Հարցազրույց

«Հրապարակ». Ստուգում են, թե որքանով է զգոն հասարակությունը, էլ ինչ կարող ենք ջարդել այս հասարակության գլխին

«Հրապարակ». Ստուգում են, թե որքանով է զգոն հասարակությունը, էլ ինչ կարող ենք ջարդել այս հասարակության գլխին

Դատարանը 1 ամսով երկարաձգեց Շիրակի թեմի առաջնորդ, տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը: Հիշեցնենք, որ Սրբազանին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար: «Հրապարակը» զրուցել է Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ:

- Եվս մեկ ամսով երկարացրին Սրբազանի կալանքը: Ինչո՞ւ է Փաշինյանը սարսափում արքեպիսկոպոսից:

- Իրականում այդ հարցը պիտի իրենց ուղղենք, որին իրապես պատասխան չեն կարողանալու տալ: Ենթադրությունների ոլորտից պիտի լինի իմ խոսքը հիմա: Ընդհանրապես այդպես է, Աստվածաշունչ մատյանի մեջ էլ շատ հստակ խոսվում է այդ մասին, որ երբ անօրինությունները շատանան, նշանակում է, որ սերը պակասել է: Իսկ ովքեր ուզում են, որ անօրինությունը շատանա, չեն ուզում, որ սիրո խոսք լինի: Հայրական խոսքի մեջ կարող է լինել խստություն, կարող է լինել ինչ-որ վիրահատական ճշմարտություն, ներքին հիվանդությունները բժշկելու համար նշտարով ինչ-որ թարախային բաներ կտրելու: Այդ խոսքի հզորությունն ունի Միքայել սրբազանը, որն առողջացման կարող է տանել մեր հասարակությանը, արթնության, զգոնության: Դա մեծ վախ է ստի մթնոլորտ ստեղծած մարդկանց համար, շատ մեծ վախ է, որովհետեւ սուտն ինքն իր մեջ շատ վտանգավոր վիճակ ունի: Կհիշեք, մի առակ, փոքրիկ պատմություն կար, որ մեկը գյուղամիջում հայտարարում է, որ տունը վառվեց: Գալիս տեսնում են, որ չի վառվել, ծիծաղում է, ասում է՝ կատակ էի անում: Մեկ, երկու, եւ երբ իրապես տունը վառվում է, էլ եկող չի լինում, որովհետեւ չեն վստահում արդեն այդ մարդուն: Ստի այս քանակը, որի մթնոլորտում մենք հիմա ապրում ենք, ծնում է անտարբերության զգացում, մարդիկ անտարբեր են դառնում ընդհանրապես կյանքի բոլոր վիճակների նկատմամբ։ Իսկ այդ սթափեցնող խոսքը, այդ զորավոր մարդու կերպարը շատ վախեցնող է, որ գուցե արթնություն տեղի ունենա, գուցե ինչ-որ կենսական ուժեր, որ ի վիճակի են ինչ-որ հարցեր լուծելու, առաջնորդություն ստանան, ուղղորդություն ստանան: Ենթադրում եմ, որ այդպիսի մտավախություններ ունեն, որովհետեւ ամբողջ խնդիրը 2026 թվականի ընտրություններին վերարտադրվելու մոլուցքն է։ Ինչո՞ւ, որովհետեւ անդադար սխալներ գեներացնող մարդն ուզում է բոլորին համոզել, որ ինքը ճիշտ էր:

- Գլխավոր մեղավորին մի պահ մի կողմ թողնենք, ինչի՞ մասին պետք է մտածեն Սրբազանի կալանքը երկարացնող դատավորը, դատախազը, իրենք ի՞նչ ճանապարհ են ընտրել: Չէ՞ որ Փաշինյանը չէր կարող այս ամենն անել առանց հրահանգ կատարողների:

