Որ Փաշինյանը առաջին դասարանի աշակերտի մակարդակից չի բարձրացել, ինքն է խոստովանել․ «Ես 7 տարի նույն դասարանում եմ մնացել։ Եթե սովորած լինեի, այս ամենի մասին շատ ավելի վաղ կխոսեի։ Այն, որ հիմա եմ այդ հարցերը բարձրացնում, խոսում է իմ բացթողումների մասին»։ Ես կասեի՝ յոթ տարի չէ, 43 տարի առաջին դասարանում ես մնացել, ով չգիտի՝ ինչ է պետությունը, պետական արժանապատվությունը, խաղաղությունը, պատերազմը, հերոսները, հաղթանակները, հոգևոր արժեքները, սրբությունները, Եկեղեցին և վերջապես ինչ է նշանակում՝ հայ լինելը։ Ժողովրդական խոսք է՝ «Չոլից մի արջ են բռնում, սովորեցնում»․ Մեղա, մեղա, քեզ սովորեցնել չհաջողվեց։
Մի փոքրիկ զուգահեռ եմ անցկացնելու, որը գաղտնիք չէ, թե ինչու է Սպարապետը պատժել Նիկոլ Փաշինյանին։ Բանակի մասին ավել- պակաս «դուրս է տվել» ։
Ես իմ իմացածը ասեմ։ Արցախյան Առաջին պատերազմը հաղթեցինք, որովհետև հանրության մեջ Բանակի, Եկեղեցու շուրջ տարաձայնություն չկար։ Այդ կառույցները Սրբություն էին։ Հաղթեցինք, որովհետև Բանակն ու Եկեղեցին ամուր էին։ Կողքից Նիկոլը, որն այն ժամանակ ոչ ոք էր, Բանակը փորձեց վարկաբեկել, պատասխանը ստացավ։ Բանակը մեզ համար սրբություն էր ու բոլորս էինք փայփայում։ Մենք էինք՝ Բանակը ստեղծել՝ մեր «ջանից քերելով»։ Երբ Նիկոլ անունով մեկը իշխանության եկավ, ասաց՝ ոչ Բանակն է սուրբ կով, ոչ Եկեղեցին, ինչ ուզում եք, ասեք, ինչ ուզում եք արեք։ Ինքն էլ ստանձնեց գերագույն հրամանատարի դերը։ Տարավ ու ջարդեց, մեր հաղթանակաները թշնամուն տվեց։ Նրա սուրբ կովերը դարձան Բանակի, Եկեղեցու դեմ արշավողները ու մեր հողերը հանձնողները։
Վազգենի ժամանակ ինչ ասել էր, հիմա նույնը ոչ թե ասում, այլ իշխանությունը ձեռքին է, անում է։ Այսինքն նույնիսկ Սպարապետի «քոթակը» նրան չօգնեց, չսովորեց։ Բանակը խայտառակ պարտության տանելուց հետո, երբ էլ ոչ ոք չի հավատում նրան, ասում է` 50 հոգանոց խմբեր կազմեք, ինձ իմաց արեք՝ տանենք մեր սպառազինությունը, ռազմական տեխնիկան ցույց տամ։ Ինչքան նման է յոթ տարեկան առաջին դասարանում սովորող տղային, որն ընկերների մոտ պարծենում է իր խաղալիք հրացանով։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր ազգին, որի պետականությունը ղեկավարում է 43 տարի նույն դասարանում մնացած յոթ տարեկան աշակերտը։