Ուղիղ մեկ տարի առաջ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չհամաձայնեց հրաժարվել Սահմանադրության մեջ առկա կայուն մեծամասնության հոդվածից։ «Ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունն ախտորոշելուց հետո»,- հայտարարել էր արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, որն ի պաշտոնե ղեկավարում էր խորհուրդը։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են 2027 թվականին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն գործող խորհրդի կազմում ներգրավված «քաղհասարակության» ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչներն առաջարկում էին չսպասել մինչեւ 2027 թիվը` այս դրույթը խորհրդարանի քվեարկությամբ փոխել՝ մինչեւ 2026-ի ընտրությունները։
Մեկ տարի անց խորհուրդը որոշել է հրաժարվել այս ամենաքննադատված դրույթից: Բայց այս դրույթը հաջորդ ընտրություններին` 2026-ին, դեռ կգործի: Իսկ այն տարբերակները, որոնք պատրաստվում են կիրառել «կայուն մեծամասնության» դրույթի փոխարեն, առանձնապես փայլուն լուծումներ չեն, եթե չասենք՝ իշխանության օգտին լուծումներ են։ Այսպես․ ըստ 2015 թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության 89-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Սակայն մայր օրենքի նույն հոդվածը սահմանում է, որ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Ինչ է դա:
Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն․ «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»:
Եթե ավելի պարզ ասենք` Ազգային ժողովում մանդատները բաշխվում են ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջեւ, եթե որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին, եւ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կառավարող կոալիցիա, ապա նոր ընտրություններ են նշանակվում` նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, եւ երկրորդ փուլի հաղթողը խորհրդարանում ունենում է մեծամասնություն ու ձեւավորում է կառավարություն:
Այլ կերպ ասած՝ ընտրությունների արդյունքում կարող են առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերը ստանալ, ասենք, յուրաքանչյուրը մոտ 25-ական տոկոս, բայց երկրորդ փուլի շնորհիվ այդ ուժերից մեկը կստանա խորհրդարանական մեծամասնություն եւ միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն: Եվ դա՝ անկախ նրանից, թե ընտրատեղամաս եկած քաղաքացիների ընդամենը մեկ քառորդն է ընտրել այդ ուժին:
Հենց այս դրույթի համար էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ժամանակին անխնա քննադատում Սերժ Սարգսյանին, թե «իր հագով կոստյում է կարել», որ հավերժ իշխանության մնա: Եվ խոստանում էին իշխանության գալուն պես հրաժարվել այդ դրույթից, սակայն 8 տարի վայելեցին Սերժ Սարգսյանի «կոստյումը» եւ հիմա հայտարարում են, թե հրաժարվում են կայուն մեծամասնության, երկրորդ փուլ գնալու դրույթից, բայց դա կլինի, լավագույն դեպքում` 2031 թվականի ընտրություններին։
ՔՊ-ում վախենում են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, եւ ուզում են այդ սցենարով` արհեստական բոնուսներով իշխանություն ձեւավորել (պահել) եւս մեկ ժամկետ: Սահմանադրական խորհրդի անդամ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, հիմա հայտարարում են կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու մասին, որ մեղմեն իրենց հասցեին քննադատությունը, որ ուրիշի «կոստյումի» մեջ լավ տեղավորվել են, ինչպես նաեւ՝ Սահմանադրությունն Ալիեւի պահանջով փոխելու ժամանակ քարոզչական հաղթաթուղթ ունենան: «Սա սովորական PR քայլ է` այն իմաստով, որ այդ առաջարկը, որ մենք արել ենք, առաջարկել ենք, որ խորհրդարանում այդ դրույթը փոխվի մինչեւ 2026 թ. ընտրությունները, այսինքն՝ 2026-ի ընտրություններն անցնեն առանց կայուն մեծամասնության դրույթի։ Իրենք մերժել են, մենք քննադատել ենք, անգամ ասում էինք` Մուսոլինիի ներդրած համակարգով ո՞նց եք ուզում դուք շարունակել։ Որպեսզի այդ քննադատությունը մեղմացնեն, հայտարարում են, որ համաձայնության ենք եկել, եւ կայուն մեծամասնության ու երկրորդ փուլ գնալու դրույթը հանվել է, բայց որ հարցնենք՝ երբ, կասեն՝ այ, որ 2026 թվականի ընտրություններին գնանք, հետո սահմանադրական հանրաքվե անենք Ալիեւի պահանջով, Ալիեւի տնային աշխատանքը կատարենք, այ, դրա մեջ կլինի նաեւ այս դրական կետը, եւ 2031 թվականի ընտրություններին այդ նորմը կաշխատի, սա էլ՝ այն դեպքում, որ Ալիեւի տված տնային աշխատանքը կատարվի, որովհետեւ Սահմանադրությունը փոխելու թեման հիմա այլեւս դեֆորմացվել է եւ դարձել Ալիեւի հանձնարարություն, որին մենք դեմ ենք արտահայտվել: Ուզում է աշխարհի ամենալավ բաներն էլ դրա մեջ գրեն, որ մարդկանց խաբեն, տանեն «այո» ասելու, դրանից բան չի փոխվելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ սա «կիսաքայլ» լուծում է: «Սա խաբկանք է, եթե իսկապես ուզում են պատմական որոշում ընդունել, հիմա կարող են այդ փոփոխությունը խորհրդարանով ընդունել եւ հրաժարվել այդ դրույթից»։
Մարուքյանն ասում է, որ անգամ անիմաստ է համարում մտնել դետալային քննարկման մեջ, թե ինչ դրույթով է կայուն մեծամասնությունը փոխվելու։ Երեկ մենք գրել էինք, որ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգում 3 տարբերակ է դիտարկվում, թե ինչ է լինելու, եթե որեւէ ուժ մեծամասնություն չի ձեւավորում, ու կոալիցիա չեն կազմում եւ երկրորդ փուլ էլ չեն գնում, որ հետո բոնուսներով կայուն մեծամասնություն ձեւավորվի։ Առաջին տարբերակը․ ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձեւավորելու», լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Բնական է, որ, չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։
Երկրորդ տարբերակը․ կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:
Փոքրիշատե ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի` կլուծարվի, այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։ Սա էլ պերմանենտ ընտրությունների մեջ երկիրը ներքաշելու ուղին է: