Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ իրավիճակ հանդարտ է։
«Հրապարակի» հետ զրույցում հանայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ «իրավիճակը նորմալ է, դեպքեր չեն գրանցվել»։
Հարցերին՝ ադրբեջանցի զինվորների ավելացում եղե՞լ է, ինչ-որ ամրաշինական աշխատանքներ կատարո՞ւմ են, պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ավելացում եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ինչ-որ տարօրինակ շարժեր չեմ նկատել։ Մեր բանակային կորպուսից էլ չեմ կարող ասել՝ ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ»։
Հարցին՝ գիշերը կրակոցներ, սադրանքներ եղե՞լ են ադրբեջանական կողմից, համայնքապետը պատասխանեց, որ ոչ։ «Չէ, գիշերը դիրքերում եմ եղել, մեր վարչական տարածքում կրակոցներ չեն եղել, ամեն ինչ հանգիստ է եղել։ Լուսադեմին նոր եկել եմ, բան չեմ նկատել, մինչեւ հիմա [ժամը 16:34-ի դրությամբ] էլ ոչ մի բան չկա», - հավելեց նա։
Համայնքապետն ասաց, որ Ռուսաստանում տեղի ունեցած բանակցություններից որևէ տեղեկություն չունի․ «Ես չեմ կարող ասել, դրա մասին որևիցե տեղեկություն չունեմ։ Այդ մասին չեմ կարող որևէ նորություն ասել»։
Շադունցի խոսքերով՝ գյուղի բնակչությունն իր առօրյա գործերով է զբաղվում։ «Բնակչությունը՝ նորմալ, ամեն մեկն իր գործերով է զբաղվում։ Խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները սկսել են։ Խոտհունձը սկսել է։ Անասնապահությամբ զբաղվողներն արդեն անասունը տեղաշարժում են դեպի բարձրադիր գոտիներ, դեպի սար են տանում։ Մնացածն էլ իրենց բնականոն կյանքով ապրում են», - նշեց նա։
Հարցին՝ Տեղի ուղղությամբ որքա՞ն են մխրճվել է ադրբեջանական ուժերը համայնքի տարածք, պատասխանեց․
«Կոնկրետ մեր համայնքի վարչական տարածքով նախկինում ինչպես եկել-կանգնել են, այնպես էլ մնում են կանգնած։ Միակ դեպքը, որ եղել է, Խոզնավարի [Տեղի բնակավայր] հատվածում է եղել՝ Սև լճի վերևի հատվածում։ Դա եղել է մոտ 10-12 օր առաջ, այնտեղից մենք հետ ենք տվել, առայժմ որևէ փոփոխություն չկա»։