«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:
- Պարոն Ստեփանյան, ըստ համացանցում տարածվող լուսանկարների` Արցախում հացի հերթեր են արդեն առաջանում: Ինչո՞ւ են նման հերթեր գոյացել: Արցախից նշում են, որ հացահատիկի պաշարը բավականին մեծ է, գուցե վառելանյութի բացակայության պատճառո՞վ խանութներին հաց առաքել չեն կարողանում:
- Հերթերի հիմնական պատճառը խուճապն է, այո, հացահատիկի պակաս չկա, սակայն կա խուճապային տրամադրություն, ինչի հետևանքով այն ընտանիքը, որը, օրինակ, մեկ օրվա համար երկուսից երեք հաց է գնում, սկսել է գնել մի քանի անգամ ավելի շատ: Հերթերը սրանով են պայմանավորված, սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամերին հացի խանութների դիմաց հերթերը պակասել են: Հանրությունն օբյեկտիվորեն է արձագանքում խուճապին, սակայն կառավարությունից ևս պարզաբանում եմ ստացել, որ Արցախում հացի խնդիր չկա:
- Իսկ կոնկրետ ինչի՞ խնդիր կա այս պահի դրությամբ:
- Այս պահին վառելիքի մեծ խնդիր կա: Իրականում դա խիստ արտահայտված խնդիր է: Եթե քայլեք Ստեփանակերտի փողոցներում, կտեսնեք, որ ավտոմեքենա գրեթե չկա: Հիմնականում հանրային տրանսպորտն է գործում, այն էլ` խիստ սահմանափակ և գերծանրաբեռնված: Ինչո՞ւ, որովհետև գերխնայողաբար են օգտագործում վառելիքը: Եթե այսպես շարունակվի, ապա իրավիճակն ավելի կվատանա: Կառավարությունը որոշում է ընդունել, որ շատ աշխատողներ իրենց աշխատանքն իրականացնեն հեռավար` տնից: Արցախում կա նաև միրգ-բանջարեղենի լրջագույն խնդիր: Գյուղատնտեսությունն Արցախում պատերազմից հետո խիստ տուժել է: Մեր հնարավորությունները փոքրացել են, տեղական արտադրանքը չի բավարարում պահանջարկին: Խանութները դատարկ են, միայն կարտոֆիլ և լոբի, այն էլ` շատ քիչ: Շուտով կլինի նաև կաթնամթերքի խնդիր, որովհետև տեղական արտադրանքով բավարարվել հնարավոր չէ: Ներկրելը դարձել է անհնար, կա նաև շաքարավազի խնդիր: Շաքարավազն առհասարակ խանութներից բացակայում է:
- Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանը բաց տեքստով խոսում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին: Նշում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել անվտանգ:
- Չեմ կարող ոչ մի պարագայում կիսել այդ տեսակետը: ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հասկանան, որ իրենց իլյուզիաներն ու ցանկությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Հայատյաց քաղաքականությունն ի ցույց են դրել բազմիցս: Դեռ Խորհրդային Միության տարիներին է Ադրբեջանն անմարդկային վերաբերմունք ցուցաբերել տեղի հայերի նկատմամբ: Ադրբեջանի նպատակները շատ պարզ են: Ցավալի է, որ այդ ամենից հետո ԱՄՆ-ի դեսպանը նման հայտարարություններ կարող է անել, քանզի փաստերն այնքան ակնհայտ են, ինչպե՞ս կարելի է այդպիսի հայտարարություն անել: Աբսուրդ է նման բանի հավատալը: Ստացվում է, որ իրավիճակն աշխարհաքաղաքական շահերին է հարմարեցվում զուտ:
- Կարծես դժգոհության ալիք կա նաև ռուսական կողմի հանդեպ:
- Նախ պետք է հասկանանք, որ եռակողմ համաձայնագրի երաշխավորը Ռուսաստանն է: Խաղաղապահների ներկայությունն Արցախում նպատակ է հետապնդել Արցախում իրավիճակը պահել կայուն: Էլ չասենք, որ, ըստ նույն համաձայնագրի 6-րդ կետի, Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուսական կողմի վերահսկողության տակ: Ի՞նչ ունենք այսօր. ունենք ռուս խաղաղապահների կողմից սեփական ինքնապահպանման հարցերը լուծելու ակնհայտ պատկեր, սակայն մենք այդ հնարավորությունը չունենք: Լաչինի միջանցքը, եռակողմ համաձայնագրի համաձայն ստացել է հատուկ կարգավիճակ, որովհետև կողմերի կողմից հստակ ընդգծվել է, որ Հայաստանի հետ կապի կենսական նշանակություն ունեցող միջանցք է Լաչինի միջանցքը: Այժմ տեսնում ենք, որ միջանցքի փակ լինելու արդյունքում հումանիտար աղետ է սկսվել: Ռուսաստանը, որպես երաշխավոր, պետք է հստակ գործողությունների դիմի:
- Այսօր մենք գրել էինք, որ ռուսներն Արցախ սնունդ են տանում, բայց միայն իրենց համար: Սնունդը Գորիսից Արցախ տեղափոխում են ուղղաթիռներով: Ինչո՞ւ հայկական կողմն էլ ուղղաթիռներով սնունդ չի տեղափոխում Հայաստանից Արցախ:
- Ուղղաթիռները ռուսների համար են միայն գործում, սակայն դրանց բեռների տարողությունն այնքան էլ մեծ չէ, որպեսզի կարողանա բոլորի համար սնունդ մատակարարել: Այստեղ կա մոտեցման խնդիր: Խաղաղապահը, որը պետք է ապահովեր բնակչության խաղաղ կյանքը, աբսուրդ է, որ մտածում է միայն իր կարիքների մասին: Հայկական կողմը չի ձեռնարկում նման քայլեր, որովհետև հարյուր տոկոսով այդ ուղղաթիռները կխոցվեն: