Ազգային Ժողովը հունվարի 27-ը հռչակեց Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Երեկ վաղ առավոտյան, մինչ Եռաբլուր կժամաներ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավը, Եռաբլուրում տեղակայվել էին գվարդիայի մեծաքանակ ուժեր, դիպուկահարներ։ Այնտեղ էին նաեւ հերոսների ծնողները, որոնք եկել էին հսկելու իրենց զավակների գերեզմանները, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, թույլ չտան Փաշինյանին՝ մոտենալ իրենց զավակների գերեզմաններին ու պղծել իր ներկայությամբ:
«Հրապարակի» հետ զրույցում մեր գործընկեր, հերոսի մայր Ալիսա Գևորգյանն ասաց, որ սա օր է՝ ոչ մի բանի մասին:
«Օր՝ ոչ մի բանի մասին: Լավագույն դեպքում կարելի է ասել Հոլոքոսթի զոհերի հիշատակը հարգելու օր, գոնե այսպես, ինչ-որ մի ժողովրդի ցեղասպանությունը հարգելու հիշատակի օր: Իսկ նպատակը նման օր սահմանելու ընդամենը մեկն էր, իսկ օրերը հենց այնպես չեն ծնվում, դրանք կոնկրետ իրադարձությունների հետ են կապված լինում: Իսկ այս ոչ մի բանի մասին օրը նպատակ ուներ ընդամենը ջնջեր այն մնացած օրերը, որոնք արժանի էին, որոնք պիտի հիշատակվեն և որոնք նաև 2020 թվականից հետո պետք է հիշեցնեն այս ժողովրդին, թե այս ոճրագործությունների հեղինակը, այս ազգային աղետի հեղինակներն ովքեր էին: Ուղղակի դա ջնջելու, պատմությունը ջնջելու, իրական ամսաթվերը իրենց պատմություններով ջնջելու նպատակ են հետապնդում: Նաև նպատակ՝ գոնե ունենալ օր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարող են ուղղակի անխոչընդոտ ներխուժել Եռաբլուր, որովհետև այն հիշատակի օրերին, որ նրանք գնում էին, ծնողները խոչընդոտում էին, որովհետև նրանց ներկայությունը պղծություն են համարում Եռաբլուրում՝ մեր տղաների հիշատակի առաջ»,-շեշտում է անմահացած հերոսի մայրը:
Սա իշխանությունների օրն է, որը այդ օրը կայցելի Եռաբլուր և զերծ կմնա այն մեղադրանքներից, որ չեն գնում, չեն հարգում զոհվածների հիշատակը: Սա, ըստ էության, իշխանությունների կոմֆորտն ապահովելու համար է, այնպես որ ինչ արել են՝ իրենց համար են արել, ինչպես ամեն ինչ այս երկրում, նկատում է հերոսի մայրիկը:
«Դա մեզ հետ, մեր տղաների հիշատակի հետ որևէ կապ չունի»,-ասաց Ալիսա Գևորգյանը: Ինչ վերաբերում է Եռաբլուրում դիպուկահարների առկայությանն ու մեծաթիվ ուժային ծառայողներին, ինչի՞ց է այդքան վախենում Փաշինյանը։ Հերոսի մայրն ասաց. «Փաշինյանը վախենում է իր գործած մեղքերից, ինքը գիտի, որ ինքը ոճրագործ է, ինչ ուզում է լինի, այս մարդու ուղեղն աշխատում է: Ինքը գիտի ինչ է արել, քանի մարդու տուն է քանդել, ինքը գիտի քանի երիտասարդի արյուն է խմել, քանի կյանք է խորտակել, ինքն այս ամենը գիտի: Ինչքան էլ այս ամենը, հազարավոր մարդկանց դժբախտությունը, գաղթական դարձած արցախցիներին, հազարավոր ծնողների զոհերին դա մոռացության մատնի, բոլոր ձևերը հնարի, որպեսզի այս մարդիկ իրենց վշտով, իրենց ցավով, իրենց ճակատագրերով մոռացության մատնվեն ու այս ամեն ինչը փաթեթավորի, բանծիկն էլ վրան դնի, մի հատ էլ սրտիկ ավելացնի, որ այս ժողովուրդն այս ամենը ընկալի որպես երջանկություն, խաղաղություն և խաղաղության օրակարգ, միևնույնն է, վերջում գիշերը ինքն իր հետ մենակ է մնում: Ինքն ամեն րոպե գիտակցում է, թե ինքը ինչ ոճրագործ է, իր նման ոճրագործներին շարունակ, անընդհատ, անընդմեջ հետապնդում է վախը, այ էդ վախն է, որը ծնվում է հենց այդ գիտակցումից, որ ինքը ոճրագործ է»,-եզրափակեց Ալիսա Գևորգյանը: