«Հրապարակի» զրուցակիցն Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից, ու դեռ 22 հոգու ճակատագիրն անհայտ է։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպը խլեց 238 արցախցիների կյանքը:
- Սեպտեմբեր ամիսը սեւ էջի պես դրոշմվեց Արցախի ու համահավաք հայության հիշողության մեջ: Սեպտեմբերի 20, 25, 27․ 44-օրյա պատերազմից մինչեւ Արցախի բռնի հայաթափում: Ծանր է բոլորիս, բայց հատկապես՝ ձեզ համար...
- Ցավոք սրտի, սեպտեմբերը պատահական չէր ընտրված՝ աղետները մեր գլխին բերելու համար, որովհետեւ սեպտեմբերը մեր՝ բոլորիս հիշողություններում որպես հպարտության ամիս է միշտ դրոշմված եղել: Որովհետեւ սեպտեմբեր ամսին մենք ձեռք ենք բերել, հաստատել Հայաստանի եւ Արցախի անկախությունը: Եվ պատահական չէր, որ սեպտեմբերը մեզ համար պետք է դառնար ծանրագույն ամիսը, որպեսզի, գլուխներս կախ, ոչ թե կարողանայինք տոնել, այլ այցելեինք մեր նահատակ քաջորդիների շիրիմներին:
- Սեպտեմբերի 25-ին Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր. մի խումբ քաղաքացիներ՝ նաեւ պայթյունի հետեւանքով անհետ կորածների ծնողները, պահանջում էին Ադրբեջանից վերադարձնել նրանց զավակներին եւ Բաքվում պահվող հայ գերիներին: Պնդում էին, հարցը պետք է բարձրացվեր ՄԱԿ-ի նստաշրջանում: Դուք այս հարցում՝ որեւէ դրական սպասում ունե՞ք:
- Գիտեք, երբեւէ չեմ փորձել քննադատել որեւէ ակցիա, որը հատկապես տեղի է ունենում զոհվածների, անհետ կորածների, պատանդվածների եւ գերիների ծնողների կողմից, եւ հիմա էլ չեմ պատրաստվում քննադատական խոսք հնչեցնել: Բայց դառը փորձը ցույց է տվել նաեւ իրողությունը, որի մեջ մենք կանք. դա փաստում է մի բան, որ այդպիսի ակցիաները կամ տարբեր գործիչների՝ տարբեր հարթակներում ունեցած ելույթներն ու պահանջներն ամենաշատը, որ որպես արդյունք կարող ենք արձանագրել, այդ հարցը տաք պահելն է, նաեւ՝ աղմուկը եւ արդյունքը կառույցների կողմից որեւէ կոչ հնչեցնելն է, որին Ադրբեջանը, սովորաբար, ցինիկ պատասխան է տալիս՝ հայտարարելով, որ դրանք իր ներքին խնդիրներն են, որոնց որեւէ կառույց կամ միջազգային հանրություն ընդհանրապես իրավունք չունի խառնվելու: Վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է, որովհետեւ միջազգային կառույցները, թե՛ ցանկացած հարթակ, այո, իրենք պատրաստ են ցանկացած հայանպաստ քննարկման, եթե դա առաջադրվում կամ առաջարկվում է ՀՀ իշխանությունների կողմից:
Ցավոք, մենք արձանագրում ենք, գոնե չորս տարի շարունակ, որ նման խոսույթ հայաստանյան իշխանությունների մոտ չկա, եւ իրենք ամեն կերպ ցույց են տալիս, որ որեւէ նպատակ չունեն՝ միջազգային որեւէ հարթակում նման հարցեր բարձրացնելու կամ պահանջելու որեւէ կառույցից՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Հետեւաբար, անհնար է որեւէ հաջողության հասնել: Սրանք փոքրիկ հաղթանակներ են, որոնք կարելի է գրանցել, կարելի է ընդունել, սակայն որեւէ արդյունք նման միջոցառումները, ցավոք սրտի, տալ չեն կարող, որովհետեւ ՀՀ իշխանությունները թշնամական կողմի հետ անում են ադրբեջանական շահը սպասարկող քայլեր:
- Առհասարակ, վերջին շրջանում բազմաթիվ կոչեր են հնչում, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանից, որ միջազգային հանրությունը պետք է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների, հայ գերիների ազատ արձակման հարցով ճնշում գործադրի Բաքվի վրա՝ օգտագործելով նաեւ «COP-29»-ի անցկացման պատեհությունը: Ի՞նչ ակնկալիք ունեք, համաներման հրաշքի սպասե՞լ:
- Ցանկացած երկրի կողմից, ցանկացած կառույցի կողմից որեւէ հայանպաստ քայլ սպասելը միամտություն է այս իրողության պարագայում, երբ հայաստանյան իշխանությունները միտված չեն դա անել, որովհետեւ եթե իրականում լիներ բանակցային գործընթաց, որտեղ ներառված էին ՀՀ իշխանությունները, իսկ վերջին ժամանակներում ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը նույնիսկ Հայաստանի շուրջ տեղի ունեցող քննարկումներում որպես սուբյեկտ, որպես բանակցային կողմ ներկայացված չէ, փաստ՝ վերջին օրերին ադրբեջանական կողմի ակտիվ հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների հետ: Եթե ՀՀ իշխանություններն իրենց օրակարգում նման միջազգային հումանիտար հարց չեն դրել, պետք չէ սպասել եւ միամիտ լինել՝ ակնկալելով որեւէ երկրի կողմից աջակցություն. դա դիվանագիտական աքսիոմա է, նման հրաշք ուղղակի չի կարող լինել: Հատկապես, երբ ադրբեջանական ԶԼՄ-ներն առայսօր ակտիվորեն տարածում են Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերը, երբ ՀՀ վարչապետը խոսում էր Ռուբեն Վարդանյանի մասին, եւ ակնհայտ էր թշնամանքը, ակնհայտ էր, որ Հայաստանի ղեկավարը որեւէ նպատակ չունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հետ կապված: Իսկ, ընդհանուր առմամբ, երբ իրենք խոսում են խաղաղության օրակարգի կամ խաղաղության գնալու մասին, ապա դա հենց միֆ է նրանով, եւ դա փաստում է այն հանգամանքը, որ եթե կարգավորված չեն հումանիտար խնդիրները, իսկ դրանց գլխավոր մաս է կազմում ռազմաքաղաքական վերնախավի, ինչպես նաեւ՝ մեր պատանդների եւ գերիների վերադարձը: Իսկ եթե այդ հարցը ՀՀ իշխանությունները չեն դնում եւ այդ հարցով չեն զբաղվում, ուրեմն նույնիսկ խաղաղության օրակարգի մասին մտածելն անհիմն ու անիմաստ է, եւ դրանք հերթական միֆերն են, որ տարածում են այս իշխանությունները:
- Այնուամենայնիվ, իր երկրին ձեռնտու պայմաններով Հայաստանից խաղաղություն կորզելու, խաղաղության պայմանագիր կնքելու համար Ալիեւը նման քայլի չի՞ գնա: Թե՞ նրա «ոսկե ձկնիկի» դերն ստանձնած Փաշինյանը կհակազդի դրան՝ վախենալով իշխանության տապալումից:
- Ադրբեջանի բռնապետը բնավ խնդիր չունի խաղաղության օրակարգը շահարկելու եւ նպատակ չունի որեւէ փաստաթուղթ ստորագրելու, որը կբերի խաղաղություն: Դա` ակնհայտ: Այդ միֆը տարածում են միայն հայաստանյան իշխանությունները: Ադրբեջանը նպատակը չի էլ թաքցնում, որ ձգձգումն անընդհատ ինչ-որ զիջումների կորզումն է եւ Փաշինյանի համար երկարաժամկետ իշխանության ապահովումը, որովհետեւ դա այն «կերակուրն» է, որ այսօրվա իշխանությունները հրամցնում են ժողովրդին, որ ժամանակի ընթացքում անընդհատ խաղաղության շուրջ բանակցելով՝ ի վերջո, մենք բերելու ենք հաստատուն եւ երկարատեւ խաղաղություն: Բնականաբար, այս թեզը երբեք չի աշխատելու հօգուտ հայության՝ որեւէ առումով:
- ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի՝ ՀՀ Անկախության տոնի ուղերձում: Արդյո՞ք նախընտրական սին խոսքեր չեն դրանք:
- Նույն Քամալա Հարիսի, միջազգային այլ դերակատարների կողմից մենք որեւէ սաստող քայլ չտեսանք սեպտեմբերի 19-ին, 20-ին, այդ ցեղասպանության ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ բռնի տեղահանման ժամանակ: Որովհետեւ եթե դրանք միտված լինեին որեւէ դրական հետեւանք ունենալուն, ապա պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին: Հետեւաբար, Հարիսի ասածը եւս որեւէ արդյունք չի ունենալու, եւ ակնհայտ է, որ, այո, նախընտրական քարոզարշավի համար է արվում, քանզի ԱՄՆ-ում հայերի ձայնը մեծ դերակատարում ունի: Սրանք հերթական նախընտրական մանիպուլյացիաներն են, որպեսզի իրենց կողմը գրավեն ամերիկահայ համայնքի ընտրողներին:
- Մինչ հայ ժողովրդի բարեկամ մյուս երկրներում, կառույցներում ժամանակ առ ժամանակ բարձրացնում են արցախահայության վերադարձի իրավունքի հարցը, Փաշինյանը ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից ոչ մի խոսք չասաց այդ եւ մեկ տարի առաջ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Արցախի բռնի հայաթափման մասին: Փոխարենը հրճվանքով ընդունեց Էրդողանի հեղինակային գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»:
- Հրապարակված նկարը տեսնելիս միայն մի բան մտքովս անցավ. եթե Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի նկարը ձեռքին հայրենասեր մեկը լուսանկարված լիներ կամ նույն հերոսներից մեկի ինչ-որ գրքով, ապա այս իշխանությունները դա դիտարկելու էին որպես ինչ-որ քայլ` ընդդեմ հայության: Սակայն այսօր Էրդողանի նկարով սա հերթական ցուցադրությունն էր, թե ինչպես են այս իշխանությունները գլուխները կախ կատարելու՝ եթե առաջ ոչ այնքան ակնհայտորեն, ապա այժմ առավել ակնհայտ՝ Թուրքիայի հրամանները: Եվ եթե Նիկոլ Փաշինյան-Էրդողան զույգի համար «առավել արդար աշխարհն» այս է, երբ 120 հազար հայ՝ հայ ժողովրդի մի մասնիկը, այսօր ցեղասպանվելով, մազապուրծ, հայրենիքի մի հատվածից տեղափոխվել է մյուս հատվածը, ապա ակնհայտ է, որ պետք չէ սպասել Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային որեւէ հարթակում պահանջատիրություն, 120 հազար հայերի իրավունքների պաշտպանություն: Սա ակնհայտ ցուցադրություն է, որ իրենց քաղաքական գիծն այսուհետ մեկ ուղղությամբ է, իսկ մենք շատ լավ գիտենք, թե դարեր շարունակ Թուրքիան ինչ նպատակներ ու երազանքներ է ունեցել: Կարծում եմ՝ իրենք շատ լավ գիտեն, որ առավել պատեհ առիթ երբեք չեն ունենալու, քան ՀՀ այս իշխանությունների օրոք. վերջնականապես փակել Արցախի հարցը եւ մասնատել, կեղեքել, ինչու չէ՝ նաեւ ոչնչացնել, գոնե թուլացնել Հայաստանի Հանրապետությունը:
- Մի քանի օրից սեպտեմբերի 27-ն է. Արցախի ու հայ ժողովրդի համար չարաբաստիկ օրերից մեկը՝ 44-օրյա ողբերգական պատերազմի 4-րդ տարելիցը: Ամփոփելով Արցախի ճակատագրի շուրջ բոլորիս մտորումները, մտավախություններն ու նպատակները՝ ի՞նչ կոնկրետ քայլեր եք տեսնում եւ կարեւոր համարում՝ մեր կորսված սուրբ եզերքի վերադարձի համար:
- Ընդհանրապես, շատ ծանր է ու դժվար սեպտեմբերի 27-ից խոսելը, ու այն մեր մտքում դեռ շատ երկար է մնալու: Մենք դա ապրելու ենք շատ երկար եւ, ցավոք, այդ ապրումները փոխանցելու ենք մեր սերունդներին, որովհետեւ անհնար է ընդունելը, որ մի ամբողջ սերունդ, աշակերտական սեղաններից ծառայության մեկնելով, իր կյանքը գիտակցաբար տվեց հայրենիքին, այն հայրենիքին, որն այս իշխանությունները շարունակում է հանձնել:
Մենք մի պարտավորություն ունենք հիմա եւ մի պատգամ, որը ստացել ենք եւ շարունակում ենք ստանալ հենց մեր հերոս նահատակներից. պետք է թույլ չտանք, որ հաջողության հասնեն այնպիսի մարդիկ, որոնք իրենց անժամանակ, ողբերգական զոհվելու պատճառն են, պետք է շարունակենք իրենց գործը, միանշանակ վերադառնանք մեր հայրենիք: Արցախում շատ-շատ մայրեր են թողել իրենց զինվոր նահատակված որդիների շիրիմները: Կան մայրեր, որ իրենց որդիներին ի պահ են տվել իրենց հայրենիքը ու խոստացել, որ անպայման վերադառնալու են: Եվ սա պաթոս չէ, խոսքեր չեն, որովհետեւ մենք, այո, տեսնում ենք հստակ ճանապարհը՝ Արցախ վերադառնալու, եւ մեր գերնպատակը դա է: Մենք գիտենք նաեւ այնտեղ տանող ճանապարհները: Մեր նպատակն է՝ ունենալով ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանի միջով անցնել ու հասնել Արցախ: Եվ եթե մեր նպատակներին հասնելու միջոցներից մեկն այս իշխանությունների հեռացումն է, ապա նրանք հեռանալու են: Ունենալով ազգային իշխանություններ՝ կարողանալու ենք ուժեղ Հայաստան ունենալ եւ ուժեղ Հայաստանի միջով Արցախ վերադառնալ: