Քաղաքականություն

Առնվազն 300 տարի մնացել ենք նույն տեղում, եթե ոչ ավելի երկար

Առնվազն 300 տարի մնացել ենք նույն տեղում, եթե ոչ ավելի երկար

«Սա մորալ օրենքներից զուրկ պետություն է, հարգելի բարեկամներ: Սա ՄՕԶանոց է: Նման պետությունը ոչ միայն իրավունք, այլեւ շանս չունի գոյատեւման: Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից: Տա Աստված՝ հայն ազատե, իսկ եթե ոչ՝ թող օտարն ազատե, ու թող օրհնվի այդ օրը»։ Այս տողերի հեղինակը նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանն է։ Երբ կարդացի նրա այս ֆեյսբուքյան գրառումը, հիշեցի Խաչատուր Աբովյանի «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը Հայոց լիս հողը մտավ» հայտնի տողը։ 

Խաչատուր Աբովյանը ռուսներին համարում էր ազատարարներ, ոչ թե այն պատճառով, որ չէր գիտակցում, որ պարսկական տիրապետությունը փոխարինվել է ռուսականով, նա ուղղակի համեմատում էր այդ երկու տիրապետությունները եւ դրանցից նախընտրելի էր համարում ռուսականը։ Ռուսական տիրապետության տակ հայերը հնարավորություն ունեցան ունենալ ազգային դպրոց, Աբովյանը դպրոցական տեսուչ էր, զարգացնել սեփական գրականությունը, մշակույթը, մի բան, որ պարսկական տիրապետության տակ անհնար էր։ Արթուր Համբարձումյանը եւս հասկանում է, որ օտարի կողմից ազատում չի լինում, լինում է մի տիրապետության փոխարինում մեկ այլ տիրապետությամբ, բայց նա վստահ է, որ այն, ինչ կա այսօր, ամենավատթարն է հնարավորից, որ ցանկացած այլ տիրապետություն դրանից ավելի լավ է լինելու։

Ինչո՞ւ են էթնոսները, ժողովուրդները ձգտում ինքնուրույնության, անկախության, որովհետեւ միայն անկախ պետությունն է, որ տվյալ էթնիկ խմբին, ժողովրդին, դրան մաս կազմող յուրաքանչյուր անհատին հնարավորություն է տալիս առավելագույնս պաշտպանել իր քաղաքական եւ տնտեսական իրավունքները, պաշտպանել ազգային ինքնությունը, ինչն անհնար է օտարի տիրապետության պայմաններում, որովհետեւ օտարը որքան էլ բարի, լայնախոհ ու հանդուրժող լինի, միեւնույն է՝ դոմինանտ էթնոսը միշտ ճնշելու է մյուսներին, սահմանափակելով նրանց իրավունքները։ Միայն մի փոքր օրինակ․ Ռուսաստանի Դաշնության զինանշանի վրա կա քրիստոնեության սիմվոլ խաչի պատկերը, ՌԴ-ն բազմազգ եւ բազմակրոն պետություն է, դրան մաս կազմող հանրապետությունների մի մասն իսլամադավան է, կան նաեւ բուդդայականություն դավանող էթնոսներ եւ ազգային ինքնավարություններ, որոնք փորձում են իրենց տարածքներում գերբը պատկերել առանց խաչի, բայց Ռուսաստանի իշխանությունը դա թույլ չի տալիս, որովհետեւ երկրի զինանշանն ընդհանուր է բոլորի համար, իսկ ուղղափառ քրիստոնեությունը համարվում է այդ երկրի պետականաստեղծ տարրերից մեկը։

Ինչո՞ւ են Հայաստանի փրկությունը տեսնում դրսում, դրսի ուժերի կողմից կամ օժանդակությամբ․ պատճառը մեկն է՝ սեփական ուժերով դրան հասնելու անհնարինության գիտակցումը, փակուղում լինելու եւ դրանից ելք չգտնելու արձանագրումը։ Մարդկանց մի մասը մտածում է, որ Հայաստանը գտնվում է ամերիկա-թուրքական տիրապետության տակ, եւ Հայաստանի այսօրվա կառավարիչները չեն արտահայտում հայ հասարակության, նրա անդամների շահերը, նրանք առաջնորդվում են բացառապես ամերիկա-թուրքական շահերով, Հայաստանի տարածքը զիջում են ամերիկա-թուրքական դաշինքին, ոչ թե այն պատճառով, որ դա պետք է Հայաստանին, կամ այդպես է պահանջում Հայաստանի կամ հայ հասարակության շահը, այլ՝ որովհետեւ այդպես է պահանջում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահը։ Հայաստանում հարձակում է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ դարձյալ դրսի թելադրանքով, աղճատվում եւ վերախմբագրվում են Հայաստանի պատմությունը, կրթությունը, մշակույթը` դարձյալ դրսի թելադրանքով, Հայաստանի տնտեսական շահերը ստորադասվում են այլ երկրների տնտեսական շահերին․ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանը վերածում են իրենց ապրանքները վաճառելու շուկայի՝ Հայաստանը ենթարկելով դաժան տնտեսական շահագործման, իսկ կառավարիչները դարձել են նրանց շահերի առաջմղման գործիք։ 

Մարդիկ հարցնում են` իսկ ինչպե՞ս է հնարավոր ազատվել դրսի կառավարիչներից, չէ՞ որ նույն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ադրբեջանն իրենց բացահայտ աջակցությունն են հայտնում Փաշինյանի իշխանությանը։ Արդյո՞ք ընտրությունների միջոցով հնարավոր է լինելու ազատվել օտարի դրածոներից, արդյո՞ք ընտրությունները տալիս են նման հնարավորություն։ Արթուր Համբարձումյանը եւ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը չունի այդ հարցի պատասխանը, բայց նրա ասածի իմաստն այն է, որ եթե ընտրություններով հնարավոր չեղավ ազատվել սրանցից, եթե հայն ինքնուրույն չկարողացավ ազատագրվել, միակ հույսը մնում է օտարի կողմից ազատագրվելը, ավելի ատելի տիրապետությունն ավելի տանելի տիրապետությամբ փոխարինելը։ Բայց երբ հույսը մնում է օտարի կողմից «ազատագրվելը», մնում է գնալ Իսրայել Օրու ճանապարհով՝ գնալ այլ մայրաքաղաքներ եւ սկսել համոզել, որ գան եւ ազատագրեն աշխարհի ամենաքրիստոնյա եւ ամենաճնշված ժողովրդին։ Ստացվում է` առնվազն 300 տարի մնացել ենք նույն տեղում, եթե ոչ ավելի երկար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image