- Ես գիտեմ, որ այդ գլխավոր մեղավորը՝ Ձեր ասած, ես եմ: Այս վիճակը, որ հիմա կա մեր մեջ, հոգեւոր անդաստիարակության արդյունք է, եւ դրա ամբողջ պատասխանատվությունը դրված է ինձ վրա: Այսինքն՝ հոգեւոր իմունիտետի պատասխանատուն ես եմ: Անշուշտ, իմ անձով պայմանավորված չեմ ասում դա, իրականությունը հետեւյալն է, որ մտրակի իմ անգործությունը հիմա ինձ է վերադառնում: Սա մեծ ցավ է ինձ համար, շատ մեծ ցավ, որպես հայրիկ եմ ասում, որպես դաստիարակության համար պատասխանատու մեկն եմ ասում, որովհետեւ սա ընտանեկան հարց է: Տեսեք, այդ մարդը հայտնվում է կռապաշտության մեջ՝ աստվածապաշտությունը լքելով, ուրիշ միջավայր չկա, եւ չեմ կարող քաղաքական մեթոդներով քննել: Ստացվում է՝ մարդը հայտնվում է մի կուռքի պաշտամունքի մեջ, իսկ այդ կուռքը պատեհությունն է, դրա համար ասում ենք պատեհապաշտ: Այսինքն՝ այս պատեհ առիթը եղավ, հիմա մենք ենք թալանում, հիմա մենք ենք այդ ձիու վրա նստած, հիմա ես եմ որոշումներ կայացնող այդ մեծ անձը, հիմա ես եմ… դա հպարտության, եսամոլության դրսեւորումներից մեկն է, կռապաշտության խորքերից մեկն է, եւ այդ տեսակ մարդիկ հոգեւոր առումով երբ որ պաշտպանված չեն աստվածապաշտությամբ, նրանք միանգամից ընկնում են կռապաշտության մեջ, այսինքն՝ օտար բաներ պաշտելու մեջ: Առաջին պատվիրանը հենց դա էր՝ կեղծ աստվածներ ձեզ համար չստեղծեք, չպաշտեք: Հիմա այս մարդիկ կարող է ինչ-որ մի օր, ինչ-որ մի մկրտության ժամանակ կանգնած, իրենց անհանգստություն պատճառող մի բան են տեսել եկեղեցու, ամենաթեթեւ բաները։ Եկեղեցու հետ չշփվող մարդը, որ արտաքինից նայում է ու նեղվում է, ու այդ նեղվածությունը հիմա մի մեծ բանով ուզում են շպրտել, թքել, կեղտոտել, սրանք չարության շատ խոր վիճակներ են, այս վիճակը մեզ կործանման է տանում:

- Ասացիք, որ այս ամենը վերարտադրման համար է արվում, արդյո՞ք սա հիմք է տալիս ենթադրել, որ փաշինյանական ռեժիմն ամեն ինչ կանի, որպեսզի մինչեւ հաջորդ ընտրությունները անազատության մեջ մնան թե՛ Միքայել, թե՛ Բագրատ սրբազանները:

- Դժվար է որեւէ բան ասել այդ առումով, որովհետեւ չարի տեխնոլոգիաները եւ գործելակերպերը կանխատեսելը շատ դժվար է: Ընդհանրապես, պետությունը մեզ համար միշտ ընկալվել է որպես բարության երաշխավոր, բարության պաշտպան, եւ բոլոր օրենքները, բոլոր կարգուկանոնները միտված են եղել համընդհանուր շահի, համընդհանուր բարօրության համար: Հիմա եկել են ժամանակներ, որտեղ որ նենգամտորեն, չարամտորեն պետության լծակները կարող են ծառայեցվել նաեւ չար նպատակների: Եվ այստեղ մեր ժողովուրդը մի տեսակ տարակուսանքի մեջ է հայտնվել, որովհետեւ ենթադրում են, որ սպասելիքը պետությունից պիտի լինի դրական, կառուցողական, կարեւոր գործերի եւ այլն, եւ այլն։ Բայց տեսնում են, որ հիմա մի տեսակ անտեսվել է այդ կարեւորագույն գործը: Սա ինձ համար ամենասարսափելի փոփոխությունն է, որ տեղի է ունենում մարդկության մեջ, հատկապես՝ հայերիս մեջ, որովհետեւ այդ համասեռամոլներին հնարավորություններ տալը, ինչ-որ մարդու իրավունքների անվան տակ ինչ-որ գործողություններ խրախուսելը, չարության ճանապարհը չսանձելը, չխոչընդոտելը պետության գործառույթից դուրս է գալիս: Սա նշանակում է, որ մենք շատ ավելի ահավոր վիճակների ենք գնալու, որովհետեւ մարդը հստակ կանգնեց ու ասաց, որ եթե իր հետ համաձայն չլինեին, պետք է որ հեղափոխություն արած լինեին, եթե հեղափոխություն չեք արել, նշանակում է՝ ինձ հետ համաձայն եք: Չարի խարդավանքներ անելու, բանսարկություններ անելու բոլոր գործիքակազմերն օգտագործվում են՝ բոլոր: Եվ այստեղ դժվար է հասկանալ՝ իրենց գործիքների մեջ այդ ԱԱԾ-ն, մյուսները, այդ հաշվարկներն ինչ հաշվարկներ են, ոնց են իրենք իրական, կենսական ուժերին ճանաչում, ինչքանով են լսել, ինչ են լսել, ինչ են համադրում, էլ ինչեր կարող են անել՝ դա անկանխատեսելի է: Չարի գործելակերպը միշտ էլ անկանխատեսելի է՝ լի խաբեություններով ու սադրանքներով, այդ իսկ պատճառով դժվարանում եմ որեւէ բան ասել: Անշուշտ, մեր կեցվածքը մի տեսակ համապատասխան չէ, մեր ժողովրդի կեցվածքը համապատասխան չէ: Այդ համապատասխանության արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքն է մեր մեջ կոտրվել, այսինքն՝ ամեն մեկն իր մեջ պիտի այդ արժեքների սանդղակն ունենա, որպեսզի ինքն իրեն տեսնի անհամապատասխանություն՝ այդ սանդղակի հետ: Եթե այդ սանդղակն իջեցված է շրիշակի մակարդակի, մարդիկ չեն տեսնում, որ անհամապատասխանություն կա: Այսքան բան է կատարվում, չէ՞, օրինակ, Եղեռնի հուշահամալիրի հետ կապված, մի տեսակ ոնց որ տեսնես, որ չարն ինչ-որ ձեւով անընդհատ այդ զգայուն թեմաների միջոցով զգոնության չափ է կարծես որոշում։ Թե որքանով է զգոն հասարակությունը, այսինքն՝ էլ ինչ կարող ենք գլխին ջարդել այս հասարակության: Չարամտությունն այդտեղ շատ հստակ երեւում է, եւ սրա դեմ պայքարելու միակ զենքը լուծումն է, ու լուծումներ միշտ կան: Հիմա իրենք մթնոլորտ են ստեղծում, թե լուծումներ չկան, որ դուք սենց եք, նենց եք, որ կարողություններ չունեք, որ դուք պատերազմ պարտվեցիք, Արցախը ձերը չէ՝ Արցախն իրենցն է, հիմա կգան կասեն՝ էս էլ չի ձերը, էն էլ չի ձերը, այսպիսի պրոցեսի մեջ են մտցրել: Սա շատ հստակ երեւում է, մեր մեջ բուն դրած ստրկամտության աղետալի հետեւանքները եւ ստրկատերերի հեգնական վիճակը, թե ովքեր են, ինչ են, ոնց են՝ դա արդեն քաղաքականության գործն է, թող իրենք քննեն, բայց իրականությունն այդպիսին է: Մենք պիտի դուրս գանք ստրկամտությունից, իրական ազատության մեջ մտածելու կարողություն ձեւավորենք՝ դա աստվածային միջավայրն է, Աստծո խոսքը կյանքի կոչելն է, աստվածային մեր ծրագիրն ունենալը, մեր ազգային նպատակների սահմանումը, դրան հասնելու ճանապարհը: Ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image