Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որով հայտարարեց «ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու» պատրաստակամության մասին։ Բանաձեւի նկարագրությունն էլ է հուշում, որ դրանից մեծ բան ակնկալել չարժե, սակայն եղան մարդիկ, որոնք Հայաստանի փրկությունը կապեցին այս բանաձեւի ընդունման հետ, թե` Հայաստանը քիչ-քիչ մտնում է ԵՄ կազմ։ Առհասարակ, ցանկացած միության անդամակցելը՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի պարագայում, 2 բաղադրիչ ունի՝ տնտեսություն եւ անվտանգություն։
Էներգետիկ եւ անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին հարցրինք՝ Եվրապառլամենտի ընդունած բանաձեւը Հայաստանի համար ի՞նչ հեռանկարներ է բացում։ «Սա Հայաստան պետության կործանման վերջնական քայլերից մեկն է, որովհետեւ, նախ, Եվրապառլամենտի որոշումներն իրավական որեւէ ուժ չունեն, այսինքն՝ ԵՄ-ն դրանք կարող է դիտարկել, կարող է եւ չդիտարկել, դրանք ընդամենը բարոյական որոշակի ուժ ունեցող բան են։ Երկրորդը․ Հայաստանը ԵՄ-ին հետաքրքիր է այնքանով, որքանով նրանք փորձում են Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար: Քանի դեռ փաստացի ԵՄ-ն ուկրաինական դաշտում ուկրաինացի զինվորների հաշվին պատերազմում է Ռուսաստանի դեմ, իր համար շատ կարեւոր է ցանկացածին պոկել Ռուսաստանից, քանի այդ հնարավորությունը կա, իրենք դրանից կօգտվեն։ Աստված չանի՝ եթե դա իսկապես իրականանա, այսինքն՝ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու, որին մեր հարեւան Վրաստանը, օրինակ, 20 տարի սպասում էր: Նույնիսկ թեկնածություն ստանալու դեպքում Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին հարվածի տակ է հայտնվում։ Թե՛ ԵՄ-ն, թե՛ ԵԱՏՄ-ն ձեւավորվել են տնտեսական բլոկի վրա, եւ երկու դեպքում էլ կարեւորվել են հենց էներգետիկ բլոկները։
Եթե ուսումնասիրենք ԵՄ պատմությունը, ապա կտեսնենք, որ դրանք 2 խոշոր էներգետիկ պայմանագրեր էին, որոնք հետագայում միավորվեցին, մեկը, այսպես կոչված, «ածուխի եւ մետաղի» պայմանագիրն էր, երկրորդը՝ Եվրոատոմի, որոնք հետագայում միավորվեցին, Հռոմի հայտնի համաձայնագիրը կնքվեց, եւ սկսվեց ԵՄ գործունեությունը։ Նույն տրամաբանությամբ սկսել է գործել ԵԱՏՄ-ն․ եթե ԵԱՏՄ կանոնադրությունը կարդաք, ապա նպատակն ընդհանուր էներգետիկ դաշտ ստեղծելն է, որպեսզի էներգակիրները լինեն հնարավորինս էժան։ Այսինքն՝ եթե մենք դառնանք թեկնածու, որին 20 տարի Վրաստանն է սպասել, 50 տարի Թուրքիան է սպասում, ապա կզրկվենք ողջ էներգետիկ աջակցությունից, որը ստանում էինք Ռուսաստանից, այսինքն՝ էժան գազից, ատոմակայանը եւս աշխատում է ռուսական ուրանով, որը եւս էժան գնով է տրվում, եւ ամենավտանգավորը՝ կտրվում ենք ռուսական շուկայից, իսկ Հայաստանից պատրաստի գյուղատնտեսական ապրանքի 80 տոկոսը գնում է ԵԱՏՄ շուկա։ Հետեւաբար, այս ամենից զրկվելով՝ դու հասնելու ես տնտեսական կոլապսի, եւ իրավիճակը դառնալու է իսկապես շատ ողբերգական»,- պատասխանեց Մանվելյանը։
Փորձագետը պատկերավոր համեմատություն է անում․ «ԵՄ թեկնածուի կարգավիճակը նման է դռանը կապած շան կարգավիճակին, որին չեն թողնում տուն մտնել, նրա գործառույթն ընդամենը այդ դուռը վերահսկելն ու ուրիշների վրա հաչալն է, բայց չեն էլ թողնում, որ նույնիսկ այգում վազվզի, միշտ պիտի դռանը կապված լինի։ Սա այն կարգավիճակն է, որում գտնվում են շատ պետություններ, եւ առաջնայնությունը ԵՄ-ն միշտ տվել է այն պետություններին, որոնք Ռուսաստանի եւ եվրոպական պետությունների միջեւ կարող են բուֆերային դեր խաղալ։ Օրինակ՝ բալթյան երկրները դարձան ԵՄ անդամ, որովհետեւ իրենք այդ բուֆերն են, նույնը՝ արեւելաեվրոպական երկրները, Ուկրաինային էլ էին դիտարկում` թեկնածու ընդգրկելու առումով, որ էլի այդ բուֆերը դառնա։ Այսինքն՝ եթե դու բուֆերի դեր ես խաղում ու մտնում ես ռուսաֆոբիայի դաշտ, ապա դու նաեւ Ռուսաստանից համարժեք պատասխանն ես ստանում, ինչը մեզ համար կարող է լինել ռուսական շուկայի փակվելը, որը Հայաստանի համար աղետալի է լինելու»։
Բայց հայ արեւմտամետները քանի օր է՝ էքստազի մեջ են, ասում են, որ այս բանաձեւով ԵՄ-ն վերջնական ցույց տվեց, որ Հայաստանին ավելի շատ է սիրում, քան Ադրբեջանին, եւ թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Մանվելյանն արձագանքեց․ «Դե, դա մտավոր դեգեներատիզմի մեկ այլ ծայրահեղ դրսեւորումներից է, որովհետեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզ անգլերեն տեքստով արտասանել է, որ իրենց ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է, էդ մարդն էլ ո՞նց ասի։ Եթե Թուրքիան պետք է կանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը, ապա մեր արեւմտամետներին կարելի է ողջունել կամ շնորհավորել, որովհետեւ իրենք հասել են փայլուն հաջողության՝ Թուրքիայի միջոցով ուզում են կանխել Ադրբեջանի հարձակումը»։