Մշակույթ

«Հրապարակ». Դա ոչ թե խաղաղության, այլ հարցականներով ու ամենալուրջ ռիսկերով լի խաչմերուկ է

«Հրապարակ». Դա ոչ թե խաղաղության, այլ հարցականներով ու ամենալուրջ ռիսկերով լի խաչմերուկ է

«Կովկասը պատմականորեն վերջին 300 տարիների ընթացքում ունեցել է մեկ խնդիր, իսկ Հայաստանը, լինելով ճանապարհների խաչմերուկում, եղել է դրա թե՛ տուժողը, թե՛ շահողը, եւ, փաստացի, պիտի գար այդ պահը, որ բարձրացվեր միջանցքի խնդիրը, ու դրանից հետո ստորագրվեր խաղաղության համաձայնագիր ասվածը»,- ասում է Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրային կառավարման փորձագետ՝ գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը եւ անդրադառնում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին: 

«Ի՞նչ է միջանցքը կամ ճանապարհը․ այս հարցին եկեք մոտենանք որպես տնտես, նախեւառաջ` ֆինանսական խողովակ է, հնարավորություն՝ կոմունիկացվելու, որը պիտի բերի փողեր, եւ քանի որ այդ փողերը մի քանի երկրների շահերի միջով պետք է անցնեն, պետք է նաեւ բաժանվեն այդ երկրների մեջ: Հատկապես որ խնդիրը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական ազդեցության գոտու մասին է, որովհետեւ այսօր պատերազմներն աշխարհում հենց այդ ճանապարհների ու լոգիստիկ ուղիների համար են: Այս համատեքստում աշխարհի բոլոր գերտերությունների համար շատ կարեւոր է հասկանալ, թե ով է հսկելու Մեղրիին սահմանակից այդ հատվածը, որովհետեւ իրականում այդ շրջանառվող 46 կմ ճանապարհը վաղը դառնալու է ահռելի ազդեցության գոտի եւ սկսելու է լայնանալ, այսինքն՝ ճանապարհ ասվածը շատ ավելի երկար է, եւ այստեղ գլխավոր հարցը՝ ով կհսկի այդ սահմանը: Ավանդաբար, այդ սահմանը հսկում էին ռուսները, ցարական Ռուսաստանը, հետո՝ Սովետական Միությունը եւ հետո՝ արդեն ՌԴ-ն»,- նկատում է զրուցակիցս: 

Վերջին 100 տարվա մեր բոլոր տեսակի խնդիրները, Ա. Գեւորգյանի դիտարկմամբ, պայմանավորված են եղել 2 հանգամանքով` Իրանով եւ այդ ճանապարհով։ «Ավելի ճիշտ՝ այդ ճանապարհի հսկողության հարցով, ու եթե մենք, մեր գործընկերը վերջին 100 տարվա ընթացքում կարողացել ենք այդ սահմանն անխախտ պահել, չթողնել, որ խնդիրներ լինեն, կարողացել ենք ապրել, բարգավաճել, ու հիմա հանկարծ նոր ուժ` իր ազդեցությամբ ներգրավվելը նշանակում է իսկապես դառնալ խաչմերուկ: Բայց ես այդ խաչմերուկի անունը երբեք խաղաղության խաչմերուկ չեմ դնի, որովհետեւ դա խաղաղության խաչմերուկ չի կարող լինել, դա հարցականներով ու ամենալուրջ ռիսկերով ձեւավորված խաչմերուկ է, որը ստորագրվել է Վաշինգտոնում՝ որպես Թրամփի ուղի»,- ասում է Գեւորգյանն ու ընդգծում, որ այդ համաձայնագրում այս պահին եւ մոտակա ամիսներին շատ բան դեռ անհայտ է մնալու, ավելին` պարզություն մտցնելու կարիք կա, թե որ երկիրն ինչ շահ ունի:

Այդ խաղաղության համաձայնագիրը, ինչպես նկատում է զրուցակիցս, իրավական փաստաթուղթ չէ։ «Ուստի ենթադրում է իրավական ակտեր, գործադիր ակտերի շղթա, որոնք ամբողջացնելու են այդ փաստաթուղթը: Սա ֆիկցիա էր, մենք այսօր քննարկում ենք խաղաղության համաձայնագիր ասվածը կամ դրա նախաստորագրումը, բայց շատ խորանալու դեպքում կհասկանանք, որ այս պարագայում Թրամփի ուղին է կարեւոր, իսկ այդ շրջանակային փաստաթուղթը հեչ կարեւոր չէ ու կարեւոր չէ Ադրբեջանի համար, որն ունի իր պայմանները, եւ նույնիսկ` Հայաստանի համար: Քանի որ, ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց այստեղ էլ շատերը լավ գիտակցում են, եւ իշխանությունն էլ գիտի, որ անվտանգությունը սրանով չի երաշխավորվում: Չի կարող սրանից հետո լինել ավելի խաղաղ, ոչինչ չի կարող ստեղծել այն պատրանքը, թե մեր երեխաները չեն գնա, կոմունիզմ կգա եւ այլն: Ինչու, որովհետեւ այդ ստորագրված համաձայնագրում կա մի քանի շատ լուրջ վտանգ, որոնցից մեկի մասին առնվազն ոչ մեկը չի խոսում»,-ասում է Ա. Գեւորգյանն ու նշում, որ խոսքը ռասայական խտրականության, ազգային պատկանելության հետ կապված հանդուրժողականության մասին է. 

«Ինքն այդ կետում չի ասում, որ երբ մեզ՝ ադրբեջանցիներիս տեսնեք, ազգային խտրականություն չդրսեւորեք, բայց ակնհայտ է, որ խոսքն այն 300 հազար հոգու մասին է, որ հետագայում գալու են այդտեղ ապրելու, եւ հիմա նախապատրաստվում է իրավական դրույթով մի փաստաթուղթ, որը վաղը, մյուս օրը պատասխանող կողմ է սարքելու Հայաստանի իշխանությանը: Այո, շփման դեպքում կլինեն ամենատարբեր դրսեւորումներ, բայց կատեգորիզմը լինելու է, իհարկե՝ կարող են նաեւ բեմադրել կոնֆլիկտների հաղթահարման լայնաշունչ մի ծրագիր, օրինակ` ադրբեջանցի մայրը, որ զավակ է կորցրել, հանդիպի հայ մայրերից մեկի հետ, բայց դա կլինի ընդամենը օդի մեջ կախված մի բան»:

Մի կարեւոր հանգամանք եւս` հայկական, մշակութային ինքնության, ազգային արժեքների հետ կապված որեւիցե դրույթ այդտեղ նշված չէ. «Ես այսօր կարող եմ տանել ու ցույց տալ ադրբեջանցի ներկայացող կովկասցի թաթարների գերեզմանները Հայաստանում, բայց իրենք ոչ միայն չեն կարող դա անել, այլեւ առնվազն 800 հուշարձան ոչնչացվել է Արցախում: Այսինքն, եթե ոչնչացվում են գերեզմանը, եկեղեցին, հերոսի կամ աշխատավորի հուշարձանը, այդ ազգի հետ դու չես կարող բարեկամություն անել: Խաղաղությունը լավ բան է, դրա շուրջ պայմանավորվելն էլ է լավ բան, բայց խաղաղության մասին չեն պայմանավորվում, խաղաղության մասին իրար հետ խոսում են այն ուժերը, որոնք լավ գիտակցում են, որ մեկը մյուսից առավել չէ, բայց Հայաստանի դեպքում, որը պարտված կողմ է ճանաչվում, խաղաղություն ասվածը կլինի մի ժամանակավոր պատկեր, որին շատ արագ հաջորդելու են հաջորդ ապտակն Ադրբեջանի կողմից եւ ճնշումները` իր դաշնակիցների կողմից»: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image