Քաղաքականություն

Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովրդին զոհաբերեցին՝ ՌԴ-ն թուլացնելու համար 

Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովրդին զոհաբերեցին՝ ՌԴ-ն թուլացնելու համար 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ներկայացրած բանաձեւին, որտեղ ռուսական կողմը որպես ագրեսոր չի ներկայացվել: Հետաքրքիր է, որ խորհուրդը մերժել է եվրոպական երկրների ներկայացրած ե՛ւ հակառուսական բնույթի ուղղումները, ե՛ւ ռուսական կողմի առաջարկած ուղղումները: «Այս բանաձեւը մեզ դնում է խաղաղության ուղու վրա։ Սա առաջին կարեւոր քայլն է, որով բոլորս պետք է հպարտանանք։ Այժմ մենք այն պետք է օգտագործենք Ուկրաինայի, Ռուսաստանի եւ միջազգային հանրության խաղաղ ապագան կառուցելու համար»,- քվեարկությունից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Դորոթի Շին։ 

Բանաձեւին կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ ձայներ չեն եղել։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը եւ Սլովենիան ձեռնպահ են մնացել։ Ի դեպ, քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան: 
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սա խոսուն օրինակ է այն մասին, թե ինչպես Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովրդին օգտագործեցին Ռուսաստանը թուլացնելու համար եւ հետո լքեցին: «Դուք տեսաք, թե ինչպես մի ամբողջ ժողովուրդ զոհաբերվեց եւ խաբվեց՝ գնալով Արեւմուտքի երազանքների ճանապարհով: Անգամ առանց Զելենսկու որոշեցին Ուկրաինայի ճակատագիրը, ինչպես Թրամփն ասաց` մենք կորոշենք, հետո նրան կհրավիրենք ստորագրելու»,- ասաց Խաչիկյանը: ՄԱԿ-ի այս բանաձեւը ցանկացած դեպքում միայն խորհրդանշական նշանակություն ունի՝ շեշտում է քաղաքագետն ու հավելում, որ այդ բանաձեւում ԱՄՆ-ն Ռուսաստանին չի դատապարտում որպես ագրեսոր, ցանկացած դեպքում ՄԱԿ-ի որոշումներն ունեն միայն խորհրդանշական բնույթ, որեւէ բան փոխել չեն կարող: «Թրամփի խնդիրն է՝ լուծել Ուկրաինայի ճգնաժամը, դուրս բերել Միացյալ Նահանգներն այդ պատերազմից, այդ ռեսուրսները, որոնք ծախսվում են այնտեղ, նա ուզում է օգտագործել սեփական ժողովրդի վիճակը բարելավելու համար: Նա ասել է, որ 300 միլիարդ են ծախսել, եւ դա հետ պիտի վերադարձնեն, ու դրա դիմաց պահանջում է հազվագյուտ էլեմենտներ, որով Ուկրաինան կարող է փոխհատուցել այդ պարտքը»,- ասաց Խաչիկյանը: 

Թրամփը չի ուզում վատնել Միացյալ Նահանգների ռեսուրսները, սակայն երեք հարյուր միլիարդի դիմաց պահանջել Ուկրաինայից հազվագյուտ հանածոներով փոխհատուցում, շատ ցինիկ է՝ կարծում է Խաչիկյանը․ «Դա շատ ցինիկ է՝ այսպես օգտագործել եւ խաբել մի ամբողջ ժողովուրդ»: 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ կարծում է, որ Թրամփը խիզախ քայլ արեց` դեն նետեց խորքային պետության դիմադրությունը, եվրոպական նեոլիբերալների դիմադրությունը եւ խիզախեց՝ դիալոգ սկսել Մոսկվայի հետ, ու այդ բարենպաստ միջավայրն էլ հիմք ստեղծեց, որպեսզի ՄԱԿ-ն իր առաքելությունը կատարի։ «Այո, Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ բանաձեւում հակառուսական արտահայտություններ չլինեն: Եթե պատրաստում են խաղաղության միջավայր, ո՞նց կարող են հակամարտության կողմերից մեկին կտրուկ գնահատական տալ: Այդ դեպքում խաղաղության միջավայր չի լինի: Նախկինում ՄԱԿ-ն այդպիսի բանաձեւեր ընդունել է, անհաջողության է մատնվել: Երբ ուզում ես հակամարտող կողմերին բերել դիալոգի միջավայր, դու պարտավոր ես ձեռնպահ մնալ գնահատականներից, որոնք կարող են սուբյեկտիվ ընկալման տեղիք տալ եւ խոչընդոտել բանակցային միջավայրին»,- ասաց Սուրենյանցը:

Անդրադառնալով բանաձեւի նշանակությանը՝ նա հիշեցրեց, որ սա ոչ թե պատերազմ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այլ Ուկրաինայի տարածքում պատերազմում էին Ռուսաստանի դեմ․ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս բանաձեւը, ըստ Սուրենյանցի, կնպաստի գլոբալ հակադրության լարվածության թուլացմանը: «Սա ամենակարեւոր բանն է, իսկ Ուկրաինայի խեղճ, տառապած ժողովրդին խաղաղության շանս կտա, եթե իմպլեմենտացիայի ենթարկվի այս բանաձեւը»: Դուք համարում եք, որ Միացյալ Նահանգները զոհաբերո՞ւմ են Ուկրաինային՝ հարցրինք Սուրենյանցին: «Գնահատականի խնդիր է, զոհաբերության խնդիր չկա: Այլ կերպ կմեկնաբանեի` Զելենսկին թող անվերապահ չտրվեր Միացյալ Նահանգների նեոլիբերալ իշխանության՝ Բայդենի վարչակազմի քաջալերանքին: Զելենսկին, կարծում եմ, ունակ մարդ է, եւ նա կարող էր հասկանալ, որ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք կարող են բերել Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության: Զելենսկին այդ հաշվարկը չի արել, սխալ ստրատեգիական հաշվարկի վրա է կառուցել իր քաղաքականությունը, եւ ավելի տեղին է այս գնահատականը: Աշխարհաքաղաքականության մեջ «զոհաբերություն» բառը մի քիչ տեղին չէ օգտագործելը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image