Հասարակություն

Ճամբարակի ուղղությամբ հարաբերական խաղաղ վիճակ է. Օհանյան

Ճամբարակի ուղղությամբ հարաբերական խաղաղ վիճակ է. Օհանյան

Երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունի և Սյունիքի մարզեր ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցնելիս է եղել մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ:

Ըստ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի գրասենյակի՝ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսել ցերեկը ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել: 

«Հրապարակը» Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է համայնքի հետ սահմանին։

Չնայած հարաբերական անդորրին՝ Ճամբարակի դիրքերի ուղղությամբ կրակոցներ լինում են ադրբեջանական կողմից։ «Խաղաղ է այստեղ։ Առանձնապես լարվածություն չկա», - ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը չի փորձել առաջանալ Ճամբարակի ուղղությամբ, բայց կրակոցներ արձակում է՝ «զգացնել տալով, որ կանգնած են, բայց առանձնապես բան չկա»։

Հարցին՝ փորձո՞ւմ են ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ անել, պատասխանեց. «Միշտ են անում։ Իրենց ինժեներական աշխատանքներն ամեն օր էլ անում են, դիրքերի բարելավում և այլն»։ 

Համայնքի օդային սահմանում նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր էլ են նկատվում։ «Մի քանի օր առաջ պտտվում էին։ Խորացել էին, նույնիսկ Ճամբարակ քաղաքի վրա պտտվում էին, գիշերը երևում է։ Ես մեկն եմ նկատել ուշ ժամին», - նշեց Օհանյանը։

Հարցին՝ նկատո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը կարող են ներխուժել Ճամբարակի տարածք, պատասխանեց, որ ոչ։ «Չէ, այդպիսի բան չկա։ Ոչ մի լարվածության նշան չկա, հարաբերական խաղաղ վիճակ է»։

Ըստ նրա՝ բնակչության տրամադրությունները հանգիստ են։ «Ոչ մի բան չկա, 30 տարի այդ վիճակն է։ Գյուղացիներն առօրյա իրենց գործերով են, առանձնապես բան չկա», - եզրափակեց Ճամբարակի փոխհամայնքապետը։

Համայնքի կենտրոն Ճամբարակ քաղաքի միջին հեռավորությունը ՀՀ պետական
սահմանից 1.5կմ է, 15 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ:

ՄԻՊ-ի հայտարարության համաձայն՝ Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ կրակահերթը տևել է մոտ 30 րոպե: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է: Ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image