Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները հունիսի 3-ին դադարեցվել են։ ԲԴԽ-ն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով դատարանի նախագահի եւ «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գրությունները։ Լիազորությունների դադարեցման հիմք է մատնանշվում Պողոսյանի առողջական վիճակը, որն անհամատեղելի է դատավորի աշխատանքի հետ։
Նշենք, որ Պողոսյանի լիազորությունները փաստացի դադարեցվել են ԲԴԽ-ում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունից ընդամենը օրեր առաջ։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ըստ վարույթի՝ դատավորը 3 անձի մահվան ելքով վթարի գործի քննությունն այնքան է ձգձգել, մինչեւ անցել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ ԲԴԽ-ում միջնորդության քննությունը նախատեսված էր իրականացնել հունիսի 9-ին, իսկ հունիսի 3-ին դատարանից գրություն է եկել, թե դատավորը հիվանդ է, եւ կարգապահական վարույթը կարճվել է։ Հիշեցնենք, որ կարգապահական վարույթի արդյունքում լիազորությունների դադարեցման դեպքում դատավորը զրկվում է բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, իսկ առողջական վիճակի պատճառով դադարեցման դեպքում նա կստանա բարձր թոշակ։
«Հրապարակ»-ը զրուցել է շուրջ 30 տարի դատավոր աշխատած Գագիկ Պողոսյանի հետ։
- Դուք երկար տարիներ է, ինչ առողջական խնդիրներ ունեք, ինչո՞ւ որոշեցիք հիմա հեռանալ դատական համակարգից։
- Եթե տեղյակ եք՝ ես 2 ամիս տարբեր հիվանդանոցներում էի։
- Ձեր հեռանալը կապվա՞ծ է կարգապահական վարույթի հետ, գուցե չե՞ք ցանկացել, որ իրենք Ձեզ հեռացնեն։
- Բացարձակ։ Կարծում եմ՝ այդ կարգապահական վարույթը նույնիսկ կկարճվեր։
- Հիմնավոր չէ՞ր։
- Իմ կարծիքը դա է։
- Ձեր նկատմամբ իշխանությունների կողմից վերջին շրջանում կողմնակալ վերաբերմունք նկատե՞լ եք։
- Երբեւէ։
- Խոսակցություններ կան այն մասին, որ Ձեզ հրահանգել են՝ ինքնակամ հեռանալ։
- Խոսակցություններ վարողներին ասեք՝ ես էլ հրահանգում եմ, որ իրենք հեռանան, հարմա՞ր է տենց։ Մի մոռացեք` ով եմ ես, 30 տարվա փորձառու դատավոր, չեմ կարծում՝ այս երկրում ինչ-որ մեկը կարող է ինձ հրահանգել կամ երբեւէ հրահանգել է։
- 30 տարվա մեջ հրահանգ չի՞ եղել Ձեզ։
- Այդ հարցն իմաստ չունի։
- Մամուլը տարիներով գրում է, որ Դուք պատվեր կատարող, ամեն իշխանության «սրտի» դատավորն եք եղել։
- Իսկ ո՞ր նման հնչեղություն քննող դատավորներին չեն փնովում այդ ձեւով։
- Այնպես է ստացվել, որ մշտապես իշխանություններին ցանկալի ակտեր եք կայացրել։
- Փորձեք իմ արդարացման դատավճիռները նայել, տեսեք՝ որ գերատեսչություններն են այնտեղ շահագրռգիռ եղել, հարցի պատասխանը կունենաք։
- Արթուր Աթաբեկյանի ղեկավարած ԲԴԽ-ի հետ կարողանո՞ւմ էիք աշխատել։ Ձեր նկատմամբ այս ԲԴԽ-ի ժամանակ ճնշումներ եղե՞լ են։
- Եթե ինձ ճանաչում եք, կհասկանաք, որ չէր կարող լինել եւ անիմաստ էր, իսկ եթե դա գիտեն, ուրեմն չեն փորձի նման բան անել։
- Պարոն Պողոսյան, ամեն դեպքում, ԲԴԽ-ի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, բազմաթիվ վարույթներ են քննում՝ ընդդեմ դատավորների, վարույթներից մեկով էլ Դուք էիք անցնում։
- Մի մոռացեք, որ վարույթների մեծ մասը կարճում են։ Ի դեպ, ասեմ, որ սա իմ նկատմամբ առաջին վարույթը չէ, եւս 3 անգամ փորձ է արվել, եւ կարճվել է, այնպես որ, մտածում եմ՝ սա էլ էր կարճվելու։ Իսկ այն, որ ԲԴԽ-ն պատժիչ մարմին է, նախկինում գուցե եղել են նման երեւույթներ, բայց հիմա վաղ է դրա մասին խոսելը։
- ԲԴԽ ո՞ր նախագահի ժամանակ է դատավորի անկախությունն առավել պաշտպանված եղել, ո՞ր նախագահի կառավարումից եք գոհ։
- Ես երբեւէ անպաշտպան չեմ եղել եւ որեւէ մեկի վրա հույս չեմ դրել։ Իմ պաշտպանվածությունն օրենքով գրագետ աշխատանքն է եղել։ Ես անհատ անձ` որպես դատավոր, որեւէ մեկի հետ շփում չեմ ունեցել, բայց գիտեմ, որ Աթաբեկյանը համեստագույն եւ գրագետ անձնավորություն է եւ մտածում է այս համակարգի մասին, ինչն ինձ համար շատ ցանկալի է։ Գիտեք, իմ աչքի լույսը կլինի այն ԲԴԽ-ն՝ իր անդամներով, որն ի վերջո կլուծի դատավորների այս դժոխային ծանրաբեռնվածությունը, խոսքս հիմնականում վերաբերում է քրեական դատարաններին։ Ի դեպ՝ ասեմ, հարց տվեցիք սկզբում՝ ինչու տարիներ առաջ չհեռացաք, որովհետեւ, կարելի է ասել՝ կիսաերկրաչափական մակարդակով գործերի աճ է տեղի ունեցել, եւ դրա հետ միասին իմ թվաբանական տարիքն աճել է, տարիքս ավելացավ՝ գործերի քանակն ավելացավ, երեխաներս պահանջեցին ուղղակի, որ արդեն պետք է գնալ կենսաթոշակի։
- Վերադառնալով Ձեր խոսքին, թե Արթուր Աթաբեկյանը մտածում է դատական համակարգի մասին, հիշեցնեմ, որ նրա նախագահության ժամանակ ԲԴԽ-ն թույլ է տվել դատավոր կալանավորել։
- Գիտեք, ես չեմ ուզում որեւէ մեկին անձնավորել, որովհետեւ դատավորներն իմ ընկերներն ու գործընկերներն են, բայց եթե դատավորը՝ ինքը, դատական իշխանության հեղինակության հետ խաղում է, էլ ի՞նչ անի ԲԴԽ-ն։
- Դատավորը չի ընդունում մեղադրանքը։
- Դա էլ թող դատարանը որոշի։
- Հիմա Դուք հեռանում եք դատական համակարգից, անցած 30 տարվան հետահայաց նայելով կարո՞ղ եք ասել՝ կա՞ դատական ակտ, որի համար զղջացել եք եւ այժմ այն չէիք կայացնի։
- Ամեն դատավոր էլ Աստծու մոտ պատասխան տալու մի ակտ կունենա, ինձ թվում է՝ եւ ես ունեմ նման ակտ։
- Ի՞նչ բնույթի է, անարդա՞ր եք եղել։
- Ես անարդար չեմ եղել, եկեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ դրա մասին ես Աստծո հետ պետք է քննարկում ունենամ, հուսով եմ՝ մեզնից ոչ մեկը Աստված չի, չէ՞։
- Չէ, մենք՝ բոլորս, մեղավոր ենք։
- Իհարկե, չեմ կարծում՝ այնպիսի դատավոր գտնվի, որ չունենա նման ակտ։