցն ուղղված էր իր առաջնորդին: Դա ես չեմ ասում, դա ընդամենը վերլուծության արդյունք է:
Երկրորդ, եթե Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներից միայն մեկը՝ Սյունիքով անցնողն՝ իրեն կից ենթակառուցվածքներով, օբյեկտիվորեն չի լինելու «մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո`մեր տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա դա չի՞ ենթադրելու, որ ամեն ինչ չէ, որ գործելու է մեր օրենսդրության համաձայն:
Օրինակ, ինչպես կարող է օտարերկրյա մասնավոր ռազմականացված կազմակերպությունը գործել մեր տարածքի մի մասում՝ մեր օրենսդրության համաձայն, եթե մեր օրենսդրությունում նման հնարավորություն սահմանված չէ:
Այս հանգամանքը բարձրաձայնելը վնգստոց է, թե խորհրդարանի կողմից հետին թվով օրենսդրական նման նորմ կընդունվի՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը: Ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս՝ երբ թշնամու պահանջով ծագել է դրա անհրաժեշտությունը:
Նույն ոգով է, չգիտես մարդկային կամ մասնագիտական ինչ առավելությունների շնորհիվ, խորհրդարանում հայտնված ու նույնիսկ փոխնախագահի պաշտոնին բազմած երիտասարդի սոցցանցային գրառման մյուս կետը: Այն է՝ «Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա:
Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով»: Երիտասարդը պետք է տեղյակ լինի, որ որպեսզի ինչ-որ իրադարձություն տեղի ունենա փոխադարձության հիման վրա, ապա դրա համար անհրաժեծշտ է մեկ կարևոր պայման:
Այն է՝ նույն այդ երևույթի մասին նույնական դիրքորոշում պետք է ունենան այդ հարցում միմյանց առնչվող կողմերը: Որքան ինձ հայտնի է՝ նման բան առկա չէ: Խաղաղություն կոչված գործընթացն անցնում է մեկ կողմի պահանջների և մյուս կողմի՝ դրանք անվերապահ ընդունելու ձևաչափով:
Դա են վկայում թշնամական երկրի ղեկավարի (և ոչ միայն ղեկավարի) բազմաթիվ հայտարարությունները:
Դա է վկայում իրադարձությունների անկողմնակալ մոնիտորինգը: Իսկ դրան հակասող հայտարարությունները կրում են ընդամենը մանիպուլյացիոն բնույթ: Այսինքն, առկա է վտանգի պահին մարդկանց գլխատակին փափուկ բարձ դնելու գործընթաց:
Եվ վերջապես եզրակացությունը. «Սա է ճշմարտությունը:
Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»:
Իրականում, ճշմարտությունը, ինչպես բոլոր դեպքերում է, հակառակն է: Գործող իշխանության պարագայում դրսից ոչ թե հրահանգներ են գալիս, որ կարող են նաև չկատարվել, այլ կատարմանը պարտադիր ենթակա հրամաններ:
Ներսում առկա են մարդիկ, ովքեր կատարում են այդ հրամանները՝ վնգստոց անվանելով հայրենիքի ճակատագրով մտահոգված խոսքը:
Իսկ 2018-ի գարնանը «ժողովրդավարության բաստիոնի հպարտ քաղաքացիներին ագորա» խոստացող իշխանությունն այսօր փորձում է ծայրահեղ վտանգների առումով մարդկանց մտահոգությունը փարատել պաշտոնական տեղեկատվությամբ:
Այսինքն, այնպիսի տեղեկատվությամբ, որին այլևս բացարձակ չեն վստահում գործող իշխանության շնորհիվ ազգային արժանապատվության առումով խնդիրներ ունեցող քաղաքացիները: