Նախնինների ակտիվության աճի հետ մեկտեղ գործող իշխանությունն, ինքնապահպանման բնազդով առաջնորդվելով, միացնում է թալանի ու կոռուպցիայի, ինչպես նաև այս կամ այն անձի սպանության նարատիվները: Դա բնական երևույթ կդիտարկվեր, եթե ներկաների օրոք թալանը վերացված լիներ: Նախքան պատերազմը ծխախոտի հսկայական խմբաքանակի մաքսանենգ առաքումից սկսված՝ թալանը մնաց, փոխվեցին դերակատարները: Իսկ բազմահազար զոհերի առկայության պայմաններում մի քանի տասնյակ սպանությունների մասին հիշեցնելն ընդամենը վկայում է այդպես խոսողների շրջանում բարոյական արժեքների բացակայության մասին: Նույն երևույթի մասին է վկայում նաև «հպարտ քաղաքացիների» և կամ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» արտահայտությունների ֆոնին նրանց իսկապես տուգանքի մատերիալ (նաև հարկահանության զոհ) դարձնելու գործընթացը: Օրինակները բազմաթիվ են՝ հանրային տրասպորտի սակագինը եռակի թանկացնելու փորձը, փողոցների կարմիր գծերի շրջանակում մեքենա կայանելու վճարի աննորմալ թանկացումը, անշարժ գույքի ու աղբահանության վճարների, պետական բազմաթիվ տուրքերի թանկացումները և այլն, և այլն…
Եվ եթե նախորդ բոլոր թանկացումները հավասար տարածվում էին համարյա բոլոր բնակիչների վրա՝ առաջ բերելով սոցիալական անարդարության, սակայն ոչ խտրականության զգացում, մեծ գումարով բանակում ծառայելուց փրկագնվելու գաղափարը, կարելի է ասել, փակեց այդ բացը: Ի դեպ, 7 տարի առաջ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկած Նիկոլը դրանով խոստովանում է իր պարտությունն այդ հարցում: Ինչը չէր կարող չբերել իշխանության կողմից վարվող սոցիալական քաղաքականության նկատմամբ ժխտողական վերաբերմունքի ամբողջացմանը: Եվ եթե դրան ավելացնում ենք արցախյան խնդրի առնչությամբ հանրության գրագետ ու հայրենասեր հատվածի շրջանում վարչապետի աթոռից կառչած անձին մերժելը, ապա պետք է որ խնդիր չառաջանար Նիկոլին պաշտոնից հեռացնելու հնարավորության առումով: Բայց, դժբախտաբար, իրականության մեջ դա տեղի չի ունենում:
Ի՞նչն է դրա պատճառը: Պատճառը զոհաբերվելու պատրաստ առաջնորդի բացակայությունն է: Այն անձի, ով իշխանափոխության զոհասեղանին կդնի ոչ միայն իր ունեցվածքը, այլև իր անձը: Կարող է պահանջվել նաև հարազատների առնվազն ազատությունը զոհաբերելը՝ հաշվի առնելով, որ երբեմնի «դուխով» Նիկոլի համար իշխանություն պահպանելը կյանքի ու մահվան հարց է: Ի տարբերություն, ասենք, ՀՀ երրորդ նախագահի, ով իր պաշտոնավարման ընթացքում երբեք չանցավ կարմիր գծերը: Ու այդ պատճառով էլ հանգիստ զիջեց իշխանությունը՝ դա ներկայացնելով որպես արտաքին ուժերի ճնշման արդյունք: Ի դեպ, արտաքին ուժերի ճնշումն այսօր 180 աստիճանով փոխել է իր ուղղությունը: Այն, ինչպես տեսնում ենք, միտված է գործող իշխանության պահպանմանը: Ինչը նշանակում է, որ վերը նշված առաջնորդը պետք է դիմակայի նաև նույն այդ ուժերի՝ իր նկատմամբ բանեցվելիք ճնշմանը: Նման պայմաններում վարչապետի աթոռից կառչած անձին իշխանությունից հեռացնելը չի նմանվի թեթև զբոսանքի:
Ի՞նչ է անում ընդդիմությունը նման առաջնորդի առաջ գալու համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ: Նվազագույնը՝ ոչինչ, և նույնիսկ ավելին՝ ստեղծում է նախադրյալներ, որպեսզի չհայտնվի նման առաջնորդը: Առաջին, գեներացնում է ներքին գզվռտոց և անվերջ շարունակում է այն: Երկրորդ, սխալ է հանում Նիկոլին պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր շարժումներ նախաձեռնողներին: Երրորդ, փորձում է կազմակերպել այնպիսի ակցիա (իմփիչմենթը), որն էն գլխից հաջողության հասնելու որևէ շանս չունի: Ու, միաժամանակ, մերժում է մեկ այլ ուժի կամ թեկուզ այլ անձանց կողմից կազմակերպվող նման ակցիային միանալը՝ դա համարելով պատվից ցածր արարք: Մոռանալով, որ առաջնային խնդիրն իշխանափոխությունն է, որպեսզի կանգնեցվի վարչապետի աթոռից կառչած անձի կողմից կյանքի կոչված պարտվողական գործընթացը: Ինչը նման է այն գեղեցկուհու վարքին, ում ցանկանում են ամուսնացնել, սակայն նա բոլոր թեկնածուներին անուն է դնում, իսկ ինքը չի կարողանում գտնել իրեն համարժեք երիտասարդի:
Ու բնական է, որ նման պայմաններում կշարունակվի ոչ միայն պետության ինքնիշխանության անկումը, այլև աստիճանաբար կդրվի պետության գոյության հարցն ընդհանրապես: Որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է դադարեցվի այն, ինչ արվում է այսօր, և արվի ճիշտ հակառակը: