Համացանցից տեղեկանում ենք, որ ուժային կառույցներում ղեկավար պաշտոնների նշանակված, օրինակ, Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ալեն Կարապետյանը, հավանում է «Ամեն օր Հիսուսի հետ» կրոնական կազմակերպության էջը, իսկ այն քարոզում է «Ամենազոր Աստծո եկեղեցի» աղանդ, որը համարվում է տոտալիտար աղանդ։ Այն ստեղծվել է 1991 թվականին՝ Չինաստանում և ունի նաև «Արևելյան որոտ» անվանումը։ Այս աղանդում համարում են, որ ներկայումս Հիսուս Քրիստոսը վերադարձել է երկիր՝ որպես մարմնավորված ամենազոր Աստված։ Բայց ոչ թե տղամարդու, այլ չինուհու կերպարով։ Այս աղանդը մեղադրվել է բազում հանցագործությունների, այդ թվում ՝ չինական Չժու Սյուան քաղաքում ծիսական սպանություն իրականացնելու մեջ։
Ալեն Կարապետյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն զարմացավ՝ ի՞նչ եմ արել։ Իմանալով որ տոտալիտար աղանդի էջ է «լայքել» ասաց՝ ե՞ս, ապա ավելացրեց․ «Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ լայքում․ կարողա՞ միամիտ կպած լինի, ես ոնց կարա՞մ նայեմ դա»։
Ասացինք՝ նայեք Ձեր էջին, Ալեն Կարապետյանը նորից զարմանալով՝ («տենց բան ո՞նց կարա լինի» ) ավելացրեց․ «Ես մի հատ կնայեմ, կարող ա միամիտ թերթելուց է կպել, նման բան հնարավոր չէ, ո՛չ իմ մասնագիտությունն է դա թույլ տալիս, ո՛չ էլ, ես չկամ տենց հարցերի մեջ»։
Ի դեպ, Ալեն Կարապետյանը «լայքել է» նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջը։



