«Կոմիսար Մեգրեն» ամենից հայտնի ֆրանսիական դետեկտիվ սերիալներից է։ Սերիալը ստեղծվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնի՝ կոմիսար Ժյուլ Մեգրեի մասին պատմող 75 վեպերի եւ 28 պատմվածքների հիման վրա։ Այն համարվում է նաեւ ոստիկանական դրամատիկ սերիալ, որն այդ ժանրում 20-րդ դարի դասական սերիալների շարքն է դասվում։ Մեգրեի մասին պատմող առաջին գիրքը Սիմենոնը գրել է 5 օրում՝ 1929 թվականին, երբ իր զբոսանավով կանգ էր առել նիդերլանդական Դելֆսհեյլում։ Հետո արդեն Մեգրեի կերպարի պատվին հուշարձան է կանգնեցվում այդ նավահանգստում։ Կերպարի ստեղծման հարցում թեեւ Սիմենոնը որոշակի հաստատուն գծեր պահպանել է բոլոր գործերում, սակայն անվան հարցում որոշակիորեն տատանվել է՝ իր հերոսին կոչել Ժյուլ Ժոզեֆ Անսելմ Մեգրե, թե Ժյուլ Ամադե Ֆրանսուա Մեգրե։
Համաձայն վեպերի, կերպարը մոտ 180 սմ հասակ եւ ավելի քան 110 կգ քաշ ունեցող բարեհոգի ոստիկան է, որին անվանում են Բարեհոգի կոմիսար, թեեւ նաեւ բավականին փնթփնթան է։ Բացահայտում է ամենալավ կազմակերպված ու իրականացված հանցագործությունները՝ սեփական մեթոդի օգնությամբ։ Միշտ փորձում է հասնել արդարության, սակայն զուրկ չէ մարդկային ապրումներից, կարեկցանքից։ Ծագումով աղքատ ընտանիքից է, անցել է աշխատանքային երկարատեւ ուղի՝ ոստիկանության տեսուչից դառնալով հատկապես ծանր հանցագործությունների քննությամբ զբաղվող քննչական խմբի ղեկավար։ Ուսանել է բժշկություն, բայց ուսումը կիսատ է թողել նյութական անբարեկեցիկ վիճակի պատճառով եւ գնացել է աշխատելու ոստիկանական համակարգում, որտեղ էլ փայլուն կարիերա է կառուցել։ Ոստիկանական ծառայության ընթացքում առնվազն չորս անգամ վիրավորվել է։ Գրական եւ էկրանային հերոսը ամուսնացած է Լուիզա Մեգրեի հետ, որը տնային տնտեսուհի է, սիրում է զրուցել։ Իսկ կոմիսարը նաեւ գուրման է եւ սիրում է համեղ ուտեստներ ճաշակել։ Որքան էլ հետաքրքիր է, դա նաեւ սերիալում է երեւում՝ չափազանց մտախոհ է՝ մեքենա վարելու համար։ Մեքենա չի վարում։ Անհրաժեշտության դեպքում նրանց մեքենան վարում է կինը։ Երեխաներ չունեն։ Այստեղ էլ Սիմենոնը հստակություն չի մտցնում։ Կա՛մ երեխան ծնվել է մահացած, կա՛մ մահացել է ծնվելու ժամանակ։
Կոմիսար Մեգրեի մասին սերիալը նկարահանվել է 1991-2005 թվականին։ Մեգրեի դերում հանդես է եկել Բրյունո Կրամերը։ Անցյալ տարի, հատուկ անգլալեզու լսարանի համար, նոր էկրանավորում էլ է իրականացվել, որտեղ որոշակի փոփոխություններ են կատարվել կերպարում, եւ սերիալը դարձվել է ավելի ժամանակակից ու դինամիկ։
Netflix-ը գիտաֆանտաստիկ ժանրի սերիալ է փակում։ Netflix-ի ստրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ փակում է գիտաֆանտաստիկ ժանրի «Ալիսան՝ սահմանամերձ գոտում» ճապոնական հայտնի սերիալը՝ երրորդ սեզոնից հետո, որը վերջին ամփոփիչ սեզոնն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ սերիալի երրորդ սեզոնն ունեցել է 25 միլիոն դիտում՝ վերջին վեց ամսվա ընթացքում։ Թե ինչու է Netflix-ը որոշել փակել հայտնի եւ սիրված նախագիծը, չի մանրամասնվում։ «Ալիսան՝ սահմանամերձ գոտում» ճապոնական դրաման նկարահանվել է Խարո Ասոյի համանուն գործի հիման վրա։ Սյուժեի հիմքում մի տղայի եւ աղջկա պատմությունն է, ովքեր հայտնվել են անմարդաբնակ դարձած Տոկիոյում եւ ստիպված են վտանգավոր խաղերի մասնակցել։ IMDb-ի գնահատմամբ, այն 10 հնարավորից հավաքել է 7,8 միավոր։
1999 թվականին Օլիվեր Պարկերը Օսկար Ուայլդի համանուն պիեսի հիման վրա նկարահանել է «Իդեալական ամուսին» կինոնկարը, որով պետք է 99-ին փակվեր Կաննի միջազգային կինոփառատոնը։
Այն, ինչպեսեւ կարելի էր սպասել, իր արժանի տեղն է գտել թե՛ հանդիսատեսի սրտերում, թե՛ կինոքննադատների շրջանում։ Անգլիական կինոարվեստը մեծ երկյուղածություն ունի դասական գործերի էկրանավորման հանդեպ, ուստի, ինչպես նկատում են մասնագետները, ֆիլմը դիտելիս զգացվում է, թե որքան հոգատար վերաբերմունք է ցուցաբերվել, որքան աշխատանք է տարվել, ջանք ու եռանդ դրվել, որպեսզի ստեղծվեն Վիկտորիանական դարաշրջանի բրիտանական միջավայրն ու մթնոլորտը։
Ընտանեկան մի միջոցառման ժամանակ անկաշառ քաղաքական գործիչ Ռոբերտ Չիլթերնի տանը, որի կերպարը մարմնավորել է Ջերեմի Նորթհեմը, հայտնվում է գեղեցկադեմ տիկին Լորա Չիվլին՝ Ջուլիանա Մուրը, եւ ժպիտը դեմքին՝ տանտիրոջը սպառնում է բացահայտել անցյալի որոշ մութ էջեր։ Տիկին Չիվլիի կյանքի հավատամքն ամփոփված է մեկ արտահայտության մեջ․ «Աշխարհում ամեն բան կարելի է գնել, միայն որոշ բաներ թանկ են ավելի»։ Կնքվում է գործարք։ Չիլթերնը պետք է պառլամենտում պաշտպանի իր շահերը, իսկ ինքն էլ «լեզուն ատամների հետեւում է պահելու»՝ փորձելով մոռանալ ջենթլմենի կյանքի «որոշ մութ էջեր»։ Իսկ շանտաժի առարկան այնպիսի բան է, որ կարող է հարվածի տակ դնել Չիլթերնի եւ կնոջ՝ Գերտրուդայի ամուսնությունը, որին մարմնավորել է Քեյթ Բլանշետը։ Սկանդալն անխուսափելի կլիներ։ Բայց Չիլթերնը պատրաստ է ամեն գնով պահպանել ամուսնությունը։ Իրավիճակը փորձում է փրկել՝ Չիլթերնին օգնության հասնելով ցինիկ ազնվական՝ լորդ Արթուր Գորինգը՝ Ռուպերտ Էվերեթը։ Նա անթերի արտաքին ունի, ցինիկ է, լավ հումորի զգացում եւ անկաշառ ու աներեր բնավորություն։ Նախկինում նշանադրված է եղել տիկին Չիվլիի հետ եւ որոշում է, որ պետք է օգնի բարեկամին՝ ազատվելու Չիվլիի սարդոստայնից։
Մասնագետները նշում են՝ «Իդեալական ամուսինը» պիեսի հաջողված էկրանավորումն է, որտեղ առկա է ամեն բան, որը հատուկ է լավ կինոնկարին՝ համոզիչ դերասանական խաղ, սուր սցենար, վառ դեկորացիաներ եւ կոստյումներ, այնպիսի հարցերի արծարծում, որոնք ակտուալ են նաեւ այսօր։ Ֆիլմը, իհարկե, պիեսից որոշ տարընթերցումներ ունի, սակայն դա էլ պետք է դիտարկել ռեժիսորական ստեղծարարության կոնտեքստում։