Քաղաքականություն

Արդեն ութերորդ տարին է՝ զբաղված են բացառապես խժդժություններ հրահրելով

Արդեն ութերորդ տարին է՝ զբաղված են բացառապես խժդժություններ հրահրելով

Փաշինյանի գործողություններն այնքան եղկելի ու զազրելի են, որ նույնիսկ Հայաստանի հարեւան եւ բարեկամ երկրներն են ստիպված ամենակոշտ կերպով արձագանքել նրա հակաեկեղեցական գործունեությանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին զավթելու նրա կողմից իրականացվող արշավին: Օրերս, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, հայտարարություն են տարածել Թեհրանի եւ Սպահանի թեմերը, որում ասվում է. «2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էության եւ ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը պատմության հորձանուտներում։ Հայոց եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները, որոնք հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները, ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգեւոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետեւանքներով։ Խստորեն դատապարտելով այս եղկելի հայտարարութունները, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու մյուս բոլոր սպասավորներին։ Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցուն երեւելի եւ աներեւույթ բոլոր չարքերից ու փորձություններից»:  

Սա Թեհրանի եւ Սպահանի թեմերի համատեղ հայտարարություն չէ միայն, այլ Իրանի պաշտոնական դիրքորոշումն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ: Պաշտոնապես Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի եւ Սպահանի թեմերն անջատ են պետությունից եւ ունեն ինքնավարություն, բայց նա, ով գեթ մեկ անգամ եղել է Իրանում, գիտի, որ այդ երկրում ամեն ինչ վերահսկվում է պետության կողմից: Առանց իրանական պետության գիտության եւ համաձայնության Թեհրանի եւ Սպահանի թեմերը չէին կարող նման հայտարարություն անել, այդպիսի կոշտ գնահատականներ հնչեցնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայոց պատրիարքը երբեք նույնաբովանդակ կամ նույնիսկ սրանից ավելի թույլ հայտարարությամբ իր աջակցությունը չի հայտնի Հայ առաքելական եկեղեցուն եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, քանի որ Ստամբուլի պատրիարքի վրա էլ ազդեցություն ունեն թուրքական իշխանությունները, իսկ թուրքական իշխանությունները հիմա հրճվանքով են հետեւում, թե ինչպես է Փաշինյանը հարձակվել եկեղեցու վրա եւ ինչպես է փորձում ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին: Գուցե՝ նաեւ իրենց հորդորով եւ հրահանգով: 

Այսպիսով Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական պայքարը դուրս է եկել Հայաստանի սահմաններից եւ ինչ-որ իմաստով ներպետական-ներհայաստանյան հարցից վերածվել է վերպետականի, կարելի է ասել՝ անգամ միջազգային հարցի: Քանի որ Հայ առաքելական եկեղեցին գործում է ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլեւ նրա սահմաններից դուրս, ապա առաջիկայում պետք է սպասել եւ տեսնել, թե Հայաստանից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու մյուս թեմերն ինչպես են արձագանքելու Փաշինյանի կողմից իրականացվող հարձակմանը, եւ, ըստ այդմ, կարելի է որոշել, թե այդ երկրներից որն ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանի եւ նրա պետականության նկատմամբ: Եթե արտասահմանում գործող թեմերը եւ նրա առաջնորդները Իրանում գործող թեմերի օրինակով իրենց զորակցությունը հայտնեն Հայ առաքելական եկեղեցուն եւ կաթողիկոսին, ապա դրանք Հայաստանին բարեկամ եւ Հայաստանի պետականության պահպանման հարցում շահագրգիռ երկրներ են, իսկ այն երկրները, որոնց թեմական առաջնորդները ծպտուն չեն հանի այս թեմայով, իբրեւ թե չեզոքություն դրսեւորելով կամ ցույց տալով, թե դա իրենց գործը չէ, կամ, առավել եւս, գաղտնի կամ բացահայտ կաջակցեն Փաշինյանի պայքարին, ապա այդ երկրները Հայաստանի բացահայտ թշնամիներն են եւ գործում են Հայաստանի դեմ: 

Ոչ մեկն իրավունք չունի կողքից դիտորդի դերում հանդես գալ կամ կեղծ չեզոքություն դրսեւորել, որովհետեւ նույնիսկ չեզոքությունը նշանակում է լուռ աջակցություն փաշինյանական ապօրինություններին: Ի դեպ, Փաշինյանի կողմնակիցներն արդեն Հայաստանին եւ հայ հասարակությանը սպառնում են խժդժություններով: «Այստեղ հարցը հետեւյալն է․ արդյոք այդ մարդիկ այնքան բարեվարքություն կունենա՞ն, որպեսզի առանց որեւիցե մեծ խժդժությունների թողնեն Վեհարանը եւ իրենք իրենց հավատքին անսալով՝ ավելի մաքուր եւ ավելի բարեվարք կաթողիկոս ընտրեն»,- ասել է ՔՊ խմբակցության կին պատգամավորներից մեկը՝ Լիլիթ Մինասյանը: Նրա խոսքից կարելի է հասկանալ, որ եթե Փաշինյանի կամքը չկատարողներն ընդդիմանան, ապա Փաշինյանն ու լիլիթմինասյանները խժդժություններ են հրահրելու: Սրանք արդեն ութերորդ տարին է՝ զբաղված են բացառապես խժդժություններ հրահրելով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image