Կառավարությունը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ուղարկել Ազգային ժողով, որով փաստաբաններին երկընտրանքի առաջ է կանգնեցրել։ Բանն այն է, որ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովն ունի նաև ոչ դատավոր անդամներ։ Նշենք, որ այս հանձնաժողովը դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն ունի։ Հանձնաժողովը բաղկացած է դատավոր անդամներից՝ Սերգեյ Մարաբյան, Ելիզավետա Դանիելյան, Արման Հովհաննիսյան, Լիլիթ Կատվալյան, Հովիկ Շահնազարյան, Վարազդատ Միքայելյան, և ոչ դատավոր անդամներից, որոնք փաստաբաններ են՝ Հարություն Հարությունյան եւ Էլինա Գյուրջյան։
Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ դատավորների ընդհանուր ժողովի անդամ լինելու պարագայում կասեցվում է փաստաբանի արտոնագրի գործողությունը, այսինքն՝ փաստաբանը պետք է ընտրի՝ կամ դառնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի անդամ և դադարում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, կամ էլ պարզապես չի առաջադրվում այդ պաշտոնին՝ տեղը թողնելով ՀԿ-ների ներկայացուցիչներին։
Այս փոփոխությունների հիմնավորումն այն է, թե իբր փաստաբանների և դատավորների միջև կարող է շահերի բախում լինել։ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ այդ առաջարկի մեջ տրամաբանություն չկա, քանի որ ցանկացած անդամ շահերի բախման դեպքում պարտավոր է ինքնաբացարկ հայտնել․
«Կան հանձնաժողովներ, որտեղ որպես հանձնաժողովի ոչ դատավոր անդամ կան հանրային ծառայողներ, և եթե թիրախային ընտրում են փաստաբաններին, նշանակում է, որ ուզում են, որ կոնկրետ փաստաբան չլինի, այլ ընդհանուր տրամաբանություն կա, որի մեջ մտնում է նաև փաստաբանի բացակայության խնդիրը։ Իրականում սխալ կլինի ասել, որ փաստաբանի առկայության դեպքում ամեն ինչ արդարացված է, բայց քանի որ հանձանոժողովը կոլեգիալ մարմին է, և եթե դատավորի հետ որոշակի դրական կամ բացասական հարաբերություններ կան գործնականից դուրս` անձնական ֆոնի վրա, ապա ցանկացած անդամ, էական չէ՝ փաստաբան կլինի, թե ով, պարտավոր է էթիկայից ելնելով այդ հարցի քննարկումից բացարկվել։ Ըստ իս՝ փաստաբան լինելը իր շատ մեծ, կարևոր առավելությունն էլ ունի․ քանի որ դատական իշխանության հետ ամենաշատը առնչվում են հենց փաստաբանները, այս դեպքում շատ խնդիրներ կան, որ ներսից տեսանելի են, դրսից տեսանելի չեն և հակառակը, իսկ մեր դեպքում մենք դրսից խնդիր տեսնողներն ենք, ինչը միմիայն նպաստում է աշխատանքին։ Ես կարծում եմ, որ դատավոր անդամներն էլ կհավաստեն, որ փաստաբանների ներկայությունն ավելի հեշտացնում և օբյեկտիվ է դարձնում այդ գործընթացը»,- պատասխանեց փաստաբանը։
Հարությունյանին հարցրինք՝ գուցե նպատակը հենց այն է, որ փաստաբաններ չլինե՞ն էթիկայի հանձնաժողովում՝ նկատի ունենալով, որ փաստաբաններն առավել ըմբոստ են և կախվածությունների մեջ չեն․
«Միգուցե, քանի որ մեր մասնագիտությունը՝ փաստաբանությունը ազատ է, մենք մեր գլխին չունենք նախարար կամ պետական վարչական ռեսուրսներ ունեցող անձ ու անկաշկանդ կարողանում ենք քննադատել բոլորին, միգուցե փաստաբան անդամի չլինելը պայմանավորված է դրանով նաև, բայց սա որպես վարկած է, ես միանշանակ չեմ պնդում»,- ասաց Հարությունյանը։
Փաստաբան Էլինա Գյուրջյանին ևս հարցրինք, թե ինչ կարծիք է այդ դրույթի մասով, որ փաստաբանը չի կարող լինել էթիկայի հանձնաժողովի անդամ։ Գյուրջյանը մոտ 1 ամիս առաջ է դարձել հանձնաժողովի անդամ, և մամուլը գրեց, որ նա ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի ընկերուհին է, իսկ Թումանյանցը Կարեն Անդրեասյանի տեղակալն էր, երբ նա արդարադատության նախարարն էր, և, ըստ մամուլի, Գյուրջյանը պետք է Կարեն Անդրեասյանի «աչքերն ու ականջները» դառնար հանձնաժողովի ներսում․
«Այդ մասով քննարկման ենթակա է, բայց առավելապես հանգում եմ նրան, որ դա ունի ողջամիտ նպատակ՝ հաշվի առնելով, որ փաստաբանն իր գործունեության ընթացքում համատեղ կարգապահական հանձնաժողովում հանդես գալով որոշ դեպքերում կարող է շահերի բախման խնդիր լինել, այդ առումով երևի թե արդարացված է այդ դրույթը»,- պատասխանեց Գյուրջյանը։ Փաստաբանին հարցրինք, թե իր գործունեության ընթացքում շահերի բախման քանի՞ դեպք է եղել․ «Դե ես ընդամենը մի ամիս է, ինչ այդ հանձնաժողովի անդամ եմ, այնպես որ չեմ կարող ասել»։
Զրուցեցինք նաև հանձնաժողովի դատավոր անդամ Արման Հովհաննիսյանի հետ․
«Ես այդ նախագծի մասին լսել եմ, անձամբ ծանոթ չեմ, բայց հասկացա, թե ինչ խնդիր են ուզում լուծել այդ նախագծով։ Իմ կարծիքով՝ այն վատ նախագիծ չէ, որովհետև ոչ թե մենք չենք վստահում փաստաբան անդամներին, այլ որպեսզի ավելորդ շահարկումներից զերծ պահի, այսինքն՝ էլ չի քննարկվի, որ այդ դեպքով կարող է կորպորատիվ շահ լինել, փաստաբանը իր գործի բերումով որևէ դատավորի դեմ տրամադրված լինի և հանձնաժողովում քվեարկությունը դրանով պայմանավորված լինի: Թեև, եթե անկեծ լինեմ, նախորդ 3 տարիների ընթացքում, երբ ես աշխատել եմ, իմ գործընկեր փաստաբանների մասով ես նման բան չեմ նկատել երբևէ, որ դրանով փորձեն ինչ-որ անձնական հարց լուծել։ Եթե անձանցից կտրվենք ու նայենք որպես օրենսդրական դաշտ, ապա այն ճիշտ կարգավորում է․ եթե դու մի հանձնաժողովում ես և քննարկում ես այդ մարդկանց հնարավոր կարգապահական խախտումները, ապա իրենց հետ` որպես փաստաբան, գործ ունենալը կարող է որոշակի առումով քեզ կաշկանդել՝ թե դրական, թե բացսական առումով»,- պատասխանեց դատավորը։
Դիտարկմանը, որ փաստաբանները, որպես կանոն, պատրաստված իրավաբաններ են, և նրանց երկընտրանքի առաջ կանգնեցնելը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ փաստաբանները այլևս չընդգրկվեն հանձնաժողովում՝ նախընտրելով իրենց մասնագիտական գործունեությունը, Հովհաննիսյանն արձագանքեց․
«Այո, այդ խնդիրն էլ կա, ճիշտ եք ասում․ այսինքն՝ իրենք պետք է իրենց փաստաբանական բուն գործունեությանը, որը իրենց ֆինանս է ապահովում և այլն, հրաժեշտ տան, բայց հանձնաժողվում էլ իրենք աշխատավարձ են ստանում, որը չեմ ասի, որ քիչ է, բայց չեմ էլ ասի, որ շատ է (ամսական 582 հազար դրամ` Կ․Ս․)։ Հիմա եթե փաստաբանը գնում է այդ քայլին, որ իրեն տեսնում է հանձնաժողովի մեջ, ապա պետք է երևի պատրաստ լինի, որ այդ տարիների ընթացքում ինքը փաստաբանական գործունեությամբ չզբաղվի»,- պատասխանեց Հովհաննիսյանը